Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արցախում խաղաղության համար անհրաժեշտ է, որպեսզի դրսի դերակատարները գործակցեն, ոչ թե մրցակցեն. ICG

Դեկտեմբեր 24,2020 15:34

2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը վերջ դրեց Հարավային Կովկասում հին կարգին: Բայց թե ինչ կգա հետո և արդյոք դրա արդյունքում կայուն խաղաղություն կհաստատվի՝ մնում է մռայլ: 1994թ. հրադադարը խաղաղություն չբերեց, և Ադրբեջանը մնաց խորապես վհատված՝ կապված իր տարածքների դե ֆակտո կորստի հետ, իսկ կողմերը մնացին ոչ անվտանգ վիճակում: Հավասարակշռության փոփոխությունը, երբ Հայաստանն ինքն է իրեն զգում նեղացած և վնասված, հազիվ թե ավելի լավ ելքի հանգեցնի: Նման եզրակացության են հանգել Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները «Բարելավելով խաղաղության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո» վերտառությամբ զեկույցում:

Ըստ վերլուծաբանների՝ նոր կարգը կարող է փոխել յուրաքանչյուրի մղումները, բայց այն չի կարող արագությամբ կառուցվել: Ոչ էլ այն կարող է կառուցվել առանց Լեռնային Ղարաբաղի համար առաջընթացի, ինչպիսին կարող է լինել այդ տարածքի կարգավիճակի լուծումը: Բայց այս բարդ խնդիրն այս պահին լուծելու փորձերը կարող են հեշտությամբ հանգեցնել հակառակ արդյունքի: Ավելի շուտ, գուցե ավելի օգտակար կլինի, եթե դրսի դերակատարները և հակամարտող կողմերը որդեգրեն աստիճանական մոտեցում, որն ուղղված կլինի մարդասիրական պահանջմունքների բավարարմանը և այնպիսի կապերի հաստատմանը, որոնք ժամանակի ընթացքում կարող են միացնել տարածաշրջանը: Երբ որ այդ կապերը հաստատվեն, Լեռնային Ղարաբաղի ապագան կարող է ավելի պարզ դառնալ:

Տարածաշրջանում խաղաղության համար նաև անհրաժեշտ է, որ այն չդառնա այլոց աշխարհաքաղաքական խաղերի թատերաբեմ: Մոսկվայի առաջատար դերակատարությունը և Անկարայի աջակցությունը Ադրբեջանին, որը նրան այժմ ամուր դերակատարություն է տալիս ապագա ցանկացած խաղաղության հարցում, Արևմուտքի որոշ երկրների կողմից լավ չի դիտվում: Ամերիկացի դիվանագետներից մեկը արևմտյան երկրներին խորհուրդ է տվել զգուշանալ, որ ռուս-թուրքական գործարքի ստորագրությամբ կարող է «ստեղծվել նախադեպ»:

Եվրոպացի դիվանագետներից մեկն էլ Ճգնաժամային խմբին հայտնել է, որ առնվազն Փարիզին մտահոգում է, որ տարածաշրջանում իրադարձությունները կարող են լինել ռուս-թուրքական որոշակի միության նշան: Մյուսներն էլ հիասթափություն են հայտնել, որ կրակի դադարեցումը և դրան հաջորդող բանակցությունները երկրորդ պլան են մղել Մինսկի խմբի գործընթացը:

Իր բլոգում ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը զգուշացրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան, հնարավոր է, տարածաշրջանային հակամարտությունը լուծեն իրենց օգտին՝ գործընթացից դուրս թողնելով Եվրամիությանը, ինչպես որ եղավ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում:

Այս բողոքները հասկանալի են, բայց պետք է իրավիճակին օբյեկտիվորեն նայել: Ռուսաստանի առաջատար դերը նորություն չէ: Մոսկվան կենտրոնական դեր է խաղացել 1994թ. գործարքներում և մինչ այժմ մնում է ամենաակտիվ միջնորդը: Բայց եթե Ռուսաստանի ունեցած ազդեցության լծակներն այսօր ավելին չեն, քան ցանկացած դրսի դերակատարինը, նրա գործունեությունը անվստահություն է առաջ բերում ոչ միայն Արևմուտքում, այլև հենց տարածաշրջանում: Կայուն խաղաղության համար անհրաժեշտ կլինի, որպեսզի Ռուսաստանը, Թուրքիան և արևմտյան երկրները, ինչպես նաև միջազգային ինստիտուտները ներգրավվեն, համագործակցեն, և ոչ թե մրցակցեն, եզրակացնում են ICG-ի փորձագետները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031