«Պարոն Առուստամյան, ձեզ ի՞նչ է հայտնի 2017-18թթ., եթե չեմ սխալվում, չինական 25 միլիոնանոց վարկի մասին: Քրեական գործ կա հարուցված, որով անցնում են ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, նրա տեղակալը: 1,5 միլիարդ դրամ վատնումի մասին է խոսքը, եթե չեմ սխալվում»,-ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի կողմից որպես թեկնածու առաջադրված, տնտեսագետ Կարեն Առուստամյանին այսօր ԱԺ լիագումար նիստում նման հարցադրում հղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա շարունակեց. «Ձեզ ի՞նչ է հայտնի ռուսական 16 միլիոն դոլարի դրամաշնորհի մասին, որից տասը միլիոնը վերաբերում է «Այո Նեթվորքս» ընկերության հետ կնքված գործարքին: Ի՞նչ է եղել այդ դրամաշնորհի հետ: Հարուցված քրեական գործ կա, որով կրկին անցնում է Գագիկ Խաչատրյանը, որդիներն ու ազգականները, որոնք հարկային եւ մաքսային մարմիններին ապրանք են մատակարարել: Խաչատրյանը հանձնարարել է օգտվել հենց «Այո Նեթվորքս» ընկերության ծառայություններից, որը պատկանում է որդիներին: Կարող եմ պնդել, որ ձեզ, պարոն Առուստամյան, հայտնի էին ռուսական դրամաշնորհի եւ չինական վարկի բոլոր ապօրինի գործարքները: Եթե հայտնի էին, խախտումներ չե՞ք տեսել: Եթե տեսել եք, ի՞նչ միջոց եք ձեռնարկել, ներկայացրե՞լ եք պալատին: Դիմադրության հանդիպելով՝ փորձե՞լ եք այլ միջոցներով կանխել, բացահայտել պետությանը խոշոր չափի վնասների մասին: Իմ ուսումնասիրությամբ՝ միջոցներ չեք ձեռնարկել, որովհետեւ հաշվեքննիչ պալատը մաֆիական կաստա է, եւ մեկդ մյուսին պահելու խիստ սովորույթ ունեք»:

Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































