Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Վազգենաշենի 20 տարին չբոլորած՝ բոլորիս քշեցին թուրքերը». Շիրակից Ղարաբաղում ապրելու եկած Նապոլեոնը, սակայն, չի հանձնվում (տեսանյութ եւ ֆոտոշարք)

Հունվար 01,2021 22:48

«Գյուղի 20 տարին չբոլորած՝ բոլորիս քշեցին թուրքերը»,-ասում է Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի նախկին բնակիչ Նապոլեոն Եգանյանը: Մոտ երկու ամիս է՝ անտուն են, տուն- տեղ թողել են թշնամուն ու դուրս եկել:

Նրան հանդիպեցինք Մարտունու վարչակազմում: Եկել էր ժամանակավոր օթեւանի հարցերով: Ասում է՝ պետությունը տան հարց է լուծել, որոշ գույք է տրամադրել՝ առանց բռնակների «շիֆոներկա», փոքրիկ սառնարան, էլեկտրական սալիկ: Նաեւ լույսի, գազի ու բնակվարձն են փոխհատուցելու՝ մինչեւ որ տեղահանված բնակիչները ոտքի կկանգնեն:

Նապոլեոնը Շիրակի մարզի Ղազանչի գյուղից է, քսան տարի առաջ վերաբնակեցվել է Վազգենաշենում: Որդիները ծառայել են Արցախում, այդ տարիների ընթացքում դժվարությամբ տուն տեղ են ստեղծել: Թվարկում է՝ 2 հազար մետր տնամերձ հողամաս ունեինք, անասուններ, բարեկեցիկ ապրուստ: Այժմ՝ ձեռնունայն, մի կերպ հասցրել են կյանքը փրկել եւ մի քանի անասուն գյուղից դուրս բերել: Որեւէ մեկը չի տեղեկացրել, որ գյուղն այլեւս իրենցը չէ: Մի օր եկել, ասել են՝ պետք է գյուղը լքեն: Բնակիչներն էլ՝ մեկ-երկու օրում ինչ հասցրել՝ դուրս են բերել, բայց հիմնական գույքը թողել են: Նապոլեոն Եգանյանի խոսքով, մինչեւ Դիլիջանից բեռնատար ավտոմեքենա են գտել, որպեսզի գոնե տան գույքը գյուղից հանեն, եկել՝ ասել են՝ թուրքերն արդեն գյուղ են մտել. «Ամբողջ ժողովուրդը տեղյակ չի եղել: Վախենալով արագ-արագ դուրս ենք եկել: Տղաս եկել էր ինչ-որ իրեր վերցնելու, ինչ-որ մարդկանց է գյուղում տեսել, իմացել է թե հայերեն, բայց տեսել է՝ թուրքերեն են խոսում, ասել են թողեք՝ այստեղից դուրս եկեք»:

Հիմա Մարտունիում վարձով են ապրում: Չնայած՝ Մարտունի քաղաքն էլ հրետակոծությունից լուրջ վնասներ է կրել , սակայն այստեղի բնակիչներն էլ ինչով կարողանում են օգնում են տեղահանված գյուղերի բնակիչներին: Մեկը գույք է տալիս, մյուսը՝ կենցաղային մի ինչ-որ իր:

Նապոլեոնն ասում է, որ մտադիր չէ Ղարաբաղից որեւէ տեղ գնալ, անկախ այն բանից, որ այլ տեղ էլ հայրենիք ունի:

«Մինչեւ վերջին օրը բլինդաժ ենք փորել եւ մենք հաղթել ենք, չենք պարտվել: Որդիներս էլ ճակատում են եղել, բոլորն էլ իմ տղաներն են, որոնք այս օրերին կռվել են: Նրանք հաղթել են, չեն պարտվել: Չեմ պատրաստվում թուրքին հայրենիք զիջել»,-ասում է Նապոլեոնը: Նրա խոսքով, Վազգենաշենում վեց անձով են ապրել, պատերազմի թեժ օրերին հարսին, թոռներին գյուղից հանել են եւ կնոջ հետ մնացել են, սակայն, երբ հրետակոծությունը սաստկացել է, կնոջն էլ է ուղարկել, բայց ինքը մնացել է: Հետաքրքրվել է՝ հարեւաններից ոմանք Ստեփանակերտում են տեղավորվել, մի մասը այլ հարեւան գյուղերում են ապաստան գտել:

 

Մանվել Գրիգորյանը Մարտունի քաղաքի բնակիչ է: Նրա տունը երկրորդ անգամ է հրետակոծությունից ավերվում: Առաջին անգամ 1992-ի պատերազմին է գրադի հարվածներ ստացել: Նա էլ Մարտունին չի լքում, համբերատար սպասում է՝ մինչեւ պետությունը կօգնի, տունը կնորոգի:

Մարտունին պատերազմից ամենաշատն է տուժել: Այստեղ գրեթե տուն չկա, որ վնասված չլինի:

