Լրահոս
Օրվա լրահոսը

Չկան աղետը կանխելու մեխանիզմներ

Դեկտեմբեր 25,2020 10:00

«Տիկին պետքարտուղար» սերիալում կա այսպիսի մի դրվագ. ԱՄՆ նախագահի մոտ՝ գլխում առաջացած ուռուցքի պատճառով հայտնաբերվում են հոգեկան խանգարումներ, որոնց ազդեցության տակ նա պատրաստվում է սկսել երրորդ համաշխարհային պատերազմը: Իր շրջապատի բոլոր հորդորները նա անտեսում է, եւ ձեռքր համարյա հասնում է միջուկային կոճակին: Բայց ԱՄՆ սահմանադրությունն ունի հատուկ ընթացակարգեր, որոնք նման դեպքերում արգելում են նախագահին կատարել իր պարտականությունները եւ ուղարկում են նրան պարտադիր բուժման: Ժամանակավորապես այդ պարտականությունները կատարում է փոխնախագահը, մինչեւ որ երկրի առաջին դեմքը ապաքինվում է, անցնում է հատուկ հոգեբանական թեսթեր, որից հետո շարունակում է պաշտոնավարել:

Այս պարագայում պետք է բարեբախտություն համարել, որ Հայաստանը միջուկային երկիր չի: Հակառակ դեպքում, եթե մենք միջուկային կարգավիճակով ունենայինք Նիկոլ Փաշինյանի նման վարչապետ, ապա մարդկության գոյությանը լուրջ վտանգ կսպառնար: Նյարդային նոպայի հերթական պահին նա հանդես կգար բոցաշունչ ուղերձով եւ ձեռքը կմեկներ միջուկային կոճակին: Այսօրվա վիճակով նա կործանում է միայն Հայաստան պետությունը, իսկ եթե նրան ձեռքին այդպիսի հնարավորություն լիներ, կկործաներ ամբողջ երկրագունդը:

Ինչ մեխանիզմներ կան միջուկային երկրներում, որպեսզի այնտեղ իշխանություն գլխին լինեն ոչ արկածախնդիր եւ պատասխանատու մարդիկ: Իհարկե, ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ, ասենք, Չինաստանում մեխանիզմները խիստ տարբեր են, բայց ամեն դեպքում դրանք հակասում են «ժողովրդավարության» մասին պարզունակ պատկերացումներին: Մասնավորապես, Թրամփը, որքան էլ էքսցենտրիկ լինի, հնարավորություն չունի ասելու՝ «քանի որ ինձ ժողովուրդն է ընտրել, ես կարող եմ աշխարհը կործանել»: Եթե նա իր երկրի կեսը պատերազմի արդյունքում զիջի որեւէ հակառակորդի, նա չի կարող ասել՝ «գիտեք, այդ ես չեմ զիջել, նախորդ նախագահն է մեղավոր»: Բացառված է, որ նա նման դեպքում ասի՝ «քանի ես ԱՄՆ փողոցներում չեմ տեսնում հարյուր հազարավոր բողոքողներ, ես կարծում եմ, որ ժողովուրդն ինձ շարունակում է սիրել»: Կամ՝ «քանի որ ընդդիմադիր կուսակցությունը վատն է, ես չեմ գնա»: ԱՄՆ-ում կա Կոնգրես, որում ընտրված մարդիկ, բնականաբար, հրեշտակներ չեն, բայց մեղսունակ եւ իրենց ընտրողների առջեւ իրականում հաշվետու գործիչներ են, կան պատասխանատու պաշտոնյաներ հենց նախագահի թիմում, եւ կա հասարակական ազդեցիկ վերնախավ, որի կարծիքի հետ անգամ Թրամփը չի կարող հաշվի չնստել:

Հայաստանում երկրի կեսը տանուլ տված վարչապետին փոխարինելու սահմանադրական մեխանիզմներ, ըստ էության, չկան: Երկիրը ջախջախիչ պարտության հասցրած իշխանությունը կարող է շարունակել անարգել իշխել: Իհարկե, դրա պատճառներից մեկը մոլորված, իշխանության ստերին դեռեւս հավատացող քաղաքացիների մեծ քանակն է: Բայց, բացի դրանից, պետությունում պետք է լինեն օրենքներ, որոնք հեռու կպահեն ժողովրդին նման աղետներից, իսկ աղետների դեպքում կնախատեսեն պատասխանատվություն: Քանի դա չկա, աղետը շարունակվելու է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պարոն Աբրահամյան,ՀՀ-ում խորհրդարանական իշխանություն է թե վարչապետական?սա մեկ.
    երկրորդ՝մենք հակամարտության կողմ եինք թե ոչ:Եթե կողմ էինք,ինչու մեր զինանոցը ամբողջ հզորությամբ չոգտագործեցինք,եթե կողմ չեինք ինչու? պատասխանատվություն վերցրինք ստորագրել այդ վայ համաձայնագիրը:Ինչ է Ալիևին տված խոստումից չկարողացանք? հետ կանգնել:
    Երկրի սահմանադրությամբ իշխանության թևերի գործառույթները կարգավորված են՝վարչաետը խախտել է սահմանադրությունը,թող Սահմանադրական Դատարանը քննի հարցը և որոշի համաձայնագրի իրավաչափությունը և համապատասխան որոշում կայացնի…:Սա էլ հո իրենց առաջադրած դատավորներն են…….

