Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծով առաջարկվում է նման միջամտություն իրականացնելու լիազորությամբ օժտել միայն դատարանին

Մարտ 15,2021 13:30

Գործող իրավակարգավորմամբ աշխատողի լիազորությունները կարող են դադարեցվել դատախազի եւ դատախազի համաձայնությամբ՝ քննիչի կողմից

Կասկածյալ եւ մեղադրյալ հանդիսացող անձանց համար հավասար հնարավորություններ են սահմանված աշխարհի տարբեր երկրների օրենսդրություններում: Մի դեպքում նախատեսվում է ամսական նպաստի կամ աշխատավարձի հնարավորություն բոլոր աշխատողների համար՝ անկախ հանրային ծառայության մեջ գտնվելու հանգամանքից (Ռուսաստան), մեկ այլ դեպքում՝ չեն սահմանում որեւէ հատուցում ոչ մի աշխատողի համար՝ սակայն կասեցման ժամանակահատվածը ներառում են ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ (Մոլդովա)։ Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնավարումը ժամանակավոր դադարած կասկածյալը կամ մեղադրյալը իրավունք ունի ստանալ ամսական նպաստ: Ընդ որում՝ նպաստը տրամադրվում է նվազագույն կենսաապահովման համար անհրաժեշտ չափով: Մոլդովայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտոնավարումը ժամանակավոր դադարած անձին աշխատավարձ չի վճարվում, սակայն պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու ժամանակահատվածը ներառվում է ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ:

Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն. «Դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ»: Այս դեպքում, ինչ է հետեւում դադարեցմանը:

ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը հնարավոր է ժամանակավորապես դադարեցնել՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցը կիրառելի է ընդհանրապես պաշտոն զբաղեցնող ցանկացած անձի նկատմամբ՝ առանց սահմանազատում դնելու, թե անձը ներգրավված է հանրային ծառայության մեջ, թե ոչ, կառավարության կողմից Ազգային ժողով են ներկայացվել օրենսդրական առաջարկություններ:

Ըստ ՀՔԱՎ` Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեա Վանաձորի գրասենյակի կայքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի առաջարկվող նախագծով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման հնարավորություն սահմանվել է նաեւ հանրային ծառայող չհանդիսացող աշխատող անձանց համար, սակայն իրավունքի պաշտպանության առավել նվազ երաշխիքներով։

Նախագծով առաջարկվում է նման միջամտություն իրականացնելու լիազորությամբ օժտել միայն դատարանին, այնինչ գործող իրավակարգավորմամբ աշխատողի լիազորությունները կարող են դադարեցվել դատախազի եւ դատախազի համաձայնությամբ՝ քննիչի կողմից:

Աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավոր դադարեցման) դեպքում Նախագծով սոցիալական ապահովության երաշխիքների տրամադրման հարցում դրսեւորվել է տարբերակված մոտեցում հանրային ծառայողների եւ հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց միջեւ։ Մասնավորապես, հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում վճարվում է ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ մնացած վճարումը կատարվելով գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում, իսկ հանրային ծառայության մեջ չգտնվող անձանց դեպքում հատուցում սահմանված չէ:

Իրավապաշտպան գրասենյակի գնահատմամբ, նախագծի հիմնավորման մեջ չկա որեւէ փաստարկ նման տարբերակված մոտեցման վերաբերյալ, եւ չկա օբյեկտիվ հիմք սոցիալական երաշխիքների տրամադրումն առկախելու հանրային ծառայության մեջ գտնվելու հանգամանքից։ Կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող հանրային ծառայության մեջ չգտնվող անձինք կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող հանրային ծառայողների նկատմամբ գտնվում են համեմատելի իրավիճակում, հանդիսանում են մշտական ռեզիդենտ, վճարում են հարկեր՝ այդպիսով, նպաստելով սոցիալական ապահովության համակարգի ֆինանսավորմանը, ինչից էլ բխում է, որ օրենսդրական նման կանոնակարգումը խտրական է։

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2019 թ. նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմանը, որն անդրադարձել է Սահմանադրության 49-րդ հոդվածում ամրագրված՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանադրական բովանդակությանը, առարկող իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ «Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ սահմանադրորեն երաշխավորված հանրային ծառայության անցնելու իրավունքի իրականացման համար օրենսդիրը պետք է ապահովի ընդհանուր հիմքեր՝ բացառելով որեւէ խտրականություն»:

ՍԴ-ն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է. «Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից» (ՍԴՈ-881):

ՀՔԱՎ-ն առաջարկում է`կամ պետք է նախատեսվի բոլոր աշխատողների ամսական հատուցման հնարավորություն կամ էլ առհասարակ չնախատեսվի նման հնարավորություն։

Նախատեսել դրույթ, համաձայն որի՝ աշխատողը կարող է օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման դեպքում աշխատավարձի վճարման միատեսակ հնարավորություն՝ անկախ հանրային ծառայության մեջ գտնվելու հանգամանքից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել