Լրահոս
Օրվա լրահոսը

Դրվագային գործողություններով հնարավոր չէ հասնել հաջողության

Փետրվար 22,2021 13:00

Հարցազրույց «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, Գյումրիի «Խառատյան արվեստի կենտրոն» ծրագրի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ

– Դուք փորձառու եք արվեստի կառավարման ոլորտում: Այս ոլորտում ձեր գործունեությունը սկսել եք 1998թ.-ից: Հանդիսացել եք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, հետո Ազգային օպերային թատրոնի մարկետինգի, զարգացման եւ կոմունիկացիաների կառավարման պատասխանատու, աշխատել եք Բեռլինում Գրքի եւ մեդիայի միջազգային գործակալությունում՝ որպես կրթական եւ մշակութային դրամաշնորհային նախագծեր մշակող եւ այլն: Շուրջ 10 տարի «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն եք: Ենթադրում ենք՝ համակարծիք կլինեք, որ արվեստն ու մշակույթը ավելի խորքային հարցեր են լուծում երկրի համար, քան միայն ապահովում բարձրաճաշակ ժամանց:

– Համամիտ եմ: Ուսումնասիրելով արվեստի նշանակությունը հոգեւոր պլանի վրա, պետք է փաստենք, որ արվեստը գիտակցության ձեւավորման հզոր միջոց է: Վերջին տարիներին, երբ նյութական էվոլյուցիան տեղի է տալիս հոգեւորի առաջ, մշակույթում գոյություն ունեցող խնդիրները սկսեցին ընկալվել որպես ազգային եւ գլոբալ անվտանգության ապահովման առարկա: Այսինքն, զարգացնելով արվեստը՝ ամրացնում ենք հոգեւոր սահմանները, ինչը իր հերթին հանգեցնում է ֆիզիկական գոյության կայունացմանը: Այսպիսով, մշակույթի խնդիրը իր ժամանակակից ընկալման մեջ ոչ միայն հրատապ փիլիսոփայական ու մշակութային խնդիր է, այլ առաջին հերթին ազգային եւ գլոբալ անվտանգության կարեւոր ռազմավարական հարց: Շատ երկրներ մեծ ուշադրություն են դարձնում եւ մեծ ներդրումներ են իրականացնում մշակույթը որպես «փափուկ ուժ» դիտարկելով կամ այլ կերպ ասած՝ մշակութային դիվանագիտության զարգացման եւ իրականացման համար:

– Լայն ընթերցողի համար փոքր-ինչ կբացե՞ք «փափուկ ուժ» եզրույթի փակագծերը:

– «Փափուկ ուժ»-ը կարելի է նկարագրել որպես համընդգրկուն գործիք արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար՝ հենվելով քաղաքացիական հասարակության ներուժի, տեղեկության, մշակութային եւ այլ մեթոդների վրա՝ որպես այլընտրանք ավանդական դիվանագիտության: Ամենահայտնի օրինակներից են, ասենք՝ «Կոնֆուցիոսի ինստիտուները» աշխարհում՝ չինական լեզուն եւ մշակույթը տարածելու համար: Ֆրանսիան փափուկ ուժ կիրառելու երկարամյա փորձ ունի։ «Ալյանս ֆրանսեզը», որի նպատակն է տարածել ֆրանսերեն լեզուն եւ ֆրանսիական մշակույթն աշխարհում, ստեղծվել է դեռեւս 1883 թվականին: Իտալիայի փափուկ ուժի ամենահայտնի տարրերն են արվեստը, երաժշտությունը, նորաձեւությունը եւ խոհանոցը։ Կարծում եմ՝ Հայաստանը շատ մեծ ներուժ ունի այստեղ, բայց դեռ չի կարողացել այն իրագործել: Կնշեմ երկու ծրագիր, որոնց անձամբ եմ մասնակցել եւ իրականացրել. «Դուդուկի երաժշտությունը»՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության բանավոր եւ ոչ նյութական ժառանգության հռչակման ծրագիրը: Ի դեպ, ընտրական հանձնաժողովի նախագահը Մեհրիբան Ալիեւան էր եւ դրական արդյունքը հնարավոր դարձավ միայն թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Երկրորդը շատ կարեւոր ձեռքբերում է հայկական կատարողական արվեստի համար, քանի որ 5-ամյա պայմանագիր կնքվեց «Բալետ 2021» հիմնադրամի եւ «MEZZO TV»-ի միջեւ Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ Արեգակներ» բալետի հեռարձակման շուրջ:

«Զույգ Արեգակներ» բալետը երբեւէ առաջին կատարողական արվեստի գործն է, որը հանրահռչակում է հայկական արվեստն ու մշակութային ժառանգությունը «MEZZO TV» 60 միլիոն հետեւորդ ունեցող միջազգային հարթակում:

– Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ մեզ անհրաժեշտ է, գուցե, արմատապես փոխել արվեստի եւ մշակույթի հանդեպ մեր մոտեցումը:

– Այո: Մենք պետք է փոխենք մշակութային քաղաքականության հանդեպ մեր ընդհանուր մոտեցումը եւ հստակեցնենք մշակութային կազմակերպությունների դերը այս հարցում:

Մշակութային կազմակերպությունները չպետք է պարզապես ծեծված եւ կանխատեսելի ծրագրեր իրականացնեն. դրանց գործունեության հիմքում պետք է լինի գեղարվեստական ղեկավարի նշանակալից եւ յուրահատուկ ասելիքը եւ տեսլականը: Որպեսզի մշակութային կազմակերպությունը լինի հաջողած եւ առողջ, այն պետք է ունենա ներքին առաջ մղող ուժ: Կազմակերպությունը պետք է ունենա հստակ ձեւակերպված առաքելություն եւ ցանկացած ծրագիր պետք է ծառայի այդ առաքելության իրականացմանը: Գեղարվեստական ծրագիրը ոչ մի դեպքում չի կարող լինել կանխատեսելի. այն պետք է լինի ոգեւորող, դինամիկ եւ զարմացնող: Ցավոք, «յուրահատուկ բան» ստեղծելու ջանքեր գործադրերու փոխարեն, այսօր շատ կազմակերպություններ հետեւում են «սա լավ է ծախվում» կամ «սա վատ է ծախվում» մոտեցմանը եւ տարեցտարի հանդիսատեսին ներկայացնում միեւնույն ծրագրերը: Այն պահից, երբ մշակութային կազմակերպության խաղացանկի ծրագրերի ընտրությունը իրականացվում է ադմինիստրատիվ թիմի կողմից զուտ եկամուտ ստանալու նպատակով, կազմակերպությունը կորցնում է իր գեղարվեստական նշանակությունն ու առաքելությունը եւ մահանում, այսինքն՝ կորցնում է իր իմաստը, էլ ուր մնաց ի վիճակի լինի ծառայելու մշակութային դիվանագիտության կարեւորագույն առաքելությանը:

– Իսկ չե՞ք կարծում, որ նույնիսկ բարձրավեստ ծրագիրը հնարավոր է տապալվի:

– Ինչպես ամեն բան, մշակույթը նույնպես պետք է լավ կառավարվի եւ վաճառվի: Պարզապես լավ կազմված գեղարվեստական ծրագիրը, ցավոք, բավարար չէ հաջողություն երաշխավորելու համար, հատկապես, երբ այդ ծրագրավորումն անծանոթ է ավանդական լսարանին: Հաջողում են այն կազմակերպությունները, որոնք կարողանում են ապահովել իրենց ծրագրերի տեսանելիությունը տարբեր մակարդակների վրա եւ հետեւորդների տարբեր շերտերի մոտ:

Դա արվում է երկու ճանապարհով: Նախ պետք է իրականացնել լավ կազմակերպված Ծրագրային մարքեթինգի արշավներ, որոնք մարդկանց ստիպում են տոմսեր գնել, դասընթացների գրանցվել, ցուցահանդեսներ հաճախել եւ այլն, մի խոսքով՝ մասնակցելու կազմակերպության ծրագրերին: Բայց հաջողելու համար ավելին է պետք անել: Պետք է ստեղծել գրավիչ եւ հետաքրքրաշարժ միջոցառումներ, որոնք մարդկանց կոգեւորեն ներգրավվել այդ կազմակերպության հաջողությունը ապահովելու համար: Դա ինստիտուցիոնալ մարքեթինգն է, որը ավելին է անում, քան պարզապես խրախուսում մարդանց տոմսեր գնել: Այդ գործողությունները ստիպում են, որ մարդիկ նվիրաբերեն իրենց մասնագիտական եւ ֆինանսական կարողությունները, բիզնեսները, հետաքրքրվեն դառնալ հովանավոր, կամավորները տրամադրեն իրենց ժամանակը եւ հմտությունները, հետեւորդները ձեռք բերեն անդամակցության փաթեթներ եւ այլն:

Ճիշտ իրականացված ծրագրային եւ ինստիտուցիոնալ մարքեթինգի դեպքում կարելի է ձեւավորել եկամուտ, որն այնուհետեւ կարող է տարեցտարի վերաներդրվել ավելի համարձակ եւ բազմազան ծրագրեր ստեղծելու մեջ:

– Ձեր ասածից կարող ենք ենթադրել, որ պետք է մշակել լավ ծրագիր եւ հմուտ կերպով կարողանալ այն վաճառել:

– Եթե նման եզրակացությամբ ավարտենք մեր խոսակցությունը, դա կլինի մեծ սխալ: Չմոռանանք, որ մշակույթ հասկացությունը օգտագործվում է կյանքի մակարդակը բնութագրելու համար: Մշակութային կազմակերպությունների գերխնդիրը պետք է լինի արվեստի միջոցով ձեւավորել եւ ընդարձակել անձանց գեղագիտական ճաշակն ու ստեղծագործ մտածելակերպը, գեղեցիկը ընկալելու ու գնահատելու կարողություն: Անխտիր բոլոր կազմակերպությունները պետք է իրականցնեն կրթական եւ հանրային ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար, որպեսզի ընդլայնեն հանդիսատեսի ներգրավվածությունը, պատրաստեն հաջորդ սերնդի արվեստի սիրահարներ, հանդիսատեսին ծանոթացնեն արվեստի տվյալ տեսակի հետ, արվեստի միջոցով ձեւավորեն անձի էությունը եւ այլն: Անելիքները շատ են:

Ամփոփելով ասենք, որ մշակութային կազմակերպությունները պետք է կարողանան մշակել եւ իրականացնել հետաքրքիր, նորարար ու յուրահատուկ ծրագրեր, իրականացնել ագրեսիվ գովազդային արշավներ, գրավել հովանավորներ եւ բարերարներ, եւ այդ ամենը կազմակերպելիս լինեն հետեւողական:

Դրվագային գործողություններով հնարավոր չէ հասնել հաջողության:

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728