Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք համայնքները գլխատում, ուզում եք՝ ժողովուրդն անտեր մնա՞»․ Արթիկի տարածաշրջանի 24 համայնք միավորում են մեկ փնջում

Հունվար 27,2021 20:00

Շիրակի մարզի մոտ 1600 բնակիչ ունեցող Նոր Կյանք համայնքը, որը բավական բարեկեցիկ է՝ լուսավորված փողոցներով, սոցիալապես քիչ, թե շատ ապահովված, դեռեւս չի խոշորացվել։ Արթիկի նախկին տարածաշրջանի 24 համայնքներ՝ ներառյալ Արթիկ քաղաքը, որոնց մեծ մասն, ի դեպ, խոշոր են, կայացած, մտադրված են միավորել՝ ստեղծելով մեկ փունջ։

Միավորման կոնկրետ ժամկետ դեռ նշված չէ, սակայն այս հարցը մշտապես քննարկվել է ու հետաձգվել տարբեր պատճառաբանություններով, վերջին մեկ տարում դերակատարություն են ունեցել համավարակն ու պատերազմը։ Պաշտոնական e-draft.am կայքում էլ տեղեկատվության կա այս 24 համայնքների միավորման մասին։ Մասնավորապես նշված է․ «ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի №65-Ա), ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի №650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների եւ միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը:

Այդ նախագծով նախատեսվում է ձեւավորվել հետեւյալ համայնքային փնջերը. ՀՀ Շիրակի մարզի Արթիկ՝ Արթիկ, Անուշավան, Արեւշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24)»:

Ժամանակակից դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, նույնիսկ փոքր արտադրամասեր՝ հացի փուռ, մեքենայի վերանորոգման արհեստանոցներ, խելացի անասնագոմ (50 անասնագլխաքանկի համար) ունեցող Նոր Կյանք համայնքի բնակիչները կտրականապես դեմ են միավորմանը։

Նրանց հետ հանդիպում նախատեսել էին դեռեւս երկու տարի առաջ՝ 2019 թվականի ամռանը։ Պետական պաշտոնյաները՝ տարածքային կառավարման նախարարությունից ու Շիրակի մարզպետարանից, որոշել էին այցելել, հանդիպել նրանց, բացատրել միավորման առավելությունները, սակայն, նրանք այդպես էլ Նոր Կյանք չէին հասել։ Բնակիչներն էլ,  հավաքվելով գյուղի  կենտրոնում, միահամուռ պնդել էին՝ դեմ ենք միավորմանը։

Նոր Կյանք համայնքի երկարամյա ղեկավար, մասնագիտությամբ գյուղատնտես Արա Սուքիասյանը տարիներ շարունակ եւս համարձակորեն արտահայտել է իր կարծիքը, քննադատել համայնքների միավորումը, հատկապես այն դեպքում, երբ համայնքը կայացած է, զարգացած, իր ուժերով տարբեր ծրագրեր է իրականացրել ու գրեթե ոչնչի կարիք չունի։

Նոր Կյանք համայնքի երկարամյա ղեկավար, մասնագիտությամբ գյուղատնտես Արա Սուքիասյանը

Այս համայնքում միակ խնդիրը ոռոգման ջրի պակասն է․ այն ապահովված է ամենօրյա ջրամատակարարմամբ, փողոցների լուսավորությամբ, գազաֆիկացված է։ Բնակիչներն էլ, որոնց մեծ մասը նախքան համավարակն աշխատել են Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես շինարար, արձակուրդներին տուն վերադառնալուն պես՝ իրենց «ոսկե ձեռքերով» վերանորոգել, եվրահարդարման են ենթարկել տները։ Այս գյուղի տների 70-80 տոկոսը վերանորոգված է։

Համայնքապետը հպարտորեն նշում է, որ Նոր Կյանքում տներն այնքան գեղեցիկ ու ճաշակով են հարդարված, որ իրենց շքեղությամբ չեն զիջում մայրաքաղաքային առանձնատներին։ Նա նաեւ հպարտանում է, որ արտագնա աշխատանքի մեկնող համայնքի բնակիչները դրսից բերած փողը ծախսում են ու ներդրում են անում համայնքում՝ որեւէ բիզնես հիմնելու համար։ Իսկ նրանք, ովքեր արտագնա աշխատանքի չեն մեկնում, զբաղվում են անասնապահությամբ։ Հատկապես խոշոր եղջերավոր անասուններ պահողները բավական մեծ եկամուտ ունեն։ Արա Սուքիասյանը նաեւ շեշտում է, որ վերջին տարիներին ծնելիության աճ կա Նոր Կյանքում։

Համայնքապետը նաեւ թվարկում է այն բոլոր ծրագրերը, որոնք տարիներ շարունակ իրականացրել է՝ Նոր Կյանքը գրավիչ ու հարմարավետ դարձնելու համար։

Թե ինչո՞ւ է Արա Սուքիասյանը կտրականապես դեմ համայնքների միավորմանը, նա միշտ ունեցել է իր հիմնավորումները, սակայն արցախյան վերջին գոյամարտն ավելի ու ավելի է համոզել, որ առանց հզոր, ինքնուրույն համայնքների պաշտպանված, հզոր հայրենիք չի լինում, առանց ընտրված, սրտացավ համայնքապետի էլ՝ թշնամու հետ բանակցողներ չեն լինում։

«Ես ընդհանրապես դեմ եմ բոլոր տեսակի խոշորացումներին։ Ես՝ որպես համայնքների միության վարչության անդամ, իմ տեսակետը մշտապես արտահայտել եմ, ընդհուպ կառավարության համապատասխան կառույցների հետ զրույցում, մասնավոր զրույցներում, պաշտոնական հանդիպումներում։ Ես հիմնավորել եմ պատճառը, թե խոշորացումն ինչով է սխալ, մինչեւ այսօր չեմ տեսել որեւէ հիմնավորում, թե համայնքների խոշորացումն ինչով է արդարացված։ Այսօր նաեւ կողմնակալ մոտեցում են ցուցաբերում՝ խոշորացված եւ չխոշորացված համայնքների նկատմամբ։ Դրամաշնորհ են տալիս՝ տեխնիկայի տեսքով եւ այլ, իսկ չխոշորացված համայնքներն այսօր ինչ անում են, իրենց ուժերով են անում։
Որպես համայնքի ղեկավար, երբ դեմ եմ արտահայտվում համայնքների խոշորացմանը, միանգամից մեր դեմքին շպրտում են, թե կողմնակալ մոտեցում եք հանդես բերում՝ ձեր աթոռը պահելու համար։ Եղբայր, եթե կապում եք դրա հետ, ես պատրաստ եմ աթոռը դնել, բայց եկեք համայնքները չքանդենք, էլի։ Այսքան տարի մենք ծրագրեր ենք արել, վերջը համայնքները շենացրել ենք՝ լուսավորությունից սկսած։ Այսօր համայնքում 250 լուսավորության կետ կա, նախկինում ընդհանրապես լուսավորություն չունեինք, եթե գիշերով Արթիկ գնացել եք, մեր համայնքի կողքով անցել եք, կտեսնեք, մայրուղին եւս լուսավորել ենք։ Ճանապարհներ ենք սարքել, ջրագծեր ենք անցկացրել, խմելու ջուր չունեինք, մեծ դժվարությամբ, զրոյից մեր համայնքում շուրջօրյա ջրամատակարարում ենք ապահովել։ Ժողովուրդն այսօր գոհ ու շնորհակալ է, դպրոցի շենքն էլ է կառուցվել, շարունակում ենք ճանապարհներ սարքել։

Գյուղի կենտրոնական մասում այգի ենք կառուցել, ծառներ ենք տնկել, հանգստի գոտի են սարքել՝ նստարաններով, խաչքար ենք տեղադրել։ Չկա այդպիսի տարի, որ մենք մեր համայնքի միջոցներով աչքի զարնող գործ չանենք։ Պարտադիր խոշորացո՞ւմ է պետք»,-ասում է համայնքապետը։

Նա նշում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, եւ համայնքները միավորելուց առաջ պարտավոր են լսել բնակիչների կարծիքները, շարժվել նրանց ցանկությամբ։

«Մենք ժողովրդավար երկրում ենք ապրում, եկեք ժողովրդին հարցրեք, ինձ մի հարցրեք, ոչ էլ իմ աշխատակազմին։ Ասեք ՝ժողովուրդ, ուզո՞ւմ եք համայնքների խոշորացում, ցանկանո՞ւմ եք լինի, թե՞ չլինի, ժողովուրդն ինչ պատասխան տվեց, դա էլ անենք։ Ես չգիտեմ՝ ինչու են խոշորացնում, որ ի՞նչ ցույց տան։ Եվրոպային ցույց տան, որ համայնքները խոշորացրեցի՞նք, գերմանական մոդելն են ներդնո՞ւմ։ Ժամանակին Գերմանիայում խոշորացրել են համայնքները, մեծ էֆեկտիվություն է տվել, իսկ էֆեկտիվությունը ֆինանսից է կախված, եթե դու խոշորացնում ես, մեծ ֆինանս պիտի տաս, ոչ թե մի տրակտոր, մի մեքենա ու վերջ, գործը արեցինք։

Իսկ Ֆրանսիայում գիտե՞ք ինչպես է, մինչեւ հիմա համայնքները խոշորացված չեն․ 15 բնակիչ ունեցող համայնքն ունի իր համայնքի ղեկավարը՝ իր ենթակառուցվածքներով։ Ինչո՞ւ եք բերում Գերմանիայի մոդելը, բերեք Ֆրանսիայինը։ Ֆրանսիային մենք ավելի նման ենք մեր մենթալիտետով։ Եվ հետո խոշորացված համայնքների աշխատակիցների թիվը որ գումարում ես, ավելի շատ է լինում, քան չխոշորացված ժամանակահատվածում։ Այսինքն՝ այսօր պատճառաբանում են, թե համայնքապետարանի աշխատակիցների թիվը կկրճատվի խոշորացման արդյունքում, գումար հետ կընկնի, համայնքի համար մի լավ գործ կանենք։ Եղբայր, եթե դուք դա՛ եք պատճառաբանում, եկեք, բոլորովս նստենք, համապատասխան հաստիքներ սահմանենք, ենթադրենք Նոր Կյանք համայնք այսքանից ավելի հաստիք իրավունք չունի պահելու։ Վերջ»,-առաջարկում է Նոր Կյանք համայնքապետը։

Նա նաեւ ասում է, որ համայնքապետարանում 10 աշխատակիցներ են, որոնց գերակշիռ մասը կանայք են։

Արա Սուքիասյանի կարծիքով, համայնքը գլխատում են՝ միավորման տանելով, մինչդեռ այսօր համայնքապետարանները ֆեդերալ կառույցների գործ են անում․ օրինակ՝ եթե լույս չկա, մեծ վթար է եղել, անմիջապես համայնքապետարանն է ահազանգում, խնդիրը կարգավորում, նմանապես խմելու ջուր չլինելու եւ մյուս հարցերի դեպքում. «Դուք, կոպիտ ասած, ուզում եք որ ժողովուրդն անտեր մնա՞։ Չի կարելի։ Պատերազմն ամեն ինչ լակմուսի թղթի պես ցույց տվեց, հզոր համայնքներով է հզոր երկիրը, եթե համայնքը թույլ, տկար եղավ, էլ ի՞նչ երկրի մասին է խոսքը։ Վերջերս մեր նախարարն ասաց՝ համայնքները ահռելի, չերեւացող աշխատանք կատարեցին պատերազմի ժամանակահատվածում։ Պատերազմն ի՞նչ ցույց տվեց․ սահմանամերձ համայնքներում ո՞վ էր բանակցողը թշնամու հետ, միայն համայնքների ղեկավարները։ Եվ հետո պատերազմական ֆորսմաժորային իրավիճակն ի՞նչ ապացուցեց, որ համայնքներն են այսօր կազմակերպող, շարժիչ ուժը՝ թիկունքից առաջնագիծ օգնություն հասցնել, ժողովրդի հետ խոսել, աժիոտաժը հանդարտեցնել։ Ո՞նց կարող է համայնքը համայնքապետ չունենա»:

