Լրահոս
Օրվա լրահոսը

Սարհատ Պետրոսյան․ «Քաղաքային պլանավորման մակարդակում մենք պատրաստ չենք երկրաշարժին, քաղաքացիական պաշպանությանը, ապաստարաններ չկան»

Փետրվար 16,2021 15:36

Քաղաքաշինությունը, համաձայն ՀՀ օրենսդրության, բաղկացած է երեք մակարդակից՝ քաղաքային պլանավորում, շինարարություն եւ շենքերի շահագործում, պետությունն ու համայնքներն այս ոլորտին լուրջ չեն վերաբերվել, պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, բարեփոխումները պետք է շարունակական լինեին, մինչդեռ, հատկապես վերջին երկու տարում, ոլորտում հետընթաց է տեղի ունեցել։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում Հայաստանի շենք-շինությունների սեյսմիկ անվտանգության խնդիրների շուրջ քննարկման ժամանակ ասաց ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը։

Սարհատ Պետրոսյան

Նա նշեց՝ նախկինում դաշտն ազատականացվել էր, բայց կոռուպցիայի պատճառով նույն պետությունը՝ քաղաքաշինության նախարարությունը, չէր կարողանում պատշաճ վերահսկողություն իրականացնել լիցենզավորման գործընթացի նկատմամբ, ում ասես լիցենզավորում էին, պետական փորձաքննության համակարգը չէր աշխատում, տեխնիկական վերահսկողության համակարգը չէր աշխատում․ «Եվ փոխարեն լուծվեր այդ խնդիրը, 2018 թվականին հիմար որոշում կայացվեց՝ պետական համալիր փորձաքննություն եզրույթը մտավ շրջանառության մեջ, որով իբրեւ թե բոլոր լուրջ նախագծերը քաղաքաշինության կոմիտեում անցնում են լուրջ վերահսկողություն։ Սա «նոնսենս է», պետական 12 մարմինները, պետական պաշտոնյաներն իրենց դիրքորոշումն են հայտնում, որ նրանց գործը չէ դա, ու գրավոր համաձայնություն են տալիս, որ պայմանագրում նշված այս դպրոցը նորմաներին համապատասխանում է եւ կարելի է իրականացնել շինարարությունը։ Աշխարհի ոչ մի ազատ շուկայական երկրում նման բան չկա։ Եվ մենք պատկերացում չունենալով, թե ինչպես ենք ուզում ոլորտը բարեփոխել, ինչ-որ կիսախորհրդային, կիսակոռուպցիոն, կիսաթայֆայական մտածողությամբ փորձում ենք ինչ-որ լուծումներ գտնել։ Սա է պատկերը։ Ո՛չ այսօր, ո՛չ սրանից հինգ տարի առաջ այդ գործընթացում որեւէ փոփոխություն չի եղել եւ դժբախտաբար ներկա գործընթացները, որ տեսնում եմ՝ ոչ միայն բարեփոխումներ չեն լինի, այլեւ հետընթաց է լինելու։ Որովհետեւ կառավարությունն իր առաջնահերթ մի շարք ծրագրերով իբր թե տնտեսությունը պետք է վերականգնի, դրանցից հինգ-վեցը խոշոր քաղաքաշինական, քաղաքային պլանավորման նախագծեր են, բայց պետական համակարգում, եւ ոչ միայն պետական, չկա կարողություն այդ կարգի նախագծեր իրականացնելու»։

Սարհատ Պետրոսյանի կարծիքով՝ ամբողջ համակարգը պետք է ամբողջովին վերանայվի, եւ պետք է քաղաքաշինություն բառից հրաժարվել, շրջանառության մեջ դնել քաղաքային պլանավորում եզրույթը եւ ծրագրվեն դրան առնչվող գործընթացներն ու դառնան իրավական փաստաթղթեր։

Ինչ վերաբերում է շենքերի սեյսմիկ անվտանգությանը, ապա պարոն Պետրոսյանն ասաց՝ պետությունը փոխարակ սեյսմիկ անվտանգության եւ այլ խնդիրներ բարձրացնի, հանրային միջոցներով սուբսիդավորում է նոր կառուցապատումները՝ եկամտահարկի վերադարձի միջոցով․ «Եվ ինչ է տեղի ունենում՝ բարձր եւ միջին խավի բնակիչները թողնում են խորհրդային շենքերը, տեղափոխվում են նորեր, իսկ սոցիալապես անապահովները խոցելի շենքերում են մնում, որոնք նախագծված են իբր թե յոթ բալ երկրաշարժի համար, բայց հաշվի առնելով շինարարության որակը, դրանք վտանգավոր են։ Մի քանի տարի հետո ունենալու ենք սոցիալապես խոցելի խմբեր, բնակվելով խորհրդային տարիներին կառուցված շենքերում, ի վիճակի չեն լինելու շենքի վարձերը մուծել, ու պետության համար հսկայական խնդիր է առաջանալու ու էլի հանրային միջոցներ ծախսելով են խնդիրը լուծելու»։

Սարհատ Պետրոսյանը նաեւ նշեց քաղաքում խիտ կառուցապատումը, ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը, որոնք հիմնարար սխալներ են․ «Ես չեմ տեսնում այն մարդկային եւ մասնագիտական ռեսուրսը, որը կարող է այս խնդիրները լուծել, նաեւ քաղաքական կամք չեմ տեսնում»։

Ռուզաննա Ադամյան

Քննարկման մասնակից ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանն էլ համաձայնեց պարոն Պետրոսյանի հետ, նշեց՝ հատկապես փորձաքննության աշխատանքներն անբավարար են։ Եվ այս խնդրի լուծման նպատակով, կոմիտեն մտադիր է պետական փորձաքննական մարմին ստեղծել։ Իսկ շատ փորձաքննական ընկերությունները, ըստ տիկին Ադամյանի, տարիներ շարունակ գործել են «օրենսդրության» շրջանակներում, սակայն հաճախ ուղղակի մեխանիկական աշխատանք են կատարել եւ նախագծերի հետ կապված տրված եզրակացությունները եղել են անբավարար՝ որակական առումով։ «Խնդիրները շատ են, փորձում ենք հաջորդաբար լուծել»,-ասաց տիկին Ադամյանը։

Սարհատ Պետրոսյանն էլ փորձաքննական պետական մարմին ստեղծելու գաղափարը «նոնսենս» համարեց, նշելով՝ ինչպես կարելի է արդեն ազատականացված դաշտը՝ ազատ շուկայական երկրում կրկին վերցնել եւ տալ պետությանը։

Պարոն Պետրոսյանն ասաց, որ պետք է քաղաքային պլանավորման փաստաթղթերը նորմալ մշակել, բայց դա չպետք է նույն մարդիկ անեն․ «Որովհետեւ այդ մարդիկ, որոնք Երեւանի գլխավոր հատակագիծը, գոտեւորման նախագծերը մշակել են, ու դրանք կոպեկ չարժեն, իսկ պետությունը միլիոններ է ծախսել, այսօր չեն լուծում խնդիրները։ Այսօր պլանավորման մակարդակում մենք պատրաստ չենք երկրաշարժին, քաղաքացիական պաշպանությանը պատրաստ չենք, ապաստարաններ չկան, ապաստարանների համար նորմեր չկան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728