Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Փաշինյանն ասում է, թե չգիտի՝ ո՞րն է թշնամանքի արմատը, ուրեմն՝ շատ վատ խորհրդականներ ունի»․ թուրքագետ

Մարտ 21,2021 13:18

«Այնքան անորոշ են այդ ձեւակերպումները։ Ո՞ւմ նկատի ունի՝ Ադրբեջանի՞ն, Թուրքիայի՞ն, կամ՝ ի՞նչ է նշանակում, թե երբ է եղել թշնամանքի մեկնարկը․․․ հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հակամարտության արմատները շատ խորն են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով երեկ մարզային այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հետեւյալ ձեւակերպումներին․ «Իրողությունը հետևյալն է՝ մեր ժողովուրդը, մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք: Բայց այս տարածաշրջանում մեր ապրելու կամ այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը ո՞րն է՝ հետևյալն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք ընկալում ենք որպես թշնամի: Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, այնքան մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այնքան մեզ ընկալում են որպես թշնամի: Նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»։

Անդրանիկ Իսպիրյանը նախ շեշտեց․ «Թուրքերի դեպքում հետ գնանք դեպի տասներորդ դար, երբ թյուրքական ցեղերը մտան Փոքր Ասիա, Հայկական լեռնաշխարհ։ Իսկ Ադրբեջանի գործոնը բոլշեւիկների միջամտությամբ արհեստական պետություն դարձավ՝ Պարսկաստանի «Ադրբեջան» նահանգի անունը ստանալով եւ որպես պետություն ձեւավորելով։ Ես չգիտեմ՝ ի՞նչ է ուզում ասած լինել այդ բառերով Փաշինյանը, մեկնաբանելն աբսուրդային է։ Հայաստանի եւ Թուրքիայի կամ Ադրբեջանի միջեւ թշնամանքի արմատները գնում են հենց Թուրքիա եւ Ադրբեջան։ Հայերը դրանում որեւէ պատասխանատվություն կամ մեղք չունեն։ Երբ Թուրքիայի իշխանությունները ցանկանան վերջ դնել թշնամությանը, նրանք շատ արագ կանեն դա։ Երբ չեն ցանկանում, ուրեմն չեն ցանկանում, եւ այդ ամենն իրենց մոտ արվում է մամուլի միջոցով։ Ադրբեջանի դեպքում եւս մամուլի գործոնը խիստ առկա է։ Եթե Թուրքիայում մամուլն ընկալվում է որպես հասարակական կարծիքի ձեւավորման շատ ուժեղ գործիք, ապա Ադրբեջանում ավտորիտար կառավարման ռեժիմում մամուլը կատարում է պարտադրված հրահանգներ։ Մի հասարակ բան հիշեցնեմ վերջին 15 տարվա պատմությունից։ 2008-2009թթ․-ին, երբ տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհաջող փորձ, Թուրքիայում մամուլն իշխանության «դաբրոյով» սկսեց կարգավորման ուղղությամբ դրական ֆոն ստեղծել՝ ռեպորտաժներ, հարցազրույցներ, Հայաստանի մասին պատմող դրվագներ, լրագրողների այցելություններ։ Եկել էին լրագրողներ, որոնք ինձ դիմեցին օգնելու համար, եւ ֆիլմը վերածվեց Հայաստանի գովքի։ Ադրբեջանցիներն այդ ֆիլմի մեկնաբանություններում թուրքերին մեղադրում էին դավաճանության մեջ։ Այսինքն, կար Թուրքիայի իշխանության «դաբրոն»՝ ինչ-որ դրական բան ստեղծելու, եւ Թուրքիայի բոլոր ռեպորտաժները դրական ֆոն էին ապահովում։ Սա հիշեցնում եմ՝ շեշտելու համար, որ ընդամենը պետք է թուրքական կողմի ցանկությունը՝ թշնամությունը մի կողմ դնելու։ Մենք չենք ունեցել պետական մակարդակով թշնամանքի ցանկություն։ Այսինքն, երբեք Հայաստանի նախագահը Թուրքիայի, Թուրքիայի ժողովրդի հասցեին վիրավորական բառեր չի ասել։ Անգամ ներկայիս վարչապետ Փաշինյանը վիրավորական բառեր չի ասել, բայց ասում է Թուրքիայի վարչապետը՝ Հայաստանի հասցեին, ընդ որում՝ շատ վիրավորական արտահայտություններ։ Ընդ որում, Փաշինյանի՝ վարչապետ եղած ընթացքում այնպիսի վիրավորական արտահայտություններ է ասել Հայաստանի հասցեին, որ աշխարհում դիվանագիտական էթիկայի տեսանկյունից դա համարվում է անընդունելի եւ խիստ դատապարտելի։ Սակայն հայկական կողմը չի պատասխանել առհասարակ։ Եվ հիմա խոսել, թե «մենք կշարունակենք», դա բավականին անտեղի է»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր զրուցակիցը հարցադրում արեց․ «Ինչպե՞ս կարելի է կրկին միակողմանի գնալ։ 90-ականներից մինչեւ հիմա բոլոր մակարդակներում, այդ թվում՝ պետական, Ադրբեջանում քարոզվում է հակահայկականություն։ Անգամ երբ այլ երկրներում լինում են հանդիպումներ ու համաժողովներ, ադրբեջանցի պատվիրակները խուսափում են հայերի հետ շփվելուց, տրամադրված են թշնամաբար եւ ագրեսիվ եւ իրենք գիտեն՝ անգամ եթե հայերի հանդեպ չեզոք տրամադրված լինեն կամ բարեւ տան, Ադրբեջանում իրենց կարող է ազատազրկում կամ աշխատանքից հեռացում սպառնալ։ Այսինքն, երբ վարչապետ Փաշինյանն ասում է, թե չգիտի որն է եզրակետը կամ թշնամանքի արմատը, ուրեմն՝ շատ վատ խորհրդականներ ունի, ուրեմն չպատրաստված աշխատակազմ ունի, որն իրեն չի հուշել, թե որն է ելակետը եւ ինչպիսին է իրադրությունը։ Ավելին՝  երբ հիվանդանոցներ են ռմբակոծվում, երբ կտրում են քո զինվորի գլուխը, եւ դրանից հետո Ադրբեջանը շարունակում է գերիներ վերցնել, չի վերադարձնում մեր գերիներին, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ մենք գիտենք, թե ինչ կտտանքների են ենթարկվում մեր գերիները։ Ուստի փորձել սեփական ազգին անուղղակի թշնամանքի մեջ մեղադրել եւ «անհայտն»-ներով խոսել՝ դա անհասկանալի է եւ անգամ վիրավորական՝ հայի համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031