«Ընդհանուր դրույթներ ենք քննարկել, մյուս ուժերի հետ էլ ենք հանդիպում-քննարկում, ընդհանուր հայտարար լինի`կխոսենք: Առանձին դիրքորոշում այս հարցի վերաբերյալ չունենք: Բայց պիտի ամեն ինչ անենք, որ Արցախում հնարավորինս շատ մարդ ապրի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԱՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը:
Հարցը վերաբերում էր պատերազմից հետո Արցախի մնացած հատվածում ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելուն, ինչի մասին խոսել էր Արայիկ Հարությունյանը:

Ըստ լուրերի, Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում փորձում է վերադարձնել գեներալ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում`ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանին: Իշխանական շրջանակներում քննարկում են, թե ի՞նչ լուծումներ կարող են գտնել ԱԺ նախագահի պաշտոնը Դավիթ Իշխանյանին փոխանցելու համար, քանի որ վերջինս նույնիսկ պատգամավոր չէ, որ նախկինի փորձով, խորհրդարանական մեծամասնությունը այլ, ոչ իր կուսակցությունից թեկնածություն առաջադրի:
Կարդացեք նաև
Տեղում լուրեր են շրջում, որ Արայիկ Հարությունյանը շատ դժգոհ եւ մտահոգ է ԱԺ գործող նախագահ, իր կուսակից Արթուր Թովմասյանի`պատերազմի օրերին դրսեւորած վարքագծի առնչությամբ: Այս լուրերը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել թե Վիտալի Բալասանյանի, թե Դավիթ Իշխանյանի եւ Արթուր Թովմասյանի հետ. վերջիններս մեր զանգերին կամ չարձագանքեցին, կամ անհասանելի էին: Նրանց կուսակից ընկերների հետ կապ հաստատել եւ ազգային համաձայնության իշխանության մասին քննարկումների հետ կապված դիրքորոշումներ ճշտել նույնպես չհաջողվեց:
Ինչ վերաբերվում է Հայկ Խանումյանին եւ նրա ղեկավարած կուսակցությանը, ապա պատերազմական օրերին ակնհայտ է դարձել այդ թիմի սկզբունքայնությունը եւ հերոսական կեցվածքը:

Ինչեւէ, որ Արցախում լուրջ փոփոխություններ են պետք, մեր տեղեկություններով, բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակներն են համոզված, քանի որ պատերազմը շատերի «դեմքը ցույց տվեց»: Այդ փոփոխությունները, սակայն, առայժմ ոչ բոլորն են տեսնում արտահերթ ընտրությունների միջոցով, քանի որ հետպատերազմական Արցախում բազմաթիվ, առավելապես սոցիալական խնդիրներ կան կուտակված եւ անցումային որոշակի շրջան է պետք`իրավիճակն անկառավարելիությունից դուրս բերելու համար: Ըստ որոշ գնահատականների, արտահերթ ընտրություններ հնարավոր եւ կարելի կլինի անցկացնել մեկ տարի հետո:
Ի դեպ, Արցախում, մեր տեղեկություններով, բավական բացասական են վերաբերվում այն պետական պաշտոնյաներին, ովքեր պատերազմի ժամանակ լքել էին Արցախը: Որ նրանք պաշտոնները պետք է լքեն`այլ կարծիք չկա, բայց շատերի գնահատմամբ, նրանք նաեւ Արցախը պետք է լքեն, քանի որ «մեկ անգամ դավաճանածն էլի կդավաճանի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































