Լրահոս
Օրվա լրահոսը

Միասնական եւ խայտաբղետ ընտրազանգվածներ

Ապրիլ 02,2021 10:00

Իշխանության եւ ընդդիմության մարտավարությունների տարբերությունները առաջիկա ընտրություններում պայմանավորված է իրենց լսարանների, ընտրազանգվածների տարբերությամբ: Թե՛ «Իմ քայլի» եւ թե՛ իշխանությանը հարող խմբերի՝ Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի, հնարավոր է՝ Գուրգեն Արսենյանի, Լեւոն Շիրինյանի եւ այլ գործիչների ղեկավարած կուսակցությունների հիմնական քարոզչական լծակն է լինելու վախը՝ եթե չլինենք մենք, կվերադառնան «նախկիններն» ու նորից կսկսեն ձեզ թալանել՝ գայլեր (նրանք) vs գելխեղդներ (մենք):

Պետք է ասել, որ այդ պարզունակ սխեման միանգամայն կենսունակ է, եւ կասկած չկա, որ այդ թեզի վրա հիմնված մարտավարությունն արդյունավետ կլինի, քանի որ ատելությունը «նախկինների» հանդեպ համատարած է: Դա նաեւ պարզեցնում է իշխանության խնդիրը. պետք չեն ինչ-որ ծրագրեր կամ ապագայի տեսլականներ՝ ցույց ես տալիս «նախկինների» խրտվիլակը, եւ հաջողությունն ապահովված է: Դեռեւս պարզ չէ՝ այդ բոլոր խմբերը հանդես կգան «Իմ քայլի» ցուցակո՞վ, թե՞ առանձին, բայց ակնհայտ է, որ նրանց թիրախային լսարանը կլինի միեւնույն փաշինյանական ընտրազանգվածը, որն ապրում է անցյալի թալանի հիշողություններով, ոչ թե ներկայիս ողբալի վիճակով:

Ընդդիմության խնդիրն ավելի բարդ է՝ այդ դաշտում պատկերը չափազանց խայտաբղետ է ե՛ւ կուսակցությունների քանակի, ե՛ւ ընտրազանգվածի տրամադրությունների տեսանկյունից: Նրանք, ովքեր համակրում են ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստանին», 16 կուսակցություններին (որոնք նույնպես շատ տարբեր են), ինչպես նաեւ այս կամ այն «բեւեռին»՝ այդ քաղաքացիների հայացքները խիստ տարբեր են, եւ ամենակարեւորը՝ նրանց դժվար թե միավորի միայն հակակրանքը Փաշինյանի հանդեպ: Այն մարդիկ, որոնք առաջնորդվում են ոչ թե բնազդային ատելությամբ, այլ ինչ-որ արժեքներով եւ գաղափարներով, ավելի խստապահանջ են իրենց նախընտրած կուսակցությունների հանդեպ: Եվ քանի որ չկա համախմբող «մերժումը», այստեղ արհեստական դաշինքները կարող են ոչ թե գումարել ընտրազանգվածներին, այլ նոսրացնել դրանք:

Եթե ընտրողն ուզում է ձայն տալ, ասենք, ՀՅԴ-ին, ապա նա կհիասթափվի, եթե այդ կուսակցությունը (զուտ տեսական ենթադրություն է) դաշինք կազմի «Լուսավոր Հայաստանի» հետ, որովհետեւ նրան հետաքրքրում է ոչ միայն ներկա իշխանության հեռացումը, այլեւ այն ուղին, որով պետք է գնա մեր երկիրը: Դրանով ընդդիմադիր ընտրազանգվածը տարբերվում է իշխանականից, որին միավորում է զուտ ատելությունը «նախկինների» հանդեպ:

Այդքանով հանդերձ՝ ինչ-որ դաշինքներ ստեղծելը, հավանաբար, ընդդիմության կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի: Հակառակ դեպքում՝ միանգամայն կանխատեսելի է, որ ընտրություններին կմասնակցի մոտ 20 ընդդիմադիր կուսակցություն, եւ դրանցից միայն 3-4-ը կհաղթահարեն անցողիկ շեմը, իսկ «Իմ քայլն» իր արբանյակների հետ կձեւավորի կայուն մեծամասնություն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . Այն անհեթեթ իրողութիւնը, որ դեռ յաջորդող երկուսուկէս ամիսներն ալ՝ ընտրութիւններու պիտի տրամադրուին, յաւելեալ փաստ մըն է – եթէ դեռ փաստի կարիքը կար -, որ՝
    ա. Անկախութենէն ի վեր, Հայաստանը պետութիւն չէ,
    բ. Հայութիւնը արժանի չէր Արցախին, եւ անկարելի է որ կարողանար զայն պահել

