Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ Վանաձորը հասցնում եք մինչեւ Մառնեուլ»․ թեժ քննարկում խորհրդարանում

Սեպտեմբեր 09,2026 17:44 Share

ԱԺ Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթին։

ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ասաց, որ նախագծով առաջարկում են Լոռու մարզի Վանաձոր եւ Փամբակ համայնքների միավորմամբ ձեւավորել նոր Վանաձոր խոշորացված համայնք՝ 22 բնակավայրերով։ Իսկ Արարատի մարզի Արարատ եւ Վեդի համայնքների միավորման արդյունքում առաջարկվում է ստեղծել նոր Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրերով։

Նա նշեց, որ սա կառավարության վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն է։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը հարց ուղղեց ՏԿԵ փոխնախարարին․ «Վանաձորում ու մյուս համայնքներում ե՞րբ են եղել հանրային քննարկումները եւ ի՞նչ արդյունավետության չափորոշիչներից օգտվելով եք այսօր որոշել, որ դա արդյունավետ միավորում է։ Ինչո՞ւ չի անցկացվում տեղական հանրաքվե»։

Փոխնախարարն ասաց, որ կոնկրետ ամսաթիվ չի հիշում, բայց բավականին ընդգրկուն եւ լայն կազմով քննարկում է տեղի ունեցել։

Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Վանաձորը նախկինում դե յուրե չի խոշորացել։ «2021 թվականին, երբ բերվեց այդ խոշորացման ծրագիրը, ընտրությունները կայացան, Վանաձոր համայնքը դե յուրե չի խոշորացել, որովհետեւ Վանաձոր համայնքը ղեկավար չի ընտրել, այդ համայնքի ղեկավարը վարչական շրջանների ղեկավարներ չի նշանակել, բյուջեի միավորում եւ գնահատում տեղի չի ունեցել։ Հետեւաբար, եւս մեկ անգամ գնալ խոշորացման՝ առանց դրա արդյունավետությունն ու չափելիությունն իմանալու, դա ուղղակի ձեր կողմից քաղաքական քայլ է։ Դուք քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կրկին անգամ Վանաձորը հասցնում եք մինչեւ Մառնեուլ։ Վանաձորը երբեք իր մեջ գյուղական բաղադրիչ չի կրել, 1930-ական թվականներից մինչեւ 2021 թվականը Վանաձորը զուտ քաղաքային մշակույթի, արտադրության, գիտատեխնիկական պոտենցիալի քաղաք էր։ Վանաձորը նույնիսկ մեկ քմ գյուղատնտեսական հող չի ունեցել»,- նշեց Ասլանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցրեց․ «Ինչո՞ւ պետությունը չի գնում հանրաքվեի ճանապարհով։ Առաջին երեք խոշորացված համայնքները Հայաստանում հանրաքվեի արդյունքում են ստեղծվել։ Ավելի լավ չէր լինի, որ պետությունը հենց համայնքի բնակիչներին հարցներ՝ արդյոք պետք է խոշորացնել, թե՞ չէ»։

Առնակ Ավետիսյանն ասաց, որ հանրաքվեի գործիքն օրենքում եղել է 2016 թվականի խոշորացման ժամանակ, հետո այդ պարտադիր գործիքը հանվել է։ «Մենք երբեւէ որեւէ դիմադրություն հասարակության կողմից այս վերափոխմանը չենք նկատել, իսկ սկզբնական փուլում կար այդ դիմադրությունը։ Հիմա մարդիկ տեսել են արդյունավետությունը եւ ողջունում են այդ նախաձեռնությունը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն էլ հարցադրում արեց․ «Սա առաջին դեպքը չէ, ինչո՞ւ է համայնքների խոշորացումը միշտ տեղի ունենում ընտրություններից առաջ։ Այսինքն՝ այդ համայնքներում պետք է ընտրություններ լինեն, եւ քաղաքական պատճառներից ելնելով՝ կառավարությունը գնում է համայնքների խոշորացման»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԿԵ փոխնախարարն ի պատասխան ասաց․ «Այո, այս վարչատարածքային բարեփոխումները քաղաքական նպատակահարմարությամբ ենք իրականացվում։ Այդ քաղաքական նպատակահարմարությունը ՀՀ քաղաքացիների եւ մեր համայնքների բնակիչների բարեկեցիկ կյանքն ապահովելն է։ Եվ դա մեր հստակ քաղաքական հանձնառությունն է։ Ինչ վերաբերում է այն քաղաքական նպատակահարմարությանը, որը դուք ի նկատի ունեք, այսինքն՝ նեղ կուսակցական քաղաքական նպատակահարմարությունը, դա չկա։ Վանաձորում մենք ի՞նչ քաղաքական խնդիր ունենք, չունենք։ Մենք Փամբակում, Արարատում, Վեդիում քաղաքական խնդիրներ չունենք լուծելու։ Այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն քաղաքական խնդիրներ ունի լուծելու, այդ համայնքները չկան այս նախագծի մեջ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930