Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ մութ ուժեր ինչ-որ մի մեծ ծրագրի համար տարիներ առաջ ընտրել են իջեւանցի տղային, սկսել կառավարել նրան…». Լենա Նազարյանը՝ դավադիր թեզերի, Քոչարյանից «ահաբեկվելու» մասին

Փետրվար 05,2021 14:25

Երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի, ներքաղաքական խնդիրների շուրջ Aravot.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:

Տիկին Նազարյան, Ռուսաստանի հետ օդային սահմանը բացվեց ու օդանավակայանում, ինչպես Նաիրա Զոհրաբյանը բնորոշեց, արմագեդոն է, հեռանում են Հայաստանի 3 մլն վարչապետները, սա աղետ է, ո՞նց եք կանգնեցնելու այս համատարած արտագաղթը: 

– Մի բան, որի դեմը հաստատ հնարավոր չէ առնել, դա Նաիրա Զոհրաբյանի ընկալմամբ վերահաս արմագեդոնի կամ աշխարհի վերջի մասին տրամադրություններն են, որոնք նա շարունակելու է տարածել՝ ներշնչելով մարդկանց, որ պետք է հուսալքվել եւ հեռանալ: Մինչդեռ արմագեդոն տեղի չի ունեցել, ընդամենը որոշակի պայմաններով վերականգնվել է Հայաստան-Ռուսաստան ավիահաղորդակցությունը:

Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Ազգային ժողովում, երբ քննարկում էինք համաճարակով պայմանավորված արտակարգ դրության սահմանափակումները, Նաիրա Զոհրաբյանը պա-հան-ջում էր, որ վերջապե՛ս բացվեն սահմանները Ռուսաստանի հետ, որպեսզի կառավարության շենքի մոտ ցույցեր անող եւ արտագնա աշխատանքների մեկնող մարդիկ կարողանան վերադառնալ Ռուսաստան: Այդ մարդկանց պատանդ էր անվանում, այն դեպքում, երբ Ռուսաստանն էր փակել իր սահմանները ԵԱՏՄ երկրների և, այդ թվում՝ Հայաստանի համար: Հիմա, երբ Ռուսաստանը բացել է սահմանները, ու մարդիկ երկարատեւ սպասումից հետո ձգտում են արագ վերադառնալ իրենց աշխատանքին կամ վերամիավորել ընտանիքների հետ, Նաիրա Զոհրաբյանը սա անվանում է աշխարհի վերջ:

Մենք չգիտե՞նք, որ Ռուսաստանում 1 մլն-ից ավելի հայ է ապրում եւ նրանք մշտապես տեղաշարժվում են Մոսկվա-Երեւան կամ հակառակ ուղղություններով: Կա արտագաղթ, թե չկա, դեռ ոչ մի տեղ հաստատված չէ: Դրա մասին կարող ենք խոսել, երբ կհրապարակվի տարեկան վիճակագրությունը:

Երկրում ճգնաժամ է: Ընդդիմությունն ասում է՝ եթե իշխանությունը «չի գիտակցում պահի լրջությունն ու ինքնակամ չի հեռանում, կհեռացնենք», դուք ասում եք՝ «չեն ուզում արտահերթ ընտրություններ, շատ լավ, կլինեն հերթական ընտրություններ, ամեն դեպքում քաղաքական փոփոխությունները լինելու են համապետական ընտրությունների միջոցով»: Ի վերջո ի՞նչ ռեալ լուծում եք տեսնում այս իրավիճակում:

