«Արդեն նոյեմբերի 3-ի դրությամբ Շուշին դատարկ է եղել: Միայն մեր զորախումբն էր, ոչ մի ռազմատեխնիկա ես չտեսա, ոչ մի այլ զորք Շուշիում մենք այդ օրերին չտեսանք: Օրենքով պետք է հակառակը լիներ`լիքը զրահատեխնիկա, զորք`Շուշիի պաշտպանության համար: Բայց դատարկություն էր»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ 39 օր «Հայրենիք» զորախմբի կազմում արցախյան պատերազմին մասնակցած ԱԱԾ պահեստազորի սպա Զոհրապ Ավետիսյանը:
ԱԱԾ պահեստազորի սպաներ Զոհրապ Ավետիսյանը, Հրահատ Մխեյանը եւ Էդգար Ավանեսովը պնդում են, որ նոյեմբերի 8-ին իրենք արդեն գիտեին, որ Շուշին հանձնված է, պատերազմն էլ`ավարտված:
ԱԱԾ պահեստազորի սպաներն այսօր հրավիրված ասուլիսում պատասխանում էին ԱԱԾ նախկին պետ Արգիշտ Քյարամյանի այն հայտարարությանը, որ «Հայրենիք» զորախումբը լքել է Շուշիում`իրեն վստահված դիրքը:
Կարդացեք նաև
Նրանք հայտարարեցին, որ իրենց տեղակայման վայրի ոչ քարտեզներ են տվել, ոչ հետախուզական տվյալներ եւ, առհասարակ, բավական անհասկանալի մարդիկ են հրահանգներ տվել, ինչպես նաեւ`տրված հրահանգներն են անհասկանալի եղել շատ դեպքերում:
Արցախյան առաջին պատերազմին մասնակցած Հրահատ Մխեյանը, որ 2000-ականներից Հայաստանում չի եղել, իսկ մինչ այդ ԱԱԾ-ի համակարգում է աշխատել, պատերազմի առաջին օրերին 16 հոգանոց հատուկ նշանակության խմբով եկել է Հայաստան, սակայն ոչ ՊՆ-ն, ոչ ՊԲ-ն իրենց հնարավորությունները չեն օգտագործել` հրահանգելով սպասել: Արցախ են մեկնել «Հայրենիք» զորախմբի կազմում:
Արդեն Շուշիում իր՝ իբրեւ պրոֆեսիոնալ զինվորականի համար, անհասկանալի է եղել տեղակայման հենց այդ վայրը, որը ավելի շատ թիրախ է եղել: Ի դեպ, այն ճանապարհը, որի հարակից տարածքում «Հայրենիք» ջոկատին առաջարկել են տեղակայվել, այդ ճանապարհով զորք է նահանջել:
Հրահատ Մխեյանը Արգիշտի Քյարամյանին հարց է տալիս, «Ինչո՞ւ էր Աբովյանի օմոնը, նրան կցված ՄՈԲ-ի նահանջում»: Ինքը հիմա արդեն գիտի այդ հարցի պատասխանը, բայց իր տեսակետը կբարձրաձայնի, երբ Քյարամյանը պատասխանի իր հարցին: «Ամսի 4-ի գիշերը հրաման եկավ պաշտպանության շտաբից, որ զորախումբը պետք է իր տեղակայումը փոխի եւ Շուշիից իջնի Շոշ գյուղի ուղղությամբ, որովհետեւ այնտեղ ռազմավարական ուղղության էր, այնտեղից հակառակորդը միանգամից հասնում էր Ստեփանակերտ: Դրա համար զորախումբն իր ողջ անձնակազմով տեղափոխվեց: Այնտեղ Հայաստանից եկած ոստիկաններ կային բավականին շատ, ոստիկանները փակել են ճանապարհը, մենք իջել ենք Շոշ գյուղի տակ: Զորախումբն այնտեղ կանգնել է մինչեւ վերջ, ամենավերջինն ենք դուրս եկել այնտեղից: Ոչ ոք այնտեղից չի փախել»,-ասաց Հրահատ Մխեյանը:

Բանախոսները տարակուսում են իշխանական տարբեր գործիչների այն հայտարարություններից, որ շուրջ 80 հոգանոց «Հայրենիք» զորախումբը չի պաշտպանել Շուշին: Ավելին, չեն հասկանում, թե ինչպե՞ս պատահեց, որ հենց այն ժամանակ, երբ իրենք գտնվում էին «զորամասի կողքի բազայում, գրադով խփեցին բազային, անօդաչուով էլ խփեցին, բայց մինչեւ էդ, էդ տարածքը ամբողջովին ոչնչացված է եղել»:
Զինվորականները վստահ են, որ Շուշիի պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու դեպքում՝ նույնիսկ գունդ պետք չէր, երկու գումարտակը բավական էր, որ Շուշին անառիկ մնար: Նաեւ չեն հասկանում, թե ինչո՞ւ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպվեց, եթե ըստ Փաշինյանի, 25-30 հազարանոց զորք ունեինք Արցախում: «Լիսագորից մինչեւ Շուշի ՄՈԲ-ին բերել լցրել էին, թնդանոթի միս էլի.. ամեն խումբը 30-40 հոգի, իրարից 20-30 մետր հեռու եւ ցավն այն է, որ մի դիրքը մյուսի հետ կապ չուներ: Հրամանն ո՞վ էր տալիս, ի՞նչ ձեւով պիտի պաշտպանությունը կազմակերպվեր… միանձնյա հրամանատարություն չկար, վաշտերի ու դասակների հրամանատար էլ դնում էին ինստիտուտն ավարտած, զինվորական գործ չիմացող երեխեքի»,- ասաց Հրահատ Մխեյանը:
Բանախոսները վստահ էին, որ մենք ունեինք ներուժ, որ թշնամին առաջ չգար եւ եթե միտումնավոր զորքերը ետ չքաշվեին գերակա դիրքերից, ինչը հիմա էլ Հայաստանի սահմաններում է կատարվում, մենք անհամեմատ ավելի լավ վիճակում կլինեինք:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































