Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել է նկարչուհի, մանրանկարչության մասնագետ Լուսինե Ազատյանի հետ:
Նա ոգեշնչված է հատկապես հայկական միջնադարյան ձեռագրերի զարդարուն տառաձեւերով: Լուսինեն ասում է, որ վաղուց է մասնագիտացած մանրանկարչության ոլորտում, նաեւ դասավանդում է, երեխաներին սովորեցնում է նկարել: Ասում է՝ թեմաները ոգեւորությունից են գալիս, շատ դեպքերում նաեւ տրամադրությունից, իսկ, ընդհանուր առմամբ, իրեն հոգեհարազատ է հայկական մանրանկարչությունը: «Նույն թեմային տարբեր նկարիչներ են անդրադարձել: Պատմական Հայաստանի ամեն նահանգ ունեցել է աշխատանքի ուրույն ոճը, թե գունային առումով, թե կառուցման, թե պատկերի առատության դասավորվածության: Ես ինքս եւ ուսումնասիրում եմ, եւ փորձում եմ իմը անել՝ փորձելով հասկանալ, թե ինչ են ցանկացել անել միջնադարյան նկարիչները»,-ասում է մեր զրուցակիցը, որը տարբեր թեմաներով ՝ այդ թվում՝ հոգեւոր, աշխատանքներ ունի:

Լուսինեն ասում է, որ առայժմ Արցախի գանձերի թեմայով աշխատանքներ չունի, բայց հնարավոր է, որ առաջիկայում ծնվեն նաեւ նման գործեր: «Ուսումնասիրում եմ ճարտարապետական զարդանկարչությունը եւ դա ուզում եմ օգտագործել մանրանկարչական խորանի պատկերի մեջ»,-ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Հարցրինք՝ երբ բարդ հոգեվիճակում է լինում արդյոք դիմո՞ւմ է ստեղծագործելուն, որպեսզի խաղաղվի, մանրանկարչության մասնագետը պատասխանեց, որ նման դեպքերում գերադասում է չստեղծագործել. «Բարդ հոգեվիճակում հաստատ չեմ կարող դրական հույզեր փոխանցել իմ աշխատանքներին, ստեղծագործելիս որքան էլ կրկնօրինակ վերարտադրես, միեւնույն է,նախ քեզ ես պատկերում, դրա համար միշտ խուսափել եմ, փորձել եմ մեկ ուրիշ բանով զբաղվել, կարդալ, երաժշտություն լսել, եթե հոգեվիճակս այն չէ»: Լուսինեն ասում է, որ ստեղծագործելիս սիրում է Կոմիտաս լսել կամ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների գործեր:

Իր սաների մասին խոսելիս՝ Լուսինեն ասում է. «Ստեղծագործելիս գույնը երեխայի միջից դուրս է գալիս, ամենաակտիվ երեխաների միջից դուրս են գալիս ամենաանհավանական գույները, որ խառնելով կարողանում են իրենք ստանալ… Հաճախ հարցնում են ինձ, թե մի գույնի մեջ ինչու է մյուս գույնը մտնում…Գույների մեջ միշտ արտացոլանք կա, օրինակ, երկու հոգի, որ միասին նստում են, իրար հետ զրուցելու շատ բան են ունենում, այդպես էլ գույներն են՝ ունեն իրենց արտացոլանքը: Երեխաները հենց գույների արտացոլանքի մասին են հարցեր տալիս»:
Հաջողության մասին խոսելիս Լուսինե Ազատյանն ասում է, որ հաջողությունը աշխատանքի եւ մարդկային ճիշտ փոխհարաբերությունների արդյունք է, իրեն էլ հաջողակ մարդ է համարում. «Ես ինձ հաջողակ եմ համարում նախ իմ ընտանիքի եւ երեխաների ձեռքբերումներով, հաջողակ եմ համարում, որ կարողացել եմ լավ քաղաքացիներ դաստիարակել, հասարակության համար պիտանի մարդիկ, նաեւ հաջողակ եմ համարում այն, որ իմ դասը սպասում է ինձ»:

Իհարկե, մենք անդառնալի կորուստներ ենք ունեցել, ցավոտ իրողություններ կան, բայց միեւնույն է՝ այսօր արթնացար, կյանքը շարունակվում է…Պետք է նայել երեխաների աչքերի մեջ ու հասկանալ, որ նրանք սպասում են հեքիաթի, հրաշքի, պետք է նրանց համար ավելին անել, քան նախկինում ու չպղտորել ոչ մի երեխայի ուրախությունը»:
Լուսանկարները տրամադրել է Լուսինե Ազատյանը:



















































