Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Գելերն ուզում են գան իշխանության, գելխեղդները չեն թողնի, գելերին խեղդելու մանդատ տանք գելխեղդներին»

Մարտ 28,2021 23:15

Մեր ժողովուրդը շարունակաբար պահանջում է,  որպեսզի Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ կոռուպցիայով թալանած անձինք դուրս շպրտվեն քաղաքական դաշտից եւ մեր իրականությունից։ Այսօր այս մասին  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում։ Վարչապետն այսօր այս մարզի մի քանի գյուղեր է այցելել։

Գյուղում դատական համակարգի, կոռուպցիայի, Մարտի 1-ի դատավարության մասին հետաքրքրվողներին վարչապետն ասաց․ «Այսօրվա դրությամբ Հայաստանում, մեր իշխանության գալուց հետո տասնյակ կոռուպցիոներների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Շատերը փախուստի մեջ են, հետախուզման մեջ են, բայց պարզվեց, ցավոք, 400 հազար դրամ աշխատավարձ ստացող քննիչը գնում է 1 միլիարդ գողացածին բերի պատասխանատվության ենթարկի։ Դեպքեր ունենք, որ գնում են քննիչներին հարցնում են՝  ինչքա՞ն աշխատավարձ ես ստանում, դե կաշառք չեն վերցնում, բայց ասում են՝ գործից դուրս արի, արի մեր փաստաբանական թիմ,  հինգ անգամ ավել քեզ փող կտամ։  Քննչական մարմինների ղեկավարներն ասում են՝ զոռով ենք պահում այդ քննիչներին»։

Վարչապետն ասաց, որ նման իրողությունները հաղթահարելու համար պետք է շարունակել պայքարել․ «Ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ խոստանալ՝  ես, որքան դուք այդ հնարավորությունն ինձ կտաք, ես շարունակելու եմ հանուն արդարության, օրինականության, ճշմարտության պայքարել։ Այնքան ժամանակ, մինչեւ ուժ կա, որքան մեջս էներգիա կա՝ ես պայքարելու եմ հանուն արդարության։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեր՝ այսքան գործած սխալներից հետո դուք պատրաստ եք այդ հնարավորությունը տալ։ Սա ձեր շատ մեծ մեծահոգության մասին է խոսում»։

Քաղաքացիներից մեկն էլ, որը ներկայացավ Լուկաշինի համայնքապետ, ասաց, որ արձակուրդի մեջ է, բայց պատրաստ է դիմում գրել ու դուրս գալ, կանգնել վարչապետի կողքին ու պայքարել․ «Ասում են՝ վարչական ռեսուրս, չգիտեմ ինչ։ Ես պատրաստ եմ դիմումս գրեմ։ Տո ով են իրենք, հողատուն էլ են իրենք, դավաճանն էլ են իրենք։ Փաստերով։ Լայվով պարզ ասացիք՝ մեզ Սարդարապատ է սպասվում։ Պատմություն չգիտեն, ուր էին իրենք, թող գային կռվեին։ Ես  եղել եմ այնտեղ, ընկեր եմ կորցրել, ուր են եղել իրենք։ Մենք տվել ենք այդ հնարավորությունը ձեզ, արեք, գործեք»։  Հնչեցին ծափահարություններ։

Վարչապետը կրկնեց՝ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, այլ ճանապարհ չկա․ «Էլի եմ ասում՝ շատ է խոսվում այն մասին, որ գելերն ուզում են գան իշխանության, գելխեղդները չեն թողնի, որ գելերը գան իշխանության, եւ ձեր, մեր խնդիրն է՝ առաջիկա ընտրություններին գնալ եւ մերժել գելերին եւ գելերին խեղդելու մանդատ տանք գելխեղդներին։ Սա է առաջիկա մեր խնդիրը։ Եվ ես հույս ունեմ, համոզված եմ, որ դուք այդ խնդիրը կլուծեք։ Կրկին ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ մեր գործած սխալների համար, եւ պատրաստ ենք կրել պատասխանատվություն, բայց եթե  այդ սխալի համար ձեր որոշած պատասխանատվությունը կլինի ուղղել այդ սխալները, ուրեմն  մենք կստանձնենք այդ պարտավորությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Մեհրաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031