Նրա մեկնաբանմամբ՝ վարչական ղեկավարը ոչ մի լիազորությունով օժտված չէ, նա ընդամենը ենթակա է համայնքապետին։ Ըստ պարոն Սուքիասյանի, ինքն անգամ բնակիչների ընդունելության ժամեր չունի, քաղաքացիներն առավոտից իրիկուն, երբ ցանկանում, համայնքապետի դուռը բացում, մտնում են իրենց հարցերով, իրենք էլ օգնում են։

«Համայնքների միավորումը հապշտապ չպիտի արվի, պիտի լավ ուսումնասիրվի, այդ գործընթացը պիտի լավ եփվի։ Այսօր խոշորացված համայնքներում, երբ իմ գործընկերների հետ խոսում եմ, մասնավոր զրույցներում թերություններն ասում են, բայց երբ պաշտոնապես են հարցնում, չգիտես ինչու, կաշկանդվում են ճշմարտությունն ասել։ Իհարկե, ես անուններ չեմ տա, բայց խոշորացված համայնքների ղեկավարների մասին է խոսքը։ Իսկ ժողովուրդը, ես բազմիցս գնացել եմ տարբեր տեղեր, մարդիկ ասում են՝ էս ինչ վիճակ էր, էն ժամանակ, որ մարզպետ էր գալիս, ուրախանում էինք, հիմա որ համայնքի ղեկավար ենք տեսնում, տոն է էդ օրը»,-ասում է Արա Սուքիասյանը՝ նշելով, որ իր գլխավորած համայնքում խաղաղ մթնոլորտ է, եթե վեճեր են լինում բնակիչների միջեւ, ապա իրենք հաշտեցնում են՝ չթույլատրելով դատարան հասնել։

Արա Սուքիասյանից տեղեկացանք, որ Նոր Կյանք համայնքի բյուջեն այս տարի կազմում է 57 միլիոն 159 հազար, 600 դրամ։ Այն նախորդ տարվա հետ համեմատ ավելացել է․ անցած տարի կազմել է 51 միլիոն 570 հազար դրամ, որից սեփական եկամուտները՝ մոտ 13 միլիոն դրամ են եղել, 38 միլիոն էլ՝ դոտացիան։ Այստեղ վարելահողերը քիչ են, սեփական եկամուտները հիմնականում ձեւավորվում են գույքահարկից, հողերի վարձավճարներից։

Համայնքապետի թվարկմամբ, 2020 թվականին բավական մեծ աշխատանք են կատարել, մեկ սուբվենցիոն ծրագիր են իրականացրել՝ 32 միլիոն 53 հազար 240 դրամ արժողությամբ։ Համայնքի ներդրումը 45 տոկոս է եղել, այսինքն՝ կազմել է 14 միլիոն 423 հազար 958 դրամ, մնացածը՝ 17 միլիոն 629 հազար 282 դրամը պետությունն է ֆինանսավորել։ 2,5 կիլոմետր գյուղամիջյան ճանապարհ են կառուցել․ նաև փողոցների՝ տուֆ քարով (338 գծամետր տուֆ քար են շարել) սալապատման աշխատանքներ են կատարել, խճապատել են։ Տուֆ քարով մասնավորապես պատել են դեպի համայնքապետարան, դպրոց ու նաեւ գերեզման տանող ճանապարհները։ Գյուղում նույնիսկ էլեկտրաէներգիայի նոր ենթակայան են կառուցել։

Ըստ համայնքապետի, մտածել են, որ գյուղամիջյան ճանապարհների վերակառուցումն ավելի կարեւոր է, քան համայնքապետարանի շենքի վերանորոգումը։ Այս տարի էլ համայնքապետարանի շենքը կվերանորոգեն, ուզում են նաեւ նոր փողոց բացել․ հին մանկապարտեզի շենքի մասում ճանապարհն են լայնացնելու, որպեսզի այդ թաղը միացնեն գյուղի կենտրոնին։ Բարեկարգելու են նաեւ ոչ բարեկարգ գյուղամիջյան ճանապարհները, ընդլայնելու են լուսավորության ցանցը։

