Հայաստանը պետք է ապահովի նախադպրոցական կրթության առնվազն մի զգալի մասի անցկացումը ասորերեն, հունարեն, քրդերեն և եզդիերեն լեզուներով, ինչպես նաև այդ լեզուներով հեռարձակում իրականացնի Հանրային հեռուստատեսությամբ: Բացի այդ, Հայաստանը նաև պետք է բարելավի փոքրամասնությունների բոլոր լեզուներով կրթությունը հիմնական և միջնակարգ մակարդակներում, քայլեր ձեռնարկի ապահովելու, որ այդ լեզուների կրողները կարողանան օգտագործել դրանք վարչական և դատական մարմինների հետ շփումներում, նպաստի համապատասխան համայնքներում փոքրամասնությունների լեզուներով տեղանունների օգտագործմանը/ադապտացմանը, ինչպես նաև համապատասխան ֆինանսավորում տրամադրի ազգային փոքրամասնությունների միավորումներին և մշակութային գործունեության համար: Այսպիսի առաջարկություններ է արել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն՝ Փորձագետների կոմիտեի կողմից կազմված գնահատման զեկույցի հիման վրա՝ համաձայն Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի, ինչպես նաև Կոմիտեի անդամների՝ Հայաստան կատարած այցի ժամանակ (2020թ. փետրվար) տեղում տիրող քաղաքական և իրավական իրավիճակի վրա:
Եվրոպայի խորհրդի փորձագետներն իրենց զեկույցում նշել են, որ ասորերեն, քրդերեն և եզդիերեն լեզուների հետ կապված իրավիճակը վերջին չորս տարիների ընթացքում բարելավման որևէ հստակ նշաններ չի ցույց տվել, հատկապես կրթության և դատական ոլորտներում:
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա ռուսերենն օգտագործվում է նախադպրոցական մակարդակում, սակայն անհրաժեշտություն կա նախադպրոցական կրթության էական մասը ապահովել նաև ասորերեն, հունարեն, քրդերեն և եզդիերեն լեզուներով: Ռուսերենով կամ ռուսերենի դասավանդումը հասանելի է հիմնական, միջնակարգ, տեխնիկական և մասնագիտական մակարդակներում: Որոշ հիմնական և միջնակարգ դպրոցներում որոշ չափով ուսուցանվում է ասորերեն, քրդերեն և եզդիերեն, սակայն հստակ չէ, թե քանի աշակերտ է ներգրավված: Հունարենը դասավանդվում է տեխնիկական և մասնագիտական կրթության մեջ: Մի քանի հիմնական և միջնակարգ դպրոցներ ապահովում են գերմաներենի ինտենսիվ ուսուցում: Ուկրաիներենը չի դասավանդվում հիմնական կամ միջնակարգ կրթության մեջ:
Փոքրամասնությունների լեզվական կրթության զարգացման գործում խոչընդոտ է նրանց լեզուներով ուսուցիչների պակասը: Ավելին, անհրաժեշտ է ստեղծել փոքրամասնությունների լեզուների դասավանդման ժամանակակից ուսուցողական նյութեր, ասվում է զեկույցում
Կարդացեք նաև
Հայաստանի օրենսդրությունը չի երաշխավորում փոքրամասնությունների լեզուների օգտագործման իրավունքը դատական մարմինների առջև, եթե փոքրամասնությունների լեզվի կրողը տիրապետում է հայերենին. սա չի համապատասխանում Հայաստանի կողմից վավերացված Եվրոպական խարտիային:
Պետական մարմինները մատչելի են դարձրել որոշակի վարչական տեքստեր և նմուշներ ռուսերենով, բայց ոչ փոքրամասնությունների այլ լեզուներով: Որոշ համայնքապետարաններում հնարավոր է նաև ռուսերենով բանավոր կամ գրավոր դիմումներ ներկայացնել: Ասորերենը, քրդերենը և եզդիերենն օգտագործվում են միայն տեղական իշխանությունների հետ բանավոր հաղորդակցության մեջ: Հունարենը կարծես թե չի օգտագործվում իշխանությունների հետ շփումների ժամանակ: Որոշ համայնքապետարաններ ունեն պաշտոնական անուններ փոքրամասնությունների լեզուներով, բայց չկա այդպիսի անունների օգտագործումը կամ ընդունումը խթանող ընդհանուր քաղաքականություն:
Հայաստանի Հանրային ռադիոն հաղորդումներ է հեռարձակում ասորերեն, հունարեն, քրդերեն, ռուսերեն և եզդիերեն լեզուներով: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պարբերաբար հեռարձակում է ազգային փոքրամասնությունների մասին տեղեկատվական հաղորդումներ՝ հայերենով կամ ռուսերենով: Բացի այդ, ռուսերենը փոքրամասնությունների միակ լեզուն է, որով լույս է տեսնում օրաթերթ կամ շաբաթաթերթ: Ռուսերենն ընդհանուր կիրառություն ունի նաև տնտեսական կյանքում և միջսահմանային համագործակցության մեջ, ինչը չի կարելի ասել փոքրամասնությունների մյուս լեզուների համար:
Հայաստանի իշխանությունները որոշակի ֆինանսական աջակցություն են ցուցաբերել փոքրամասնությունների բոլոր լեզուներով տարբեր տեսակի հրապարակումների և մշակութային գործունեության համար:
Ընդհանուր առմամբ, կառուցվածքային մոտեցման բացակայությունը պահպանվում է Եվրոպական խարտիայով սահմանված Հայաստանի պարտավորությունների մասով: Մասնավորապես, ազգային փոքրամասնությունների միություններին ֆինանսական աջակցությունը չափազանց փոքր է՝ Խարտիայի գործնական իմպլեմենտացմանն արդյունավետորեն նպաստելու համար:
Արդարադատության նախարարությունը պատրաստել է «Ազգային փոքրամասնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: Փորձագետների կոմիտեն նշում է օրենքի նախագծում մի քանի խնդրահարույց կողմեր, օրինակ, որ համայնքներում փոքրամասնությունների լեզուն իշխանությունների հետ շփման մեջ օգտագործելու նպատակով փոքրամասնությունների լեզվով խոսողների ներդրման շեմը չափազանց բարձր է (20%): Այնուամենայնիվ, Փորձագետների կոմիտեն ողջունում է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենք ընդունելու Հայաստանի մտադրությունը և կոչ է անում իշխանություններին շուտափույթ ավարտել օրենսդրական գործընթացը: Հաշվի առնելով, որ լեզվի գործածության հետ կապված մի շարք ասպեկտներ ընդգրկված չեն օրենքի նախագծում, Խարտիան կմնա Հայաստանում որպես փոքրամասնությունների լեզուների խթանման համար նախատեսված իրավական հիմք:
Նախարարների կոմիտեն հրավիրում է Հայաստանի իշխանություններին մինչև 2021թ. մայիսի 1-ը ներկայացնել տեղեկատվություն Փորձագետների կոմիտեի հինգերորդ գնահատման զեկույցում ներառված անհապաղ գործողությունների մասին առաջարկությունների վերաբերյալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