Հայրապետական Սուրբ Պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով
Հունվարի 6-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:


Կարդացեք նաև

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին ջրօրհնյաց խաչով օրհնեց բարեպաշտ ժողովրդին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ
զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ»
(Յովհ. 1.9)։
Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս,
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, աղոթական ոգով համախմբված մեր սուրբ եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին։ Սուրբ Ծննդյան օրհնյալ այս օրը Բեթղեհեմի մսուրից ծագեց ճշմարիտ Լույսը` լուսավորելու համար մարդկանց հոգիները։ «Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու»,- գրում է Ավետարանիչը։
Աշխարհի փրկության համար մարդեղացած Աստվածորդու Սուրբ Ծնունդը Ավետարանչի նման՝ սրբազան շարականագիրը համեմատում է արեգակի ծագման հետ՝ ասելով. «Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին, Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ» (Շարական Սուրբ Ծննդյան)։ Աստվածորդին եկավ փարատելու մեղքի ու մահվան խավարը և մարդկությանն առաջնորդելու դեպի իր Արարիչը: Փրկչի Ծննդյան համեստ քարայրից ճառագեց հոգևոր նորոգության, հոգևոր զորության արշալույսը:
Ծննդյան օրից Հիսուս մանկանը վիճակվեցին հալածանքներ։ Փրկիչն Իր ընտանիքի հետ փախստական դարձավ Իր ծննդավայրից, երբ Նրա մահը ցանկացող Հերովդեսը կազմակերպեց մանուկների կոտորածը՝ կարծելով, թե սպանեց նորածին Աստվածորդուն և հաղթեց Նրան։ Սակայն իրական հաղթությունը Քրիստոսինն էր, Ով փրկչական Իր առաքելությամբ չարչարանաց ճանապարհը պսակեց հարության փառավոր հաղթանակով։ Բոլոր դժվարությունների միջով անցնելով՝ Տերը հույս բերեց անկյալ մարդուն, փրկություն՝ մարդկությանը, որ ընկղմված էր անօրենությունների և կռապաշտության խավարի մեջ: Պատմության բոլոր ժամանակներում հերովդեսները աղետ, ավեր ու թշվառություն են պատճառել մարդկությանը, չարի ներգործությամբ գլուխ են բարձրացրել հակառակությունն ու թշնամությունը, առաջադեմ ձեռքբերումների կողքին եղել են աղքատություն, կեղեքում ու անիրավություն։ Եվ այսօր էլ մարդիկ՝ մեղքերով ծանրաբեռն, հեռանում են Աստծուց, աշխարհը ալեբախվում է քաղաքական խարդավանքներից, հասարակություններին տիրել է բևեռացումների հանգեցնող նյութապաշտությունը, և արդարությունն ու ճշմարտությունը դարձել են հարաբերական արժեքներ։ Հակասական ու անհանգիստ այս աշխարհում Հիսուս Քրիստոս ծագում է որպես Արդարության Արեգակ, Լույս ճշմարիտ՝ լուսավորելու մարդկության կյանքի ուղին։


Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքի մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը և Իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգուն։

Մեր ազգի ու ժողովրդի համար օրհասական փորձության այս պահին ամուր մնանք հույսով ու հավատով և Տիրոջ կենարար զորությամբ գոտեպինդ՝ ուժ առնենք արհավիրքներից հառնելու, երկնառաք օգնականությամբ փարատելու մեզ պարտադրված այս թանձր խավարը և լուսավորելու մեր կյանքի նոր հորիզոնները։
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգենորոգ օրը հայցենք, որ Աստծո փրկության շնորհին ապավինած՝ ընթանանք դեպի մեր իղձերի իրականացումը և մեր արդար իրավունքների հաղթանակով պսակումը։ Աղոթենք, որ Սուրբ Ծննդյան ավետաբեր լույսով միշտ լուսավորվի երկնակամարը մեր ազգային ու հայրենական կյանքի, հավետ պայծառ լինի մեր սուրբ եկեղեցին հոգևոր դասի արդյունավոր ծառայությամբ ու հավատացելոց նվիրյալ ընթացքով, և հայոց աշխարհը պարուրվի մարդացյալ Փրկչի սիրով ու պարգևած հույսով:
Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մարդկանց հոգիներին, Իր խնամքի մեջ խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, և շնորհի բարօր ու շեն կյանք աշխարհասփյուռ ազգիս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ


















