Ըստ համայնքապետի, մեծ փողոցները լուսավորել են, մնացել են փոքր փողոցները։ Արա Սուքիասյանի ասելով, եթե պետությունը չվերանորոգեց դեպի Փանիկ գնացող ճանապարհը, ստիպված իրենք կկատարեն փոսալցման աշխատանքները։ Այս համայնքում ընդլայնում են նաեւ ջրաոռոգման ցանցը։

ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման ու հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանից հետաքրքրվեցինք, թե Արթիկի 24 համայնքները մեկ փնջով միավորելն ի սկզբանե՞ էր նախատեսված, թե՞ կառավարության նախագիծը նորություն է։

ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման ու հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը

«Ասեմ՝ ինչպես է եղել, սկզբում մեզ առաջարկվել է կարծիք ներկայացնել։ Մեզ ասելով՝ նկատի ունեմ ինչպես Շիրակի մարզպետարանին, այնպես էլ չմիավորված համայնքների ՏԻՄ ներկայացուցիչներին։ Մենք 2019 թվականին համայնքների ղեկավարների հետ մարզպետարանում քննարկումներ ունեցել ենք, եղել ենք նաեւ մի քանի համայնքներում՝ նախարարության ներկայացուցիչների հետ։ Մեր կողմից առաջարկություն հնչել է Արթիկի տարածաշրջանի 24 համայնքները միավորել՝ ձեւավորելով 5 փունջ, այսինքն՝ 4 փունջ ձեւավորել համայնքների միջոցով, իսկ Արթիկ քաղաքն՝ առանձին։ Առաջարկել ենք նաեւ Ախուրյանի չմիավորված 10 համայնքներից ձեւավորել երկու փունջ։

Առաջարկությունը ներկայացվել է, բայց երբ սկսվեց համավարակը, այդ գործընթացը կասեցվեց։ Հետո ստացել ենք նախագծի տեսքով, որ Արթիկի տարածաշրջանի 24 համայնքները միավորվեն արդեն մեկ համայնքում»,-ասաց Արամ Անտոնյանը ։ Ըստ նրա, քանի որ ռազմական դրություն էր եւ գործում էր արտակարգ դրություն, կառավարությանն առաջարկել են այդ հարցին անդրադառնալ այս իրավիճակից դուրս գալուց հետո, որպեսզի հնարավորություն ունենան համայնքներում շարունակել քննարկումները ու հասկանալ, թե կոնկրետ Արթիկում ի՛նչ մոդելով են միավորում համայնքները։

Արամ Անտոնյանն ասաց, որ նախագիծն արդեն հանրային քննարկման է դրված պաշտոնական e-draft.am կայքում։ Նրա խոսքով նախագիծը մարզպետարան չի ուղարկվել որպեսզի իրենք կարծիք հայտնեն:

Մեր դիտարկմանը, թե Արթիկի տարածաշրջանի գյուղական համայնքները բավական մեծ են, կայացած, շատերը գործ անող, ծրագրեր բերող համայնքապետեր ունեն, արդյոք նրանք կո՞ղմ են համայնքների միավորմանը, Արամ Անտոնյանն ասաց․ «Մեծ համայնքների ղեկավարները, որոնք տարիների ընթացքում կարողացել են սեփական հնարավորություններով տարբեր ծրագրեր իրականացնել համայնքում, բնականաբար, դեմ են։ Չեմ ասում բոլորը, բայց հիմնականում դեմ են։ Կան համայնքապետեր, որոնք միավորման գաղափարին են դեմ։ Ունենք նաեւ համայնքների ղեկավարեր, որոնք կողմ են, բայց որոշակի փնջերի տեսքով, ասենք, երբ միավորվեն 4-5 համայնք։