– Ընդդիմությունը շարունակում է ճգնաժամն օգտագործել որպես ժողովրդին շրջանցելու ու իշխանությանը հասնելու տրամպլին: Շենքեր գրավել, զոռով իշխանություն փոխել՝ սա է մտքներին ու նաեւ լեզվին: Մենք ասում ենք՝ ուզո՞ւմ եք 30 տարի հետո էլ փորձել ճգնաժամային կառավարում անել, հարցրե՛ք ժողովրդին, արդյոք գո՞հ են ձեր ճգնաժամային կառավարման նախորդ փորձերից: Եթե գոհ են, ձեզ կընտրեն, կանեք: Համաձայն չեն ժողովրդից հարցնելու առաջարկին: Երբ ընդդիմախոսներն ասում են, որ իշխանության հետ որեւէ բովանդակային խոսակցություն բացառված է (Իվետա Տոնոյանի բառերն են) եւ, մինչեւ այդ էլ հասցրել են հանրությանը ժեխ ու բոմժ անվանելով, բացառել խոսակցությունը հանրության հետ, կառավարող ուժը բովանդակային խոսակցություն կունենա քաղաքական–հասարակական այլ դերակատարների հետ, որոնք բովանդակային խոսք են ասում եւ վերջում մենք մեր ներսում, առանց խորհրդարանական ուժերի կոնսենսուսի, կորոշենք՝ գնալ արտահերթ ընտրությունների, թե չգնալ: Կորոշենք անել այնպես ինչպես մե՛ր պատկերացմամբ է ճիշտ հանրային շահի տեսանկյունից այս իրավիճակում:

Մի կետում էլ արձագանքեմ խորհրդարանական ընդդիմությանը. Մարուքյանն ու Մելքումյանը կասկած են հայտնել, որ վարչապետը հրաժարական չի տալիս, որովհետեւ մտավախություն ունի, որ իբր, «Իմ քայլը» երկշաբաթյա ժամկետում այլ վարչապետ կընտրի: Վստահ եմ ասում, որ նման անապահովություն մենք չունենք: Այն, որ առանց ժողովրդի քվեի կամ հանրային պահանջի վարչապետի փոփոխությունը է՛լ ավելի սուր կդարձնի ձեր ասած ճգնաժամը, գիտակցում եւ բացառում է յուրաքանչյուրը «Իմ քայլը» խմբակցությունում: Կարող եմ այս պահին էլ կռահել, որ մեր ցանկացած որոշում՝ գնալ ընտրությունների, թե ոչ, չի գոհացնելու ընդդիմությանը, բայց որոշում կայացնելուց հետո շարժվելու ենք առաջ:

Գիտեք, որ պատերազմից հետո շատ հաճախ են հնչում Փաշինյանին ու նրա իշխանությունը բռնի ուժով հեռացնելու հայտարարություններ: Միայն օրերս Եռաբլուրում եղավ զենքի միջոցով Փաշինյանին ֆիզիկապես հեռացնելու, ճիպոտով հեռացնելու մասին հայտարարություններ, չե՞ք կարծում, որ հերթական Հոկտեմբերի 27-ը կարող է լինել, որը մեր երկիրը հետ կշպրտի եւս մի տասը տարով, ինչո՞ւ չհեռանալ խաղաղ ճանապարհով, աթոռներից չկառչելով:

– Ձեր հարցն այնպիսին է, կարծես Եռաբլուրում հայտարարություն անողի ասածը քաղաքական խոսք է, որին պետք է քաղաքական խոսք կամ գործողություն հետեւի իմ կողմից: Մինչդեռ ասվածը քրեական օրենսգրքի հոդվածով սահմանված հանցագործություն է, որին պետք է եւ հետեւել է իրավապահ մարմինների գործողությունը: Ես կարծում եմ, մենք պետք է խոսենք ոչ թե հոկտեմբերի 27-ի կրկնության վտանգի մասին, այլ այդպիսի հայտարարություններ անողներին լրատվականների եթերներում (այդ թվում եւ ձեր) չլուսաբանելու ու դատական համակարգի կողմից նման հայտարարություններ անողների նկատմամբ պատիժ չկիրառելու խնդիրների մասին: Այ հենց ա՛յդ լուսաբանումն ու անպատժելիություն է խնդիր, թե չէ մնացածը հետեւանքներն են ընդամենը:

Մի կողմից արդարադատության նախարարությունը ջանքեր է գործադրում դատական համակարգը փոխելու, մյուս կողմից էլ ոմն Իսագուլյանի բռնության կոչին չի հետեւում արդարադատություն եւ պատասխանատվություն, փոխարենը հետեւում է ոմն Սայաթ Շիրինյանի բռնության կոչը, դրան էլ հետեւում է ոմն Վահան Բադասյանի բռնության կոչը: Երբ դատարանն այսպիսի մարդկանց ազատ է թողում, որ տարածեն իրենց հակամշակույթ, հանցավոր խոսքը, լրագրողներն էլ խանդավառված խոսափող են տրամադրում նրանց, մենք դեռ քայլելու ենք թունելի միջով: Եվ այս երեւույթների նկատմամբ լրագրողական ու դատական համակարգի հանդուրժողականությունն է նաեւ մեզ հետ շպրտում մի տասը տարով, անպայման չի Հոկտեմբերի 27 լինի՝ հետ շարժվելու համար:

Դուք ձեր հարցազրույցներից մեկում հայտարարել էիք, որ այլեւս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել կորցրած տարածքները ու դուք ուզում եք, որ քաղաքական գործընթացների միջոցով դա անենք: Ձեր այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել, ձեզ ասում են՝ ի՞նչ քաղաքականություն, երբ հակառակորդը խոսում է միայն ռազմական հռետորաբանությամբ, խոսում է արդեն Երեւանի՝ պատմական ադրբեջանական հող լինելու մասին, առանց պատերազմի ո՞նց ենք այդ տարածքները հետ բերելու:

-Այնպիսի տպավորություն է, որ ԱԳՆ-ին, որը տարիներով նույն բանն է ասել, այդ տարաբնույթ հայտարարություններ անողները չեն հավատացել եւ, ահա, ես ասացի՝ հասկացան, որ տողատակ չկա: Հիմա էլ եմ ասում, որ Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում եւ այն պետք է կարգավորվի բացառապես քաղաքական ճանապարհով: Երբ ասվել է, որ պատերազմը լուծում չի, չի՛ ասվել միայն այն բանի համար, որովհետեւ պատերազմը արհավիրք է եւ եկեք խուսափենք, այլ որովհետեւ Ղարաբաղի հարցը չի՛ լուծվում ռազմական ճանապարհով: Ադրբեջանը պատերազմներ է սկսել Հայաստանի դեմ, բայց այդ պատերազմների արդյունքներով՝ լինի հաղթանակ, թե պարտություն, Ղարաբաղի հարցը լուծում չի ստացել ոչ մի կողմի համար: Չորրորդ, հինգերորդ պատերազմներն էլ ոչինչ չեն լուծի: Որքան էլ, Ալիեւը ասի, որ հարցը փակված է, այդպես չէ, որովհետեւ Արցախում ապրում է 100.000-ից ավելի հայ, խաղաղ բնակչություն, որոնց կյանքը անվտանգ չի կարող համարվել, եւ որովհետեւ այդ հարցը տարբեր երկրների քաղաքական օրակարգում է: Ուրեմն քաղաքական լուծում է պետք փնտրել, աշխատել, չհոգնել ու գտնել վերջապես: Իսկ այդ տարաբնույթ անհարկի մեկնաբանություններ անողներին հարցրեք՝ իսկ այս ամենից իրենց եզրահանգումը ո՞րն է: Ո՞րն է իրենց եզրահանգումը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը, ապա ատելության ու թշնամանքի խոսքն արձանագրվում ու անդրադարձ արվում է արտաքին գերատեսչության, մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային հաստատությունների կողմից: Դա շատ կարեւոր աշխատանք է: Իսկ բացի այդ, դրան ի պատասխան պետք է ունենալ քաղաքական եւ ռազմական ժամանակակից անվտանգության համակարգեր: Քաղաքական անվտանգության երաշխիքներից է, օրինակ, Մոսկվայում հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ: Ռազմական ժամանակակից անվտանգության համակարգ պետք է մտածեն ու կառուցեն համապատասխան ռազմական մասնագետները, ինչը նույնպես կառավարության առաջնահերթ օրակարգում է:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններին է մասնակցելու եւ «կրելու» է, ընդդիմադիրները գտնում են, որ միայն նրա այդ հայտարարությունը ձեր իշխանությանը սթրեսի է ենթարկել, դուք հիմա ահաբեկվա՞ծ եք դրանից:

-Ոչ, ահաբեկված չեմ: Ռոբերտ Քոչարյանի բռնության ու կոռուպցիայի ժամանակաշրջանը Հայաստանի համար առհավետ անցած ժամանակ է: Ռոբերտ Քոչարյանն անցած ժամանակ է՝ ինչ էլ որ ասի:

Դուք բացառո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը ինչոր մեծ ծրագրի մաս է, որն օգտագործվում է՝ ընդդեմ Հայաստանի: Անընդհատ կարծիքներ են հնչում, որ ձեզ իշխանության են բերել ինչոր մութ ուժեր: Եթե դուք ԱԺ փոխնախագահ լինելով՝ ընդհանրապես տեղյակ չեք եղել, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերում Փաշինյանը նոյեմբերի 9-ին, հնարավոր չէ՞, որ դրա մասին էլ տեղյակ չլինեք:

-Բոլոր դավադրապաշտական թեզերի նպատակը մեկն է՝ համոզել մարդկանց, որ նրանցից ոչինչ կախված չէ: Ինչ-որ մութ ուժեր ինչ-որ մի մեծ ծրագրի համար տարիներ առաջ ընտրել են իջեւանցի տղային, սկսել կառավարել նրան, որ ընդունվի ԵՊՀ Ժուռֆակ, հիմնի ընդդիմադիր օրաթերթ, ընտրվի ընդդիմադիր պատգամավոր, քննադատի իշխանությանը ու վերջում հեղափոխություն անի, իսկ ժողովուրդն էլ ո՛չ իմացել է, ո՛չ հեղափոխություն արել, ո՛չ մասնակցել, ո՛չ քվեարկել… Այսպիսի թեզեր տարածողների համար ժողովուրդ գոյություն չունի: Կան աշխարհի ուժեղներ, խելոքներ ու ճարպիկներ, բայց ժողովուրդ չկա:

2018թ.-ի հեղափոխությունը մի շատ կարեւոր հեղափոխություն արեց մարդկանց մեջ՝ մարդիկ տեսան, որ նրանք կան ու նրանք ուժեղ են: Դեռ շատ բան կփոխվի, բայց սա կմնա անփոփոխ:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, մեկ անգամ արդեն ասել եմ. դա առաջարկ չէր, որը պետք է բերվեր ԱԺ ու ընդունվեր կամ մերժվեր:

Զրույցը՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garo says:

    Ոնց պրիմիտիվ կաին տենցել մնացել են: Նենց չի, որ կոնկրետ իջևանցի տղայի են ընտրել:
    10նյակ տարիներ ինտեսիվ պրոպագանդայա արվել հազարավոր մարդիկ էտ պրոպագանդայի կուտը կերեր են: Շատերը էտ պրոպագնադայի ազդեցության տակ իրենք են նույն պրոպագանդան արել:

    Դրա արդյունքում իջևանցին Նիկոն կդառնար երկրի ղեկավար, թե երևանցի Լենան թե Արթուր Սաքունցը իրանց մեկ էր: Կարևորը քիրվայականները գաին իշխանության:

  2. Ներեցեք, բայց էական սխալմունք կա: Նշված օրաթերթը ոչ թե «իջևանցի տղան» է հիմնել՝ իմ բարեկամ Նիկոլ Փաշինյանը, այլ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Նմանատիպ սխալմունքները մեկ այլ պարագայում, ասենք՝ դիվանագիտական կամ ռազմական, ունենում են աղետալի հետևանքները: Թեև այս սխալմունքն էլ վարժեցնում է կեղծիքի: Կա՛մ պետք է չխոսել, կա՛մ ասել միմիայն ճշմարիտը, մանավանդ երբ ասողը պետական շատ բարձր պաշտոնյա է: Հավելեմ, որ հստակ տարբերում եմ «վրիպում» և «սխալմունք» բառերը (հարգելով անմեղության կանխավարկածը՝ խուսափեցի «կեղծիք» բառն օգտագործելուց): Շնորհակալություն, եթե հետագայում հաշվի առնվի այս նկատառումը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728