Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացի հզոր զինվորական լինելուց, Լեւոն Ավետիսյանը նաեւ հզոր անհատականություն էր». գնդերեց

Նոյեմբեր 14,2020 21:03

30-ամյա մայոր, հետախույզ Լեւոն Ավետիսյանը Արցախյան երկրորդ ազատամարտի հերոսներից է, որն արդեն երկնային կյանքով է ապրում: Լեւոնն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, եւ ավարտելուց անմիջապես հետո ծառայության անցել Արցախում: Այս տարվա սեպտեմբերի 26-ին ամուսնացել էր՝ մեկ ամսով արձակուրդ էր եկել, սակայն հոկտեմբերի 1-ից մեղրամիսն ընդհատել ու կռվի դաշտ էր մեկնել: Ցավոք, հոկտեմբերի 13-ին քաջ հայորդին զոհվել էր ԱԹՍ հարվածից. մեքենան, որի մեջ 7 հոգի էին, ադրբեջանցիները պայթեցրել էին:

«Լեւոնը սեպտեմբերի 26-ին պսակադրվեց, ինքը հինգ տարի սպասել էր այդ օրվան, որ տեղափոխվի Հայաստան ու ամուսնանա, բայց ընդամենը 5 օր ամուսնացած մնաց…»,- Լեւոնի քույրը՝ Նելլի Մուրադյանն է Aravot.am-ին պատմում:

Լեւոնին բնորոշում է կենսուրախ, դրական անձնավորություն, ասում է՝ երբեք իրեն տխուր տեսած չկան. «Հայրենասիրության մասին էլ չնշեմ, եթե 5 օրվա ամուսնացածը գնում է հայրենիքը պաշտպանելու, ուրեմն ամեն ինչն պարզ է»:

Լեւոն Ավետիսյանը պաշտպանել է Արցախի դարպասները, ծառայել է՝ ստրատեգիական կարեւորագույն նշանակություն ունեցող հարավային հատվածում, ինչպես Ապրիլյան, այնպես էլ այս պատերազմի ժամանակ՝ երազելով էր խաղաղության մասին: Լեւոն Ավետիսյանը նաեւ Ապրիլյան քառօրյայից հետո պարգեւատրվել էր Արիության մեդալով:

Բոլորի հիշողության մեջ հերոսը մնացել է որպես ընկերական շրջապատի, հարազատների ուրախություն, միայն դրական լիցքեր փոխանցող ու բոլորին ոգեւորող մարդ: Զոհվելուց երկու օր առաջ զանգել էր քրոջը ու վստահեցրել, որ հանկարծ չվախենա, քանի որ հաղթանակը մերն է լինելու, կատակել էր՝ կգաս, մի վաշտ կտամ, կղեկավարես:

Զորամասի գնդերեց Լորիս սարկավագ Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ինչպես Ապրիլյանի ժամանակ, այնպես էլ այս պատերազմում թշնամին իր քայլերը սկսել է հարավից: Նրա խոսքով, վերլուծություններն ապացուցում են, որ Արցախի հարավային սահմանը թշնամին դիտարկել է որպես Արցախի դարպաս, որը պաշտպմանն էլ վստահված էր Լեւոն Ավետիսյանին: Նա բախտորոշ այդ ժամանակաշրջանում զբաղեցրել է Արցախի հարավային դարպասի կարեւորագույն ծառայության ղեկավարի պաշտոնը:

«Ցավոք սրտի, հակառակորդին այս անգամ հաջողվեց բացել Արցախի դարպասը եւ այդտեղից երկու ճյուղով շարունակել իր առաջխաղացումը, ու հենց այս ընթացքում Լեւոնը վերադարձավ մոտավորապես այն վայրը, որտեղ ժամանակին իրականացրել էր պաշտպանությունը՝ լրջագույնս կասեցնելով հակառակորդի առաջխաղացման կայծակնային զարգացումը: Պատերազմից ամիսներ առաջ Լեւոնը տեղափոխվել էր ՀՀ զինված ուժեր՝ իր ծառայությունը շարունակելու համար, սակայն պատերազմի առաջին շրջանում՝ որպես Արցախի Հանրապետության վերը նշված դարպասին քաջածանոթ սպա՝ վերադարձել էր մոտվորապես նույն տեղում իր կարեւոր առաքելությունն իրականացնելու»,-ասում է հոգեւորականը:

Զորամասի գնդերեցը հիշում է, որ ամեն անգամ կարեւորագույն գործողություն իրականացնելուց հետո Լեւոն Ավետիսյանն իրեն էր դիմում միասին աղոթելու համար, ինչը պատահական չէ, քանի որ նրա ծնողներն ու պապերը Էջմիածնից են եւ հրաշալի են ընկալում եկեղեցու խորհուրդը, քրիստոնեության դերակատարությունը՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

«Բացի հզոր զինվորական լինելուց, Լեւոն Ավետիսյանը նաեւ հզոր անհատականություն էր: Իր հատկանիշների դրական տարբեր դրսեւորումներին ականատես ենք եղել երկու տարի նույն զորամասում ծառայության ընթացքում: Նա զինվորների հանդեպ խիստ սպա էր, բայց զրույցների ժամանակ ասում էր, որ երբ խստության մեջ լինում է սեր, այդ խստությունն ընդունելի է եւ կարեւոր հայոց բանակի կյանքում»,-հավելում է Լորիս Սարկավագը:

Հոգեւորականը նաեւ պատմեց, թե ինչպես են միասին ուխտի գնացել Հադրութի շրջանի Դիզափայտ լեռան գագաթին գտնվող սուրբ Կատարո վանք, որը Արցախի Հանրապետության ազատագրված տարածքի ամեմաբարձր կետերից էր, ու այդ ուխտագնացությունը յուրահատուկ խորհուրդ ուներ. «Նա միշտ մնաց բարձունքում՝ հենց Հադրութի մատույցներում հերոսությամբ պսակելով իր երկրային կյանքի առաքելությունը: Լեւոնը շատ արագ է ընտելացել Հադրութ աշխարհին, Հադրութին տվել է իր տարիները, սերը, նվիրումը, աղոթքը…

Հադրութը, որ պատմական Հայաստանի սրբասուրբ հողակտոր է, վստահ եմ՝ մոտ ապագայում վերադառնալու է իրական տերերին՝ հայերին…Հադրութի պատմության մեջ ոսկե տառերով է գրված Լեւոն Ավետիսյան անունը, ինչպես նրա կյանքի պատմության մեջ ոսկե տառերով գրվեց Հադրութ աշխարհ անունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Նելլի Մուրադյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30