Իսկ փոքր համայնքները շահեկան դիրքերում են, որովհետեւ փոքր համայնքները տարիներ շարունակ իրենց աշխատավարձ վճարելուց բացի, գրեթե հնարավորություն չեն ունեցել ծրագրեր իրականացնել, կամ պետության կողմից աջակցություն են ստացել, նոր կարողացել են որոշակի աշխատանքներ կատարել համայնքներում։ Սեփական հնարավորություններով չեն կարող իրականացնել։

Մենք արդեն ունենք միավորված համայնքներ, ինչն ապացուցել է, որ փոքր համայնքները շահեկան դիրքերում են։ Տարբեր մոտեցումներ կան, բայց ասեմ՝ մեծ համայնքների ղեկավարները հիմնականում դեմ են միավորմանը, որովհետեւ իրենք կարողացել են որոշակի խնդիրներ համայնքներում լուծել, եւ այս պահին էլ գոնե ասենք մանկապարտեզներով կամ արտադպրոցական կենտրոններով ապահովված են»։
Մարզպետարանի ներկայացուցչի խոսքով, Արթիկի տարածաշրջանը հիմնականում ձեւավորված է մեծ համայնքներից, ընդամենը 5-6 փոքր համայնքներ կան։ Մնացածը կայացած համայնքներ են, որտեղ անգամ փոքր արտադրություն կա, ձեռնարկություններ եւ այլն»
«Նույնիսկ վերջին երկու տարում սուբվենցիոն ծրագրերին հայտ ներկայացնող ամենաշատ համայնքները Արթիկի տարածաշրջանի համայնքներն են եղել։ Ակտիվ են նաեւ մեր միավորված համայնքները, քանի որ բյուջեն հնարավորություն է տալիս, բայց չմիավորված համայնքներից ամենաակտիվը Արթիկի տարածաշրջանի համայնքներն են։ Կան համայնքներ, որոնք 1-2-3 ծրագիր միանգամից իրականացնում են։ Իսկ դա արդեն լուրջ ցուցանիշ է», -ասում է Արամ Անտոնյանը՝ նշելով, որ՝ կան համայնքներ, որոնք փոքր են, անգամ մանկապարտեզի շենք չունեն ու սիրահոժար սպասում են միավորմանը։

Արամ Անտոնյանը եւս փաստեց՝ պետական պաշտոնյաները, երբ այցելել են Նոր Կյանք համայնք, բնակիչները դեմ են արտահայտվել միավորմանը։

Ըստ Արամ Անտոնյանի, այս պահին էլ ճիշտ կլինի բնակիչներից կարծիք հարցնել՝ 24 համայնքները մեկ փնջում միավորելու նախագծի շուրջ։
Մարզպետարանի պաշտոնյայի խոսքով, Արթիկի տարածաշրջանը խիտ բնակեցված է․ ունի մոտ 50-60 հազար բնակչություն, հետեւաբար 24 համայնքները մեկտեղելու արդյունավետ լինել-չլինելու մասին ճիշտ կլինի լսել տեղաբնակներին։ Ըստ նրա, միավորումները պիտի շարունակվեն, միայն թե ճիշտ մոտեցմամբ։ Մեր զրուցակիցը մեջբերում է Անիի տարածաշրջանի 17 համայնքների միավորման օրինակը։ Ըստ նրա, Շիրակի մարզպետարանն առաջարկել էր Անիի սահմանամերձ համայնքները միավորել մեկ փնջով, իսկ Մարալիկին հարակից համայնքներն՝ առանձին փնջով։ Սակայն վերջնականապես որոշվել էր 17-ը համայնքը մեկ փնջով միավորել։

«Ընդունենք Անի Պեմզայում ինչ-որ հարց կա, որ համայնքի ղեկավարի ներկայությունը պիտի ապահովվի։ Շատ դժվար է Մարալիկից հասնել Անի Պեմզա ու օպերատիվ հարց լուծել։ Միավորման գաղափարն, իմ կարծիքով, պիտի շարունակվի, որովհետեւ արդյունքներ տալիս է, բայց մոտեցման հարցն է, թե քանի համայնք ենք միավորում»,-ասում է Արամ Անտոնյանը։

