Վաղը ԱԺ արտահերթ նիստ է գումարվում, որի օրակարգում է լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին»:

Գորգիսյանը նշեց. «Նոյեմբերի 9-ին Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի ու ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները եղան,որ այլեւս անվտանգությունը կարելի է համարել ապահովված, հետեւաբար այն բոլոր հիմքերը, որոնք բերվել էին ռազմական դրություն հաստատելիս, այն է՝ ռազմական սպառնալիք կա ու զորահավաքի կարիք, վերացվել են»:
Հիմա, ըստ պատգամավորի, ոչ սպառնալիք կա, ոչ էլ զորահավաք: Բայց սահմանափակումները՝ խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժը, հավաքների ազատությունը, շարունակում են գործել: Երկքաղաքացիները չեն կարողանում երկրից դուրս գալ, սահմանափակումները նաեւ խանգարում են մեղմել ճգնաժամը, որն այսօր կա:
Կարդացեք նաև

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԳՇ պետի հետ իրենց հանդիպման մասին տեղյակ է, գիտի նաեւ, թե ինչ է ասել նա, բայց կյանքը իր ուղղումներն է մտցնում. «Ռազմական դրությունը հանաք բան չի: Այսօրվա թե՛ Արցախի հանրապետությունում, թե՛ Հայաստանի խնդիրների լուծումը էապես կախված են թե՛ ռազմական գերատեսչության՝ ԳՇ-ի, թե՛ այսօրվա գնահատականի հետ: Մենք այսօր պետք է կայացնենք որոշում: Եթե նրանց գնահատականը չունենք…7 օր առաջ ԳՇ պետն ասել է հնարավոր է, դա այսօր չի նշանակում, որ պահն է, այսօրվա գնահատականն ունե՞ք»:
Գորգիսյանն ասաց, որ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններն ունեն, որ անվտանգության խնդիրները արդենիսկ լուծված են. «Լավրովի եւ Պուտինի հայտարարություններից հետո կարիք չի եղել»: Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք քարտեզը բնականաբար շատ լավ կարողանում եք կարդալ, տիրապետում եք, տեսնում եք, որ մեր տարածքների պահպանության ենթակա տարածքները անգամներ մեծացել են եւ երկարությունը սպասարկելու համար հատկապես ԶՈՒ կարողությունները պետք է վերահաշվարկ անենք: Ռազմական դրության ռեժիմն է թույլ տալիս դա: Պետք է բոլոր հանգամանքները հաշվի առնենք, ոչ թե՝ ՌԴ նախագահը սա ասեց, ասվեց, որ օդը փակ է եւ այլն»:
Կառավարությունն իրավասու է նախագծի վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնել, սակայն չի արել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































