Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ խնդիրներ են ստեղծվել Գյումրու գերեզմանոցներում․ «Հավերժ հիշատակը» նոր տնօրեն ունի

Մարտ 10,2021 23:50

Այսօր Գյումրու ավագանու որոշմամբ «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գյումրի-1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի երկարամյա ղեկավար Էդուարդ Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, Գյումրու սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեությունն ապրիլի 1-ից դադարեցվելու է։ Դրանք ամենայն հավանականությամբ միավորվելու են։

Արտյոմ Դավթյանը, որին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը համարում է իր ամենավստահելի անձանցից մեկը և որին «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն նշանակեց չարաշահումները, գերեզմանոցներում տեղերի առուվաճառքի դեպքերը կանխելու նպատակով,, դիմում է տվել, ազատվել աշխատանքից։ Նա նոր աշխատանքի է անցել։

Ավագանու նիստի ժամանակ աշխատակազմի ղեկավար Կարեն Բադալյանը չմանրամասնեց, թե ինչ աշխատանքի է անցել Արտյոմ Դավթյանը։

Սամվել Բալասանյանն ասաց․ «Լուրջ պրոբլեմներ կան գերեզմանոցի հետ կապված, կառավարության նոր որոշում է․ պետք է քարտեզագրվի ու նաև համարակալվի, տարածքներ չկան, որպեսզի մենք հուղարկավորություն կազմակերպենք։ Հիմա տարածքներ ենք գնելու «Շիրակ» գերեզմանատանը, երեկ գնացել, գերեզմանոցն արդեն ճարտարապետի հետ ուսումնասիրել ենք, մոտ 4 ու քանի հեկտար արդեն զբաղեցրել ենք, հիմա 5 հեկտար էլ նորից ուզում ենք գնել։ Հինգ միլիոն է անում, մենք կներկայացնենք ավագանու հաստատմանը, մրցույթ երևի պետք չէ։ Կա Մարմաշենի խոշորացված համայնք, հինգ հեկտար ևս ուզում ենք գնել, եթե գնեցինք, պիտի կարողանանք ճանապարհները, պարիսպը կառուցել։

Եվ մի խնդիր ունենք գերեզմանոցների հետ կապված․ բացի այն, որ հուղարկավորել ենք մեր հերոս զինվորներին, պետք է կարողանանք հավուր պատշաճի կառուցել պանթեոնները, ոնց որ մյուս գերեզմանոցներում կառուցեցինք»։

Քաղաքապետը նաև նշեց, որ տեղերի արհեստական դեֆիցիտ է ստեղծվել,, առիթից օգտվել են շատ մարդիկ։

«Հիմա մեզ ասում են՝ դուք գնացեք հողերը գնեք, դուք կառուցեք։ Լավ, մենք անենք, բայց դա շատ բարդ պրոցես է և լուրջ ֆինանսավորման անհրաժեշտություն կա, դրա համար և՛ տնտեսված գումարներ կունենանք, և՛ ինչ-որ տեղ ազատ միջոցներ եկամտահարկից, գույքահարկից և կպլանավորենք, կարգի բերենք մեր բոլոր գերեզմանոցները, մեր սրբավայրերն են։

Պանթեոնի շինարարության հետ կապված դիմեցի Պաշտպանության նախարարությանը, կառավարությանը, հարց առաջ քաշեցի, որ անպայման գումար տրամադրեն, որ կարողանանք պանթեոնը սարքել, շատ կարևոր է բոլորիս համար»,-ասաց քաղաքապետը։

Ավագանու ամբողջական նիստը՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031