Նա կիսում է Նոր Կյանքի համայնքապետ Արա Սուքիասյանի այն կարծիքը, որ համայնքապետը մեծ դերակատարություն ունի համայնքի զարգացման գործում, վարչական ղեկավարը նշանակովի պաշտոնյա է ու չունի այդ լիազորությունները.«Այն, ինչ կարող է որոշել համայնքապետը, վարչական ղեկավարն այդ լիազորությունը չունի։ Որոշակի օպերատիվության խնդիր կա, հարցեր կան, որոնք արագ լուծման կարիք ունեն, մինչեւ այդ հարցը հասնում է համայնքի ղեկավարին, բնականաբար որոշ ժամանակ կորցնում ենք։ Հատկապես պատերազմական ժամանակաշրջանում, արտակարգ իրավիճակների ժամանակաշրջանում ավելի սուր է այդ խնդիրը, երբ պետք է վայրկյանների, րոպեների ընթացքում խնդիրը հասնի համայնքի ղեկավարին։ Եթե համայնքը միավորված չէ, համայնքապետն է որոշողը, շատ ավելի արագ է այդ հարցի լուծումը»։ Մարզպետարանի պաշտոնյայի խոսքով, օրենսդրական խնդիր կա, գուցե այդ հարցը վերանայվի․ «Վարչական ղեկավարներին ավելի իրավասություններ պիտի տրվեն, բյուջեն տնօրինելու իրավասություն, թեկուզ տնտեսական ծախսեր կատարելու, մանր խնդիրներ լուծելու իրավասություն»:

Արամ Անտոնյանի տեղեկացմամբ՝ համայնքների միավորումը Շիրակի մարզում մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ից։ Առաջին փուլով ձևավորվել են չորս միավորված համայնքներ։ Դրանք ձեւավորվել են Ամասիայի ու Աշոցքի նախկին տարածաշրջանի համայնքներից։
Համայնքների միավորման երկրորդ փուլը 2017 թվականի նոյեմբերին էր, որի մեջ ընդգրկվել են Անիի տարածաշրջանի 17 համայնքները եւ Ախուրյանի տարածաշրջանի 33 համայնքներից 23-ը։ Ախուրյանի 10 համայնքներ դեռ միավորված չեն։ Այս պահին, ըստ պաշտոնյայի, մարզի համայնքների թիվը 42 է, որից 7-ն արդեն միավորված համայնքներ են։

Արթիկի տարածաշրջանի 24 համայնքների միավորման վերաբերյալ մտահոգությունները փոխանցեցինք Շիրակի մարզ ժամանած ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։ Մեր հարցին՝ 24 համայնք մեկ փնջում միավորելով արդյոք խնդիրներ չե՞ն առաջանա, նախարարը պատասխանեց․ «Ես ձեր հարցը չեմ հասկանում, պիտի միավորվեն՝ 24-ն են, 25 են, 30-ն են»։
Նախարար Պապիկյանն ասաց, որ այս տարի համայնքների միավորումներ լինելու են, քանի որ շատ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնավարման ժամկետն ավարտվում է․ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան աշնանը:
«Ռազմական դրության պայմաններում մենք չենք կարող օրենսդրական փոփոխություններն առաջ տանել, քանի որ նաեւ համայնքների հետ շփվելու խնդիր կա, լսելիության խնդիր կա։ Այսինքն՝ Մենք չենք կարող, այսպես ասած, այդ ժամանակն օգտագործել ու կուլիսներում ինչ-որ բան անել։ Ամեն ինչ պիտի հրապարակային լինի, համաձայնեցված»,-ասաց նախարարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Արա Սուքիասյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ոչ մի իշխանության ձեռնտու շէ ինքնավար,անկախ քաղաքականություն վարող համայնք՝բա որ ընտրություններին էլ անկախ հանդես գաք,իշխանությունը ինչպես է վերարտադրվելու՝միավորման դեպքում նրանք կպահանջեն մեկ համայնքապետից,իսկ այս դեպքում մի քանի՝ծախսերը շատանում են….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031