«Եղբայրս է՝ ժամկետային զինծառայող Անդրանիկը»,- այս խոսքերով է զինվորական համազգեստով եղբոր նկարը ցույց տալիս այս պատերազմի հերոսներից Անդրանիկի քույրը։
Անդրանիկ Մաթևոսյանը ծնվել է 2000թ. օգոստոսի 21-ին, Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։
«Նիհար ու բոյով, սպիտակ մաշկով ու շեկ մազերով, շատ հումորով ու կյանքով լի էր, երգերի ու պարերի սիրահար»,-այսպես են հիշում հերոս այս երիտասարդին։

Կարդացեք նաև
«Այնուհետև ընդունվեց արհեստագործական ուսումնարան` վարսահարդարի մասնագիտություն սովորելու համար։ Շատ էր սիրում իր մազերը պահել ու հետաքրքիր կտրվածքներ անել»,-ասում է քույրը։
Անդրանիկը սիրում էր երգել, աշխույժ ու ընկերասեր, շատ ռոմանտիկ տղա էր:
«Սիրում էր կոնֆետներ ուտել ու քնել, մենք անլուրջ էինք վերաբերվում, ասում էինք, որ գնաս բանակ՝ այնտեղ է՞լ ես քնելու: Հումորով ասում էինք` դո՞ւ պիտի մեզ պաշտպանես: 2019 թվականի հունվարի 8-ին զորակոչվեց բանակ։ Ծառայության ընթացքում միայն մի անգամ կարողացավ տուն գալ, հետո մի ամբողջ տարի չկարողացանք տեսնել. կորոնավիրուսի պատճառով չէին թողնում։ Մեզ շատ շատ էր կարոտում, այնքան շատ էր զանգում, երբեմն անջատում էի`թատրոնում փորձերի պատճառով, երանի հիմա էլ զանգեր…

Անդրանիկը ծառայում էր Հադրութում, մինչև հոկտեմբերի 20-ը ամեն ինչ կարգին էր, զանգում էր ու ծիծաղելով, կատակներով խոսում էր հարազատների հետ։
«Հոկտեմբերի 21-ին երեկոյան զանգեց, շտապելով էր խոսում, ասում էր` մամ տեղ ենք գնում, անհասանելի կլինեմ, ձեզ լավ նայեք: Իսկ մի այլ ձայն հեռվից տագնապով կանչում էր ՝ Անդրանիկ արագացրու… Մայրս ասաց` սպասիր տամ հորդ ձայնն էլ լսիր, նոր գնա։ Ընդամենն ասաց` պա՛պ, ձեզ լավ նայեք, գնացի…»,-հիշում է:
Ցավոտ իրականություն է։ Գնաց։
Այդ նույն գիշերը` հոկտեմբերի 21-ին, բեկորային վնասվածքներ ստացավ, զոհվեց…

«Երանի հրեշտակներին, որ արժանանում են եղբորս աչքերին ու ժպիտին…»,-քույրն այսպես եզրափակեց խոսքը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ



















































