Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրակարգ երաժշտության ազդեցությամբ մարդը զգում է, որ Աստծո ստեղծած է». Գարի Քյոսայան

Ապրիլ 14,2026 17:17 Share

Հանրահայտ երգչուհի Իլեն Ստեպտերը, երգիչ եւ շեփորահար Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինցենտը, հարվածային գործիքներ նվագող Դոն Լիտլետոնը ելույթ կունենան Երեւանում: Ապրիլի 25- ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա լեգենդար ջազային երաժիշտ, կոմպոզիտոր Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի հետ, կհնչեն համաշխարհային ջազի, բլյուզի հայտնի նմուշներ, ինչպես նաեւ Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները։

«Առավոտի» հետ զրույցում Գարի Քյոսայանը նշեց, որ սպասվելիք համերգը բացառիկ է՝ բարձր մակարդակի երաժիշտների ներգրավմամբ: «Ինձ համար մեծ պատիվ է, որ այդ երաժիշտները նվագելու են իմ երաժշտությունը, իմ գրած ստեղծագործությունները, ինչպես նաեւ ամերիկյան ջազ ստեղծագործություններ»,-նշեց հայկական ջազի ազնվականը:

Մեր զրույցի ընթացքում անդրադառնալով մասնավորապես սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորին, որն արդեն երրորդ անգամ է գալիս Հայաստան, Գարի Քյոսայանը հիշեցրեց, որ 1997-ին ձայնագրվել է իր առաջին ձայնապնակը, որտեղ ներառված են իր ստեղծագործությունների՝ Թեյլորի կատարումները, այդ թվում՝ իր հայտնի Silence-ը:

Մեր զրուցակիցը նշեց, որ օտարերկրացի ջազմենները չափազանց սիրում են Հայաստանը. «Սիրում են մեր տեսակի համար, որովհետեւ մեր ժողովրդի նման հյուրասեր ժողովուրդ չկա աշխարհում: Միայն իմանաք, թե ինչ կոմֆորտ են իրենց զգում արտասահմանցի երաժիշտները Հայաստանում: Ես հիշում եմ մի դեպք, երբ մի շատ հայտնի բասկիթառահար էր եկել, անձնագրում տեղ չկար, այնքան կնիքներ էին դրված, շրջել էր ամբողջ աշխարհով մեկ, հայտնի խմբերի հետ էր համագործակցել, 5-րդ օրն ինձ ասաց՝ այս ինչ ժողովուրդ է, զարմացած եմ, ասաց, որ վերադառնա, ոչ մեկի չի ասելու, որ նման երկիր գոյություն ունի: Հարցրի՝ ինչու: Ասաց՝ որ չգան ու փչացնեն:

Իմ համերգների առիթով Հայաստան ժամանող երաժիշտները եւս այդ առումով բացառություն չեն, նրանք էլ են երազում կրկին գալ Հայաստան: Տարբեր երաժիշտներ դրսում գովասանքով են խոսում մեր երկրի մասին, ասում են՝ նվագել ենք Գարի Քյոսայանի հետ: Ուրախ եմ, որ սիրում եւ նվագում են իմ երաժշտությունը»:

Գարի Քյոսայանին հարցրինք ՝ ինչպե՞ս է ընտրվել համերգի ծրագիրը, ի՞նչ է վայելելու ունկնդիրն այդ երեկո: «Ընտրյալ գործեր եմ նվագելու իմ ստեղծագործություններից, ավելի մելոդիկ, այնպիսիք, որոնք նվագելուց ինքս մեծ բավականություն եմ ստանում, այնպիսի գործեր, որ հարմար լինի իմպրովիզ անելը, որովհետեւ իմպրովիզացիան ջազի հիմքն է, ավելի է ծաղկեցվում ստեղծագործության մեջ եղած միտքը՝ իմպրովիզացիոն մեկնաբանությամբ…Դրանց թվում են իմ Armenia ստեղծագործությունը, Blues for Maria-ն, Angel’s dance-ը եւ, իհարկե, Silence-ը: Երգչուհին՝ Իլեն Ստեպտերը իմ ստեղծագործություններից երկուսը կերգի»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ այսօր ջազը կարծես շեղված լինի իր դասական կերպից, երբեմն անգամ ձեւախեղված, իսկ ինքը հավատարիմ է մնացել իսկական ջազին, Գարի Քյոսայանը հետեւյալը նշեց. «Ես դաստիարակվել եմ լավագույն ջազ ստեղծագործություններով, