Ֆրանսիական այս թանձրուկը (սոուս, dressing), թերեւս, աղցանները համեմելու համար ամենահեշտ, ամենահամեղ եւ ամենահայտնի հավելումն է:
Վինեգրետ թանձրուկը բաղկացած է 4 բազային մթերքից՝ քացախ (հիմնականում օգտագործվում է սպիտակ գինու կամ խնձորի քացախը, սակայն որոշ տարբերակներում նաեւ՝ կարմիր գինու քացախը, իսկ երբեմն նույնիսկ բալզամիկ քացախը), բուսական յուղ (հիմնականում օգտագործվում է ձիթապտղի extra virgin տեսակի յուղը, սակայն որոշ աղցանների համար նախընտրելի է այլ բուսական յուղ), աղ եւ սեւ պղպեղ: Գլխավորը այստեղ 1:3- ի համամասնությունը պահելն է, այսինքն՝ 1 բաժին քացախին՝ 3 բաժին բուսական յուղ, օրինակ՝ 50 մլ քացախ, 150 մլ բուսական յուղ, կամ՝ 1 բաժակ քացախ, 3 բաժակ բուսական յուղ: Որոշ դեպքերում քացախը կարելի է փոխարինել կիտրոնի հյութով: Աղն ու սեւ պղպեղը՝ ըստ ճաշակի:
Հարկավոր է պարզապես իրար խառնել բոլոր մթերքները, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Լավագույն եղանակը ապակյա տարայի մեջ լցնելը եւ թափահարելն է:

Կարդացեք նաև
Այս թանձրուկը կարող է անգամ պարզագույն մթերքը դարձնել համեղագույն աղցան: Օրինակ՝ խաշած եւ կտրատած կարտոֆիլին ավելացրեք սոխով եւ մանանեխով վինեգրետ թանձրուկ, եւ կզգաք, որ դա ոչ թե պարզապես կարտոֆիլ է, այլ անմահական համով աղցան, որից չես կարողանում կտրվել:




Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ


















