Արցախի Մարտունու վարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմի օրերին տարհանված բնակչությունը հիմնականում վերադարձել է, դպրոցները բացվել են, բացի երեք դպրոցից, մնացածում ուսումնական գործընթացը սկսել են: Մնացած դպրոցներում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Դրանք պատերազմի օրերին այլ նպատակով էլ են ծառայել: Վերակառուցվում են նաեւ ենթակառուցվածքները, ավերված տները:

«Իրականացվում են գրավյալ համայնքների բնակիչների տեղավորման աշխատանքներ՝ Մարտունիի շրջանում, ինչպես նաեւ այդ բնակչությանը գույքով ապահովելու հարցեր ենք լուծում: Այս պահի դրությամբ 128 ընտանիք արդեն որոշ չափով գույքով ապահովել են: Առաջիկա օրերին այդ ամենը ավարտին կհասցվի: Կամաց-կամաց շրջանն անցնում է իր բնականոն կյանքին»,-ասում է Վադիմ Դանիելյանը:

Մարտունու շրջանից վեց համայնք թշնամու վերահսկողության տակ են: Բացի այդ գյուղերի բնակիչներից, Մարտունի քաղաքում եւ հարակից գյուղերում ապաստան են գտել նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի ու Շուշիի ընտանիքները:

Պարոն Դանիելյանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Մարտունու համայնքներից 412 ընտանիք՝ 1830 բնակչով, այսօր տեղահանված վիճակում են եւ վերաբնակեցման խնդիրն ունեն: Այլ շրջաններից 100 ընտանիք արդեն իսկ բնակեցված են Մարտունիիում:

Վարչակազմի ներկայացուցիչը նաեւ հայտնեց, որ գույքային վնասների հաշվառման աշխատանքները ընթացքի մեջ են: Այս պահին հստակ թիվ չունեն, բայց նախնական տվյալներով, հրետակոծության արդյունքում վնասվել է 1300 շենք-շինություն, որից 850-ը՝ Մարտունի քաղաքում. «Դրանց վերանորոգման աշխատանքները սկսված են հույս ունենք սեղմ ժամկետներում ավարտին հասցնել: Հիմնականում հակառակորդի թիրախում եղել են բնակելի տները, դպրոցները, մանկապարտեզները, ենթակառուցվածքները: Մշակույթի տունը երեք անգամ հրետակոծվել է»:
Մեր զրուցակցի խոսքով՝ էլեկտրամատակարարումը դեռեւս ամբողջությամբ վերականգնված չէ, եւ այդ է պատճառը, որ Մարտունիում հովհարային անջատումներ են լինում, եւ որոշ բնակիչներ էլ հենց այդ պատճառով չեն վերադառնում:

Թաղավարդը Մարտունու այն գյուղերից է, որի մի մասը մնացել է հակառակորդի տիրապետության տակ: Թաղավարդում քիչ թվով բնակիչներ են ապրում: Վադիմ Դանիելյանը սակայն կարծում է, որ բնակիչները ժամանակի ընթացքում կվերադառնան, երբ լուծվեն անվտանգային խնդիրները:

Մարտունու վարչակազմի աշխատակազմի Քաղաքաշինության եւ տեղական ինքնակառավարման բաժնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Սաղյանն ամեն օր շրջում է Մարտունու համայնքներում: Ասում է՝ պատերազմի արդյունքում վնասված 1300 շենք-շինությունը վերջնական թիվը չէ, դա այն թիվն է, որը համայնքի ղեկավարները ներկայացրել են, սակայն, երբ մասնագիտական ուսումնասիրության են ենթարկում, պարզվում է՝ արտաքուստ ոչ այնքան վնասված տները, սեյսմակայունության խնդիր ունեն. «Վնասվել են 6 դպրոց, 3 մանկապարտեզ, «Ամարաս» թերթի խմբագրության շենքը, գյուղապետարանի շենքեր, վարչակազմի 15 գույք, որոնք վերականգնման փուլում են: Այս պահին շինարարական աշխատանքները կատարվում են Մարտունի քաղաքում, Կարմիր շուկա եւ Թաղավարդ համայնքներում»:

Ըստ Ալեքսանդր Սաղյանի, ներգրաված են 15 շինարարական կազմակերպություն, այդ թվում Երևանից. «Մեծ աշխատանքները Մարտունի քաղաքում են, քանի որ հրետակոծությունից ամենաշատը Մարտունին է տուժել:

Վնասվել են նաեւ էլեկտրական ցանցերի տրանսֆորմատորների ենթակայանները, որոնք ենթակա են վերականգնման եւ այս պահին վերականգնման աշխատանքներ են տարվում: Հրետակոծությունից վնասվել է նաեւ գազատարը»: Մարտունում եւ գյուղերում 35 տուն ամբողջությամբ ավերվել է. «Այս պահին ուսումնասիրություն է կատարվում քաղաքաշինության նախարարության կողմից, մասնագիտական եզրակացություն կտրվի: Տուն կա նորմալ վիճակում է երեւում, բայց երբ սեյսմիկ ծառայության կողմից ուսումնասիրություն է կատարվում պարզվում է, որ պատերը ճաքեր ունեն եւ վտանգավոր են բնակության համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031