«Պատերազմում հաղթել է Պրուսիայի ուսուցիչը»՝ այդպես է Օտտո ֆոն Բիսմարկը բնութագրել 1870-71 թվականների Ֆրանսիայի հետ պատերազմի արդյունքները՝ պատերազմ, որում Պրուսիան համոզիչ հաղթանակ տարավ եւ որի արդյունքում, ըստ էության, ստեղծվեց միասնական գերմանական պետությունը:
Ի՞նչ նկատի ուներ Գերմանիայի կանցլերը: Նախեւառաջ, կարծում եմ, այն, որ իր երկիրը հոգեբանական առումով պատրաստ էր պատերազմին: Իսկ այդ հոգեբանական պատրաստվածության մեջ է մտնում, անշուշտ, կրթությունը, դաստիարակությունը:
Այսօր համացանցի հայկական տարածքում տիրում է տգիտությունն ու ճաշակի, դաստիարակություն իսպառ բացակայությունը: Գուցե հարցնեք, ի՞նչ կապ ունի դա պատերազմի հետ: Պատկերացրեք, որ 1870 թվականին Գերմանիայի հասարակության մեծ մասն ամբողջ օրը վեր ընկած լիներ այդ երկրի քաղաքների շուկաներում եւ բերանը բաց լսեր պոպուլիստներին եւ դեմագոգներին: Կասկածում եմ, որ պատերազմը նույն արդյունքը կունենար:
Ֆեյսբուքը նույն բազարն է, որտեղ գերիշխում են անգրագետ, պոռոտախոս, դեմագոգ հռետորները եւ արժանանում են զանգվածի ծափահարությունների: Փաստարկները կարեւոր չեն. կարեւորը բարձրաձայն գոռալն է եւ ձայնին համոզիչ ելեւէջներ տալը: Երբեմն, բազարային հռետորները գալիս են իշխանության, եւ դրա հետեւանքներն աշխարհի տարբեր երկրներում միշտ աղետալի են լինում:
Կարդացեք նաև
Ինչ կարելի է դրան հակադրել: Կարծում եմ՝ մտավորական վերնախավի փափուկ, բայց հաստատակամ դիմադրությունը: «Ափռ-ցփռ» խոսելուն պետք է հակադրել կիրթ խոսքը, մթին բնազդներին՝ լուսավորչությունը, առասպելներին, սնահավատություններին՝ գիտելիքը, անմիտ կրքերին՝ մտածված գործողությունները: Ամենասարսափելի վիճակը հասարակության մեջ ստեղծվում է այն դեպքում, երբ ինտելեկտուալները, այսպես ասած, «մտնում են հոսանքի մեջ», փորձում են հաճոյանալ ամբոխին, վախենում են «զոմբիական» գրոհներից: Ով որ այդպես է վարվել, նա, անշուշտ, պատասխանատու է այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակի համար:
…Եթե ես հոդվածներ ու գրքեր չգրեմ, հարցազրույցներ չվարեմ, եթե ես լսարան ու դասարան չմտնեմ (այժմ, ցավոք, վիրտուալ), ապա այդ համեստ առաքելությունը իմ փոխարեն ոչ ոք չի կատարի: Ավելին՝ ես պետք է այդ ամենն անեմ անկեղծ նվիրումով, ամեն օր կատարելագործվելով: Իմ եւ իմ նմանների՝ այդ դաշտում մեկօրյա բացակայությունը ճանապարհ է բացում տգիտության, անդաստիարակության եւ դրանցից բխող արատների համար:
Այնպես որ, ամեն մեկը կարեւոր է իր տեղում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
… Եվ որպես տգիտության գագաթնակետ՝ անցյալ տարվա օգոստոսին Ստեփանակերտում ասված խոսքերը.
«իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլևս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետև հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է։»
Աստված քեզ դատավոր, խղճուկ ու տգետ մարդ:
Խնդրում եմ գրեք աղբյուրը ։ Ով է այդպես խոսել և նաև ու՞մն են ուղղված այդ վերջին խոսքերը ։
https://mediamax.am/am/news/society/34445/
Շնորհակալ եմ, ենթադրությունս հաստատվեց; Կարդացի ։(((
Իմ եւ իմ նմանների՝ այդ դաշտում մեկօրյա բացակայությունը ճանապարհ է բացում տգիտության, անդաստիարակության եւ դրանցից բխող արատների համար:
ՎԱՐԺԱՊԵՏ
Ցանկացած կենդանի համակարգ, այդ թվում նաեւ ազգն իր պետության հետ միասին ունի իր դիմադրողականություն իմունիտետը՝ իր ազգային անվտանգությունը, եթե այդ ծառայությունը արդյունավետ չի աշխատում, ապա հատկապես այսօրվա ժամանակակից հիբրիդային առճակատումների ժամանակ ամեն տեսակ մանրէներ են ներթափանցում ազգի մեջ ու թուլացնում ու հիվանդացնում ազգին: Քանի դեռ մենք վստահելի ու արդյունավետ անվտանգության ծառայություն չունենք, մնացած բաներն անիմաստ են: Սովետը քանդվեց, որովհետեւ պարտվեց նրա անվտանգության ծառայությունը, պետք է անվտանգության համակարգը դուրս բերել Կառավարության ենթակայությունից, Կառավարությունը թող միայն մարտավարական խնդիրներով զբաղվի, իսկ ռազմավարական խնդիրները վստահել միայն Նախագահին, որին պետք է ընտրեն հենց իրենք՝ ԱԱԾի ղեկավարությունը եւ ոչ թե ժողովուրդը: