Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանի դերակատարության վերաբերյալ հարցերն ուղղեք Ջալալ Հարությունյանին եւ Միքայել Արզումանյանին»

Նոյեմբեր 20,2020 15:00

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած հայտարարությունից հետո, Արցախի ԱԱԽ նախագահ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ինքը որեւէ պայմանավորվածության մասին տեղյակ չի եղել: Ապա, իմանալով, անհամաձայնություն է հայտնել եւ շտապել է Երեւան «իշխանություններին օրհասական դավաճանությունից ետ պահելու համար, սակայն չի հաջողել»:

Օրեր առաջ, սակայն, համացանցում հայտնվեց ԱՀ անվտանգության խորհրդի նիստում Արցախում պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակի եւ հնարավոր ելքի մասին նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի ելույթի ձայնագրությունը: Ձայնագրությունում, Սամվել Բաբայանը, մասնավորաբար, ասում է. «Պետք ա խնդիրը հաշվարկենք` ենթադրենք քսան-երեսուն սմերչ ես գցում, կռիվ ենք տալիս, սաղին կոտորում ենք Շուշին վերցնում ենք, բա հետո, հետո զորքը ի վիճակի չի պատերազմ մղելու: Խնդիրը հետեւյալն ա` պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը տաս օր ժամանակ է ուզում «բեզագավոռոչնի կապիտուլյացիայի» համար: Ստեղ մենակ ժողովրդի խնդիրը չի` լավ Ստեփանակերտի բնակչությանը տարհանեցինք, բա ամբողջ ճակատով զորք է կանգնած, կարողանում ենք էդ զորքը ապահով դուրս բերել, թե թողնում ենք կոտորվի: Եթե Ռուսաստանը գտնում ա, որ Ղարաբաղում մարդ չպետք ա մնա, էդ տաս օրը Ադրբեջանից ենք խնդրում, թե ինքը ռուսն ա խնդրում` դուրս ենք գալիս: Չենք կարող ՆԱՏՕ-ի զորքի հետ, «նայոմնիկների» հետ, «պոլնի վառուժենիայով» կռվենք: Երեկ փորձեմ եմ օպերացիա մշակեմ, ընդամենը չորս հատ գաուբիցա ունենք, եթե արտիլերիան չապահովի, ո՞նց ենք մենք առաջ գնալու: Ես էդ 5+2, 5+1 տենց բաներ չեմ հասկանում, որովհետեւ ոչ մեկ ստեղ էդ պարագայում չի մնալու:

Կարող ա էդ դեպքում ռուսը զենք ուղարկի նայոմնիկներով, ստեղ իրավիճակը փոխվի: Ժողովրդին էլ հանենք, եթե մարդիկ կլինեն, որ ուզենան Ադրբեջանի տարածքում ապրեն, թող ապրեն: Էսօր մենք պետք ա Ռուսաստանի հետ վերջնական խոսենք, որ էս տարածքները հանձնում ենք ու ժողովրդին ու զորքին դուրս ենք բերում, կամ իրենք մեզ օգնում են: Մենք ամբողջ արմիայում ունենք երկու հատ գռադ, մի տասնքանի գաուբիցա, որի վրա հրետանավոր չունենք, դաժե եթե մեզ վաղը հարյուր հատ գռադ տան, մենք մասնագետ չունենք, որ կոմպլեկտովատ անենք, աշխատացնենք: Երեսունքանի օր ա արտիլերիան կռվում ա, բոլորը զոհվել են, հրետանի չունենք, իսկ առանց հրետանի պիխոտը դուխ չի ունենա խնդիր լուծի, չենք կարա պեխոտին հրացանը տանք ձեռքը, ասենք` գնա խնդիր լուծի առանց հրետանու պոդդեռժկի: Ես առաջարկում եմ վերցնել տաս օր հրադադար, բայց հստակ վստահեցնենք, որ մենք դուրս ենք գալիս, ու տեսնենք ռուսները ինչ կանեն, զենք ու նայոմնիկ կուղարկեն, թե չէ: Որովհետեւ Ռուսաստանից երկու հազարից ավելի մարդ ուզում ա գա, ինքը արգելում ա: Այսինքն պետք է հասկանանք Ռուսաստանի տեսակետը եւ մեր քայլերը անենք, իհարկե պաշտպանելով այն ինչ դեռ ունենք, մինչեւ էդ որոշումների պատասխանները ստանանք: Սա է իրավիճակը, սա է իմ տեսակետը: Պետք ա ռուսների հետ խոսենք, տեսնենք, եթե ռուսները ցանկություն ունենան նորմալ զենք տան, նորմալ հնարավորություններ ստեղծեն, մենք ի վիճակի ենք փոխել իրավիճակը, եթե իրենք դա չեն անում, պետք չէ էդ ժողովրդին կոտորել, պետք չի էդ զորքերին թողել դիրքերում, շան փայ դառնան»:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցել է Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության խոսնակ Անուշ Դոլուխանյանի հետ (հիշեցնենք, որ դա Սամվել Բաբայանի կուսակցությունն է-խմբ.):

– Անվտանգության խորհուրդը, ինչպես գիտենք, նախագահին կից խորհրդակցական մարմին է, որտեղ շրջանառվում է պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկատվություն, իսկ անվտանգության խորհրդի անդամներն ու նիստերին հրավիրվածները, պարտավորություն են ստանձնում կատարել պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջները, ըստ որի, պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Արցախի Հանրապետության սեփականությունը եւ պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Հետեւապես՝ պիտի ծագեին հարցեր այն մասին, թե ի՞նչ հիմունքով, ինչպե՞ս, ո՞ւմ միջնորդությամբ, ի՞նչ խնդիր լուծելու համար է խնդիր հրապարակվել պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, այն դեպքում, երբ օրենսդրությունը հստակ սահմանում է գաղտնիքի գաղտնազերծման հիմքերը:

Սամվել Բաբայանի խոսքը ձայնագրվել եւ հանրայնացվել է ԱԽ նիստին ներկաներից (մշտական անդամներ եւ հրավիրվածներ) առնվազին մեկի կողմից: Եթե ուշադրություն դարձնենք, ապա կնկատենք, որ ձայնագրության հրապարկվել է Սամվել Բաբայանի կողմից արված երկու կարեւորագույն հայտարարություններից անմիջապես հետո. հանգամանք, որը յուրովի լույս է սփռում նպատակի վրա: Այսինքն՝ այսպիսիով խնդիր է դրվել պատասխանել Սամվել Բաբայանի այն հայտարարությունը, թե ինքը միայն նախագահի համաձայնությունը տալուց հետո է տեղեկացել տխրահռչակ փաստաթղթի դրույթներին: Իսկ եթե ավելի պարզ, ապա Սամվել Բաբայանին դավաճանական որոշման մեջ ներքաշելու խնդիր պիտի լուծվեր: Ընտրված միջոցը, սակայն, թիրախային նշանակետ չունեցավ եւ իրականում հակառակ էֆֆեկտ տվեց:

Բնավ չհերքելով ձայնագրության մեջ հնչած մտքերն ու առաջարկները՝ նկատենք, որ հրապարակումը ենթարկված է փնթի խմբագրման, մյուս կողմից՝ որոշակիորեն կտրված է կոնտեքստից:

Կարծում եմ՝ հանրությունը պետք է պահանջի նիստի ամբողջական ձայնագրությունը՝ ծանոթանալու ԱԽ անդամների տեսակետին ինչպես Սամվել Բաբայանի առաջարկի, այնպես էլ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ առհասարակ: Որպես հիշեցում, մեջբերեմ երկու պարբերություն պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքից. պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում եւ գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները, պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման մեջ մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են քրեական պատասխանատվություն:

– Արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն էլ օրերս, իր հարցազրույցներից մեկում մեղադրել էր Սամվել Բաբայանին, որ օգնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Լեւոն Մնացականյանին, Արշավիր ղարամյանին, Վիտալի Բալասանյանին եւ Սամվել Կարապետյանին բանակի ղեկավար կազմից մեկուսացնելու գործում:

Կարեն Օհանջանյանի եւ Մովսես Հակոբյանի՝ Սամվել Բաբայանի վերաբերյալ դիտարկումների մասին: Նաեւ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երեկ հայտարարեց, որ հրամանատարական կետում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է եղել Սամվել Բաբայանի հետ նստած եւ մարտական գործողությունների կադրեր է նայել: Ստացվում է՝ Սամվել Բաբայանը համագործակցել է ՀՀ եւ ԱՀ իշխանությունների հետ՝ նպաստելով, որ կապիտուլյացիայի իրավիճա՞կ ստեղծվի:

– Ետպատերազմյան շրջանում ստեղծված տեղեկատվական քաոսը ոչ միայն երկար ժամանակ զգացնել է տալու իրեն, այլեւ առանձին դեպքերում սուր դրսեւորումներ է ունենալու՝ հատկապես Արցախում եւ Հայաստանում քաղաքական տատանումների ֆոնին: Անհարկի կարեւորություն չվերագրելով Կարեն Օհանջանյանի եւ Մովսես Հակոբյանի կողմից արտահայտված մտքերին՝ պիտի խորհուրդ տամ շահագրգիռ շրջանակներին պատերազմի ընթացքում Սամվել Բաբայանի դերակատարության վերաբերյալ հարցեր ուղղել Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացրած անձանց՝ պաշտպանության գործող եւ նախկին նախարարներ Ջալալ Հարությունյանին եւ Միքայել Արզումանյանին:

– Տխրահռչակ հայտարարության ստորագրումից հետո, «Միասնական Հայրենիքը» չեղյալ հայտարարեց «Ազատ հայրենիք-ՔԴՄ»-ի հետ ստորագրած համագործակցության հուշագիրը: Չի՞ ստացվում՝ պատասխանատվությունից խուսափել:

– «Միասնական Հայրենիքը» կուսակցության եւ «Ազատ հայրենիք-ՔԴՄ»-ի կուսակցությունների դաշինքի միջեւ կնքված հուշագրի կարճ կյանքը պայմանավորված էր «Ազատ հայրենիք-ՔԴՄ»-ի կուսակցությունների դաշինքի կողմից հուշագրի սկզբունքների եւ ուղղությունների խախտմամբ: Մասնավորապես՝ դաշինքի ղեկավար, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից գործընկերային պարտավորությունների չկատարումը Արցախի եւ, առհասարակ, հայ ժողովրդի գոյության վերաբերյալ միանձնյա որոշում կայացնելը: Հուշագրի չեղյալ հայտարարելը քաղաքական որոշում է, որի արդյունքում «Միասնական Հայրենիքը» կուսակցությունն այլեւս որեւէ պարտավորությամբ կաշկանդված չի լինի իր գործունեության մեջ: Ճիշտ հակառակը, պատասխանատվության խորը զգացումը հանգեցրեց նման որոշմանը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30