Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստն է անցկացնում։ Հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանն (լուսանկարում) անդրադառնալով 2020թ․ գրանցված համավարակին՝ նախ նշեց․ «Դա պատերազմ էր վիրուսի դեմ, առաջամարտիկները բժիշկներն էին»։
Խաչատրյանի խոսքով՝ հանձնաժողովի նպատակն է վեր հանել բոլոր խնդիրները, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված կառավարության եւ պարետատան միջոցառումները եւ ներկայացնել առաջարկներ․ «Գնահատականներ են հնչում, որ համավարակի տարբեր այլ փուլեր են սպասվում, եւ ինստիտուցիոնալ զարգացումը կլինի ի շահ մեր երկրի եւ պետության»։
Նիստն ընթացակարգային էր։
Կարդացեք նաև
«Իմ քայլի» պատգամավոր, հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանը հետեւյալ մտահոգությունը բարձրաձայնեց․ «Գործընթացը չի ավարտվել, ինչպե՞ս եք պատկերացնում, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի պայքարի արդյունավետությունը։ Մետաղական հանքարդյունաբերության հարցով հանձնաժողովը տեսանք։ Արդյունքը զրո էր։ Հիմա ներքաշվում ենք մի գործընթացում, որի արդյունավետության գնահատականն աշխարհում չկա։ Թռչնագրիպի առումով կա՞ երկիր, որն արդյունավետության չափանիշ ունի։ Անգամ դա չկա։ Հանրությունը պատասխան է ակնկալում, որը, սակայն, չի լինելու»։
Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը պատասխանեց․ «Նախ, ցանկացած արդյունավետություն համար հանձնաժողովում կան տնտեսագետներ եւ իրավաբաններ, կքննարկենք չափորոշիչները, թե ինչպես կարելի է գնահատել արդյունավետությունը։ Առավելապես հենվելու ենք փորձագետների կարծիքների վրա, ուսումնասիրությունների վրա։ Պատկան մարմիններից էլ հարցումներ ենք անելու։ Հեղինակության ռիսկը շատ կարեւոր է, կիսում եմ ձեր մտահոգությունը»։

Արկադի Խաչատրյանն էլ վստահեցրեց, որ օրակարգը լայն է լինելու։
«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջարկել է Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը։
Ապա սահմանվեց, որ հանձնաժողովը կունենա երեք աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն համավարակի հետ կապված հիմնական հարցերի ոլորտները, եւ 12 հանձնաժողովականները կաշկանդված չեն մասնակցություն ունենալ դրանցից յուրաքանչյուրին։

Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ, ցավոք, վճարովի հիմունքներով փորձագետների ներգրավելու հնարավորություն չկա, բայց մասնագիտական եզրակացությունների համար հնարավոր է դիմել պատկան մարմիններին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