    Ասի ըսած, քանի որ այդ է միակ ուղին՝ ջանալ դուրս գալու համար Խաւարներից, ահա մտային մարզանք մը՝
    . Քոչարյան(առանց կուսակցութեան) – ՀԱԿ – ՀՅԴ դաշինք
    . Աժ-ի աթոռների բաշխում՝
    25% ՀԱԿ
    25% քոչարյանամետ պատգամաւորներ
    20% ՀՅԴ
    30% ԼՀԿ
    . ուրիշ ոչ մէկ կուսակցութիւն ԱԺում
    . Քոչարյանը՝ վարչապետ, ԼՏՊ՝ նախագահ, ՀԱԿ եւ ՀՅԴ՝ նախարարներ

    Անձնական զգացումները լրիւ մէկդի դնելով, միայն բացառապէս՝ երկրի եւ պետութեան օգուտի դիտանկիւնից, մի պահ մտածեցէք…

    Բարի Զատիկ:

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940
    https://haytougchamlian.blog/

  2. Armen says:

    Ոչ բնազդային ատելությամբ առաջնորդվող մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ուզում որպես իշխանություն տեսնել ինչպես ներկաներին, այնպես էլ նախկիններին՝ ՀԱԿ(հիմնականում նրա համար, որ այս ցուցակի մյուսները իր հետևանքն էին), Ռ Քոչարյան, ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ: Այս պայմաններում վատ է, որ նշված մարդիկ չունեն լայն ընտրության հնարավորություն:

  3. Իրատես says:

    Նախապես դաշինքով ընտրությունների գնալը իմաստ չունի վարկանիշ ունեցող կուսակցությունների համար։ Կյանքը ցույց է տվել, որ վարկանիշ չունեցողները պարազիտի դեր են ունենում։ Մտնում են ԱԺ ու մի օր լքում իրենց վարկանիշային կոալիցիոն գործընկերոջը(ենթադրաբար իշխանություններից շահավետ ֆինանսական առաջարկներ ստանալու արդյունքում)։ Կյանքը նաև ցույց է տվել, որ բացառապես վարկանիշ չունեցողներից կազմված կոալիցիան միևնույն է չի հաղթահարում անցողիկ շեմը, քանի որ զրոների գումարը միևնույն է զրո է։ Արևմտամետ-ռուսամետ դիսկուրսի տակ մնացած քաղաքական ուժերը դատապարտված են մնալու լուսանցքում։ Բացառապես Ադրբեջան-Թուրքիա դիսկուրսի մեջ գտնվող ուժերը նույնպես մնալու են լուսանցքում։ Նախընտրական քարոզչության ժամանակ սոցիալական խնդիրներին առաջնային կարևորություն չտված քաղաքական ուժերը դատապարտված են։

  4. Լավատես says:

    Կամ արդեն վերբովկա եղած էին, իսկ այս ձրի թավիշ հեղափոխությունն էլ միայն նրա համար էր կազմակերպված, որ իշխանության գան ու իրականացնեն իրենց նախկինում ծրագրած պլանները, կամ էլ մարդը անկեղծ մաքուր սրտով հեղափոխություն արեց, բայց մութ ուժերը շանտաժով թե ինչով մարդուն ստիպեցին գործել լրիվ հակառակը, որովհետեւ նորմալ մարդը նման դեպքում հրաժարական կտար, ուրեմն դրա հնարավորությունն էլ չեն տալիս, բոլոր դեպքերում մարդն ինքնուրույն չի գործում: Սա պետք է հասկանան բոլոր ազնիվ ազգային քաղաքական ուժերը նրա համար, որ քաղաքական ռազմաճակատում էլ պետք է ունենալ ժամանակակից քաղաքական զենքեր, որ քեզ իշխանության գալուց չխեղճացնեն, հույսը չդնեն միայն քաղաքականապես երեխա ժողովրդի վրա, այն ընտրական համակարգը, որը կոչվում է ժողովրդավարական, իրականում նախատեսված է զարգացած քաղհասարակությունների համար, այն, ինչը մենք այսօր չունենք: Ես կողմնակից եմ թեկուզ ապաշնորհ, բայց ինքնագլուխ մեկը մեզ կառավարի, միշտ էլ մեր միջից կգտնվեն խելոքներ, որոնք ճիշտ կուղղորդեն նրան, բայց եթե սրանք ինքնագլուխ չեն եւ միայն ուղղորդվում են դրսի անհասկանալի հատուկ ծառայությունների կողմից, ապա դա պետք է ուղղել: Ինչպե՞ս:
    Բոլոր կուսակցությունները. Ա Ճանաչում են իրար, Բ Համատեղ մշակում ու միաձայն ընդունում ազգային ռազմավարական դոկտրինան, Գ Ստեղծում վերկուսակցական դատական համակարգ, որը իրավասու կլինի իշխանական կուսակցությանը իշխանությունից գահընկեց անել, եթե ապացուցվի այդ վերկուսակցական դատարանում, որ այն շեղվել է ազգային ռազմավարական դոկտրինայից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930