Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին շրջանի ջազմենների ամենամեծ խնդիրն այն է, որ ջազ են նվագում ջազմենների համար»

Ապրիլ 09,2021 13:00

Գարի Քյոսայանը՝ իսկական ջազի, Միշել Լեգրանին նվիրված համերգի ու Ազնավուրի մասին

Ապրիլի 10-ին կկայանա Գարի Քյոսայանի եւ նրա Ջազ քառյակի համերգն «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Ֆիլհարմոնիկի հետ համատեղ: Նախագիծը նվիրված է Միշել Լեգրանին: Համերգի ընթացքում կհնչեն նաեւ Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները, համերգի կազմակերպիչները խոստանում են, որ ունկնդիրներին սպասվում է ջազային հրավառություն:

«Առավոտի» հետ զրույցում ճանաչված ջազային երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Գարի Քյոսայանը խոսելով համերգի առանձնահատկության մասին՝ նշեց. «Կարեւոր եմ համարում մեր հայ հանճարներին, որոնք երաժշտարվեստում իրենց մեծ հետքը թողեցին եւ ուղղակի հեղաշրջում արեցին համաշխարհային երաժշտական կյանքում, ներկայացնենք: Այդ դեպքում նկատի ունեմ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոց» ֆիլմը, որն ուղղակի ֆուրոր արեց ամբողջ աշխարհում` օպերան բերեց էկրան հետաքրքիր լուծումներով, ջազային հարմոնիաներով, ջազային մտածելակերպով, ֆրանսիական շանսոնի մոտեցումներով, մի խոսքով՝ մի հսկա գեղեցկության խառնարան, որը հենց Միշել Լեգրանի երաժշտությունն է:

Մեր պարտքը համարեցինք նրա մասին խոսել, հիշեցնել մեր ժողովրդին, թե ինչ անհատներ ունենք եւ մեր գենոֆոնդը ինչ հարստություն է տվել ամբողջ աշխարհին արվեստում, եթե անդրադառնանք միայն երաժշտությանը եւ չանդրադառնանք կերպարվեստին, գրականությանը, ճարտարապետությանը: Էլ չասենք, որ գրականության ոլորտում աշխարհի թիվ 1 հոգեբան, փիլիսոփա Նարեկացի ունենք, որի նմանը չի եղել մինչեւ հիմա»,-ասաց Գարի Քյոսայանը:

Հավելեց, որ ցանկություն ունեին ըստ արժանվույն ներկայացնելու Լեգրանին, որն իր պապիկի շնորհիվ հայկական մեղեդիներ է սովորել:

«Կնվագենք Միշել Լեգրանի ստեղծագործությունները… Պետք է պահպանել այն, ինչն անհրաժեշտ ենք գտնում, որպեսզի ցույց տանք, թե ով ենք մենք, որովհետեւ տարիներ շարունակ ահավոր որակի սերիալներ են ցուցադրվել, մեզ ասել են, որ մեր երաժշտությունը ռաբիսն է, մարդկանց տգիտացրել են, մինչդեռ ունեցել ենք Ազնավուր, Արամ Խաչատրյան, Կառվարենց, Ալան Հովհաննես, կարող եմ էլի թվարկել»,-ասաց ջազային երաժիշտը:

Նրանից տեղեկացանք, որ առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն նաեւ իր որոշ նոր ստեղծագործություններ: Երեկոյի ամենաարտահայտիչ համարներից մեկը կլինի փոքրիկ երգչուհի Կարինե Իգնատյանի կատարումը:

«Առավոտի» խնդրանքով Գարի Քյոսայանը մի տպավորիչ դրվագ պատմեց Ազնավուրի հետ իր հանդիպման մասին` 1995թ. ԱՄՆ-ում. «Ինձ առավոտյան շատ շուտ զանգահարեցին եւ ասացին, որ երեկոյան Շառլ Ազնավուրն ուզում է ինձ լսել: Մտածեցի՝ կատակում են, որովհետեւ շատ էի ուզում հանդիպել Ազնավուրի հետ: Մի երկու ժամից զանգ տվեցին դեսպանատանից, ասացին, որ Լոս Անջելեսի հյուպատոսարանում երեկո է կազմակերպել Ազնավուրը եւ ցանկություն է հայտնել, որ ես նվագեմ երեկոյին: Դա ինձ համար մեծ պատիվ էր… Այդպես հանդիպեցինք, ծանոթացանք, ու հետո էլի իր հետ հանդիպեցինք շատ անգամներ»:

Խնդրեցինք տալ ճշմարիտ ջազի իր բնորոշումը, հատկապես որ վերջին շրջանում տեղից վեր կացողը հայտարարում է, որ ջազ է կատարում: «Վերջին շրջանի ջազմենների ամենամեծ խնդիրն այն է, որ ջազ են նվագում ջազմենների համար, բայց պետք է ջազ նվագել մարդկանց, լայն մասսաների համար, ինչպես անում էին ասենք՝ Օսկար Պիթերսոնը, Լուի Արմսթրոնգը եւ մյուսները»,-ասաց մեր զրուցակիցը: Նա կարեւորում է ջազի հանդեպ վերաբերմունքը եւ գտնում, որ այնքան էլ տեղի չէ իր ձեւակերպմամբ` բոթասներով եւ տնային շորերով ջազ նվագել ու ասել` սա ջազ է. «Ջազը պետք է նվագել լայն լսարանի համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930