Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նույնն եմ կյանքում եւ սոցիրականության մեջ». Նաիրա Նիազյան

Դեկտեմբեր 10,2020 16:36

Նաիրա Նիազյանին Aravot.am-ն անդրադարձել է այլ համատեքստում` ներկայացրել ենք որպես հագուստի մոդելավորող: Այս անգամ նրան ներկայացնելու ենք որպես «Օգնենք արցախցի կնոջը» նախաձեռնության հեղինակ: Նա երկու տարի է՝ իրականացնում էր նաեւ «Օգնենք հայ կնոջը» ծրագիրը, որի նպատակը սահմանամերձ շրջանների կանանց օգնելն էր, խոսքը հիմնականում զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերին է վերաբերվում ու նրանց տրվող մասնագիտական օգնությանը, որպեսզի կարողանային ունենալով մասնագիտություն եւ անհրաժեշտ պարագաներ, աշխատել եւ գումար վաստակել

«Պատերազմը սկսվելուն պես մենք էլ բոլորի նման ինքնակազմակերպվեցինք, սկսեցինք կարել բանակին անհրաժեշտ տարբեր պարագաներ: Հետո որոշեցինք, որ կանգ առնել պետք չէ, որովհետեւ բազում ընտանիքներ Արցախից ստիպված ապաստանել են Հայաստանում: Մտածեցինք, որ լավ կլինի, եթե արցախցի աղջիկներին եւ կանանց, որոնք սեր եւ ցանկություն կունենան, տալ երկրորդական մասնագիտություն` կարուձեւը, որի միջոցով նաեւ գումար կվաստակեն:

Այն, ինչ անում էինք այդ ընթացքում, զինվորների համար ներքնաշորեր,շապիկներ, անձրեւանոցներ կարելն էր: Արցախցի աղջիկներն ու կանայք սովորեցին կարել, անգամ նրանք, որոնք նախկինում դրանով չէին զբաղվել: Կային մարդիկ, որ գիտեին կարուձեւ եւ անմիջապես լծվեցին աշխատանքի: Ամուսինս եւ մեր ընկերները, որոնք ապրում են դրսում, հովանավորեցին, որպեսզի ձեւավորվի աշխատավարձ»,-նշեց Նաիրա Նիազյանը:

Նրանից տեղեկացանք, որ 20-25 կին է ընդգրկված ծրագրում: «Չգիտեմ ինչպես է ստացվել, Արցախի տարբեր շրջաններից են աղջիկները ու հիմնականում մանկավարժներ: Կարուձեւով միայն երկուսն էին զբաղվել` Հասմիկը եւ Իրինան, որոնք աշխատել էին Ստեփանակերտի իտալական կարի ֆաբրիկայում, իսկ մյուսները մանկավարժական կրթություն ունեին, դպրոցում էին աշխատել»,-ասաց մեր զրուցակիցը:

Խոսելով հայ կնոջ ճկունության, ինքնակազմակերպվելու ունակության եւ շնորհների մասին` մեր զրուցակիցը նշեց, որ հայ կնոջ ընդունակություններով հնարավոր չէ որեւէ մեկին զարմացնել, խոհանոցի, արհեստի, մշակույթի ու ցանկացած բանի հանդեպ հետաքրքրությունն ու աշխատասիրությունը հայուհիների գենետիկ հիշողության մեջ է, անգամ գաջեթների սերունդն է այդպիսին:

Նաիրան տեղեկացրեց, որ իրենց մոտ կարուձեւից բացի, արցախցի կանանցից շատերը զուգահեռ այլ աշխատանքներ են կատարել` Արցախի ամենահամեղ քաղցրավենիքներն են թխել, թթուներ, ժենգյալով հաց պատրաստել, որպեսզի իրավիճակը հաղթահարեն:

Եռանդով լեցուն կնոջը հարցրինք, թե որն է իր լավատեսության ու էներգիայի աղբյուրը: Նաիրա Նիազյանն ասաց, որ ինքը միշտ գործում է առանց գովեստի խոսքերի ու ֆեյսբուքյան «լայքերի» սպասելու, եւ ովքեր իրեն ճանաչում են՝ գիտեն, որ ինքը նույն մարդն է իրականում եւ սոցիրականության մեջ:

Մեր զրուցակիցն իրեն երջանիկ մարդ է համարում, հղում անելով աստղերի հետ աշխատած ժամանակակից փիլիսոփաներից մեկին, որը նաեւ բժիշկ է եւ գրող, ասում է. «Երբ Դիպակ Չոպրային հարցրել են` ո՞րն է աստղերի եւ սովորական մարդկանց տարբերությունը, պատասխանել է, որ բոլոր մարդիկ վերջնարդյունքում ուզում են լինել երջանիկ, մեկ շատ գումար է ուզում ունենալ, մյուսը մասնագիտական առումով է ուզում կայանալ, մի ուրիշը` այլ կերպ, բայց բոլոր մարդիկ ուզում են լինել երջանիկ: Հիմա ես ինձ համարում եմ երջանիկ: Երբ ինքնդ քեզ հետ հաշտ ես, ներդաշնակ ես ընտանիքում, հարազատներիդ ու ընկերներիդ հետ, կարողանում ես ներդաշնակություն գտնել նաեւ այլոց հետ»:

Նաիրա Նիազյանը նաեւ հավելեց, որ ցանկանում է ընդարձակել իր նախաձեռնությունը, սակայն դրա համար նախ հարկ է հասկանալ, որ փոքր ծրագիրն ինչպես պետք է ընդլայնվի էլ ավելի արդյունավետ գործելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Նաիրա Նիազյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031