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Եթե համադրենք Ձեր, Սեյրանի ասածները և այն, ինչ տեղի է ունենում վերջին ամիսներին, ապա կարելի է գալ եզրահանգման, որ մենք տոտալիտար պետություն դառնալու շեմին ենք: Իսկապես, ըստ սահմանադրության՝ Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգ ունի: Որքանո՞վ է, սակայն, իրատեսական, որ ԱԺ-ն անվստահություն կհայտնի իր գործառույթները ձախողած վարչապետին ու նրա կառավարությանը:
    Ըստ իսպանացի քաղաքագետ Խուան Լինցի՝ ում տեսության հիմքում Ֆրանկոյի ռեժիմի վերլուծությունն է, սա է տոտալիտար վարչակարգի առաջին բաղադրիչը. իշխող խումբը (մեր դեպքում՝ անձը) պատասխանատվություն չի կրում ընտրովի մարմինների առջև և չի կարող զրկվել իշխանությունից՝ խաղաղ ինստիտուցիոնալ ճանապարհով: Սա լիովին համապատասխանում է մեր իրողություններին:
    Ըստ նույն տեսության՝ տոտալիտար վարչակարգը բնորոշող երկրորդ բաղադրիչն այն լեգիտիմացնող մենաշնորհային գաղափարախոսությունն է, որը կոչված է հասարակության մեջ ներարկելու ռեժիմի (կրկին, մեր դեպքում՝ դրա առաջնորդի) պատմական առաքելությունը: Ո՞րն էր Նիկոլի մենաշնորհային գաղափարախոսությունը. ինչ եղել է մինչև 2018-ը սխալ է, մեղավորը նախկիններն են, դուք սպիտակ եք, նրանք՝ սև… գաղափարներ, որ իրենց հիմքում ունենալով ատելությունը, ազդեցին մարդկանց ենթագիտակցության վրա, ձևավորեցին փուչ, բնազդների վրա կառուցված հասարակական պահանջը՝ պատժի՛ր քո ցավերի պատճառ թշնամուն և լավ կապրես: Այստեղից էլ «մոլորված, իշխանության ստերին դեռեւս հավատացող քաղաքացիների» մեծ բանակը: Տոտալիտար վարչակարգի համար ավելի հեշտ է մարդկանց ուղղորդել ատելության գաղափարներով, քան համախմբել անհատական վերաբերմունք և տարակարծություն ենթադրող գաղափարների շուրջ:
    Տոտալիտար վարչակարգի երրորդ բաղկադրիչն, ըստ Լինցի՝ բնակչության ակտիվ համախմբումն է քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման համար՝ վարչակարգին ենթակա կառույցների միջոցով: Սա, իմ կարծիքով, երեք բաղադրիչներից միակն է, որ նույնիսկ տոտալիտար վարչակարգը կարող է օգուտով ծառայեցնել պետության շահերին: Այստեղ էլ, սակայն, Նիկոլը ձախողել է, որովհետև լինելով թույլ կառավարիչ՝ պետության շահերից բխող և հանրությանը համախմբելու ունակ ոչ մի քաղաքական կամ սոցիալական խնդիր առաջ չի քաշել:
    Ներողություն եմ խնդրում երկար մեկնաբանությանս համար և եզրակացնում. մենք տոտալիտար պետություն դառնալու շեմին ենք, սակայն այդ շեմը չենք հատի: Նիկոլը դրա համար ո՛չ ժամանակ կունենա, ո՛չ էլ ունակություն: Ուղղակի ցավալի է, որ ամեն օր, որ այս ապաշնորհ խումբն իշխանության է, մեր կորուստներն ավելանալու են:

  3. henri says:

    Յարգելի Պարոն Աբրահամեան
    Ձեր մատնանշանած ,փոխաբերական պատկերներով, ախտաճանաչումները,
    առ հասարակ , շատ տեղին են ,ցաւօք ։Բայց սովորաբար դուք որևէ լուծում չէք առաջարկեր որպէս քաղաքական լրագրող-խմբագրապետ ։ Վստահաբար մեզմէ աւելի տարիներու փորձառութիւնը , պէտք էր գործի դրուեր այս թնճուկային պարագային,այլապէս ընթերցողներուն շփոթութեան սատարած կ՛ըլլաք ։ կամ այն է որ բժշկական միջազգային յանձնախումբ մը ապացուցանէ որ նման ՛՛ստորագրութիւն՛՛ ը անվաւեր է . պէտք է չեղեալ նկատել – կամ ալ հրապարակի պահանջներուն ենթարկուիլ.
    Երրորդ կարելիութիւն մը դուք մտաւորական-քաղաքագէտներդ պէտք էք առաջարկել ։

  4. Արթուր says:

    Նմանատիպ աղետներից երկիրը հեռու պահելու անհրաժեշտ պայմաններից է իշխանության 3 թեւերի (օրենդիր, գործադիր եւ դատական) անկախությունը, ինչը Հայաստանում դե ֆակտո գոյություն չունի: Մեր երկրի դեպքու կարող ենք ցավալիորեն ֆիքել գործադիրի եւ օրենսդիրի միաձուլումը, կներեք բայց օրենսդիրը հիշեցնում է «Պոլիտ Բյուրո», թե ելույթներով եւ թե քվեարկություններով….
    Կարծում եմ սա էյֆորիկ ընտրությունների ուղիղ հետեւանքն էր եւ մինչեւ օրս իշխանությունը (գիտակցելով թե չգիտակցելով) հպարտանում է իր ստացած ժողովրդի քվեով, որի ~90% «ոչ Սերժ» էր եւ ոչ իրենց տրված ձայներ:
    Ստեղծված իրավիճակից ելքը (խոսքս 2018-ի մասին է, հիմա արդեն շատ ուշ է….) դա հնարավորինս արագ նոր սահմանդրության եւ նոր ընտրական օրենսգրքի ընդունումն էր եւ իհարկե նոր ընտրություններ, որը կփոխեր երկրի կառավարման մոդելը:
    Իսկ թե ինչու իշխանությունները այդ կետից չսկսեցին, թողնում եմ ձեր դատողություններին ….. եւ հիմա ողջ իշխանական համակարգը մեծ սիրով եւ հպարտությամբ կրում է Սերժի համար կարված կոստյումը….

  5. Ruben says:

    «Չկան աղետը կանխելու մեխանիզմներ»
    Կա՛: Ինչու՞ չկա:
    Բայց զարմանալի է, թե ինչու է այսօրվա Հայաստանի Հանրապետության ղեկավարը այդքան նման Աբուլֆազ Էլչիբեյին:
    Գառներին հագցրել են կանաչ ակնոցներ և ծղոտից մաստակ են բաժանում: Ամբողջ հանրապետությունը խոսում է տրամադրված մանրուքների մասին:
    Մեր սերունդը վերադարձրեց երկրի մի մասը: Ստեղծեց Արցախի պաշտպանության բանակ և ՀՀ զինված ուժեր: Պարզվում է ՝ այդ ամենը կեղծ է:
    100 տարի առաջ դավաճանները Ղարսը հանձնեցին: Երեկ Արցախը: Այսօր Ղափանը (Սյունիքը):
    Սպասում եք, որ թուրքը ձեր դու՞ռը թակի:

  6. Լավատես says:

    Նման սցենար տեսականորեն ինքս ինձ համար պատկերացրել եմ, միակ բանը, որը մինչեւ հիմա չեմ կարողանում պատկերացնել՝ դա սուտն էր, որն արտաբերվում էր ինձ համար միանգամայն վստահելի մարդկանց շուրթերից, կարծես նրանց շանտաժի էին ենթարկում եւ ստիպված էին սուտ խոսում՝ գոնե այդքան համոզիչ սուտ չխոսեիք:) Սա նշանակում է, որ սա շատ լավ նախապատրաստված օպերացիա էր, հաշվի էին առնված նախորդ պատերազմի հաջողությունների պատճառները, որոնք հաջողությամբ չեզոքացրին այս անգամ՝ եթե նախկինում փաստի առաջ կանգնեցնում էին երկրի ղեկավարին եւ հաջողության հասնում, այս անգամ սխալն ուղղեցին եւ ստի միջոցով հակառակն արվեց եւ ստացանք անհաջողություն: Դե մալադեց էդ կազմակերպիչներին, իզուր չեն ասում՝ թշնամիդ քո ամենալավ խորհրդատուն է, որովհետեւ նա թիրախավորում է քո թույլ ու հիվանդ կողմերը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031