ՍԴ դատավորի Հատուկ կարծիքը բացահայտում է
Սահմանադրական դատարանը օրերս հրապարակեց գրավոր ընթացակարգով քննված «Փաստաբանական գրասենյակ Լեւ Գրուպ» ՍՊ ընկերության դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը: «Առավոտում» մենք տեղեկացրինք որոշման մասին: ՍԴ որոշման համաձայն, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով։ Բացի այդ, վիճարկվող հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանով սահմանված կարգավորումը չի տարածվում առաջին ատյանի դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրացման վրա։
Դիմումատու փաստաբանական գրասենյակը ներկայացրել էր ՍԴ դիմելու շարժառիթը: Մասնավորապես, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/54735/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ընդդեմ փաստաբանական գրասենյակի` գումարի բռնագանձման պահանջի մասին, 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ գործի վարույթը կարճել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով՝ հետեւյալ պատճառաբանությամբ. «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պահանջն ուղղված է գումարի բռնագանձմանը, նույն գումարի բռնագանձմանը, ինչը «Փաստաբանական գրասենյակ Լեւ Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել է թիվ ԵԴ/3185/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում, ուստի նման պահանջի բավարարումն ուղղված է «Փաստաբանական գրասենյակ Լեւ գրուպ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գումարի բռնագանձման պահանջի հաշվանցմանը, ներկայացված պահանջի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը՝ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մասով, ինչպես նաեւ գումարի բռնագանձման պահանջների միջեւ առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող էր ապահովել գործի առավել արագ եւ արդյունավետ լուծումը: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորը, չօգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված իրավունքից, թիվ ԵԴ/14669/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում չներկայացնելով հակընդդեմ հայց, զրկվել է հետագայում այդպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2023 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի կողմից Երեւան քաղաքի դատարանի 2022 թվականի հուլիսի 12-ի քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել է, վերացրել է քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը «Լեւ Գրուպ»-ի կողմից վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը 2023 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ վերադարձրել էր…
Փաստաբանական գրասենյակը վճռաբեկ բողոքով անդրադառնալով պետական տուրքի վճարման հարցին՝ դիմումում նշել էր, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «թ» ենթակետից չի բխում, որ 20.000 ՀՀ դրամ պետական տուրք չի գանձվում ամբողջությամբ կամ մասնակիորեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքների համար, հաշվի առնելով, որ այն չի բխի «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «թ» ենթակետից, որպիսի պայմաններում կստացվի, որ եթե բողոքարկվեր քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումն ուժի մեջ թողնելու՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, ապա պետք է դրամական պահանջով նախատեսված պետական տուրքի դրույքաչափը կիրառվեր, մինչդեռ օրենսդրական կարգավորման տրամաբանությունը հանգել է նրան, որ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու վերաբերյալ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափը կազմում է 20.000 ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
Այս գործով եղել է ՍԴ մեկ դատավորի Հատուկ կարծիք: Այն մայիսի 2-ին հայտնել է ՍԴ դատավոր Հ. Թովմասյանը: Հատուկ կարծիքի համառոտ բովանդակությունն ավելին է, քան երկարաշունչ ներկայացվող նույնաբովանդակ կարծիքները, որոնց մասին երբեմն մենք տեղեկացնում ենք: Սա նաեւ բացահայտում է, թե ինչ է տեղի ունեցել դատավորների խորհրդակցական սենյակում:
Ըստ նրա. «Սույն գործով ՍԴՈ-1726 որոշման նախագիծը դատավորներին է ուղարկվել նիստից մի քանի օր առաջ՝ 2024 թվականի ապրիլի 18-ին։ Նախնական քննարկումներ չեն եղել։ Խորհրդակցական սենյակում քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ընդունել զեկուցողի կողմից նախնական ներկայացված նախագծից ոչ թե խմբագրական, այլ բովանդակային առումով տարբերվող մեկ այլ որոշում։ Այնուհետեւ հայտարարվել է ընդմիջում, որի ժամանակ զեկուցողը պատրաստել է որոշման եզրափակիչ մասը, ներկայացրել այն դատավորներին՝ խորհրդակցական սենյակում ընթացող նիստի ժամանակ։ Զեկուցողը բանավոր հայտնել է, թե որոշման տեքստում ինչպիսի փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ դիմումում ներկայացված որոշ պահանջների մասով վարույթի կարճման առնչությամբ, որոնք բացակայել են ներկայացված նախագծում։ Իմ առաջարկությունը՝ մնալ խորհրդակցական սենյակում, ստանալ զեկուցողի կողմից ներկայացված համապատասխան փոփոխությունները ներառող նախագծի գրավոր տարբերակը եւ այնուհետեւ քվեարկել, Սահմանադրական դատարանի կողմից չի ընդունվել: Ուստի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեարկության պահին ինձ տրամադրված է եղել միայն որոշման եզրափակիչ, այլ ոչ խմբագրված որոշման նկարագրական ու պատճառաբանական մասերը, որոնք կազմում են որոշման էական եւ անքակտելի տարրերը, դեմ եմ քվեարկել որոշմանը՝ դրա վերաբերյալ դիրքորոշում ձեւավորելու հնարավորության բացակայության պատճառով։ Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ իմ անհամաձայնությունն եմ հայտնում որոշման պատճառաբանական եւ եզրափակիչ մասերի, ինչպես նաեւ այդ եղանակով որոշումների ընդունմանը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.05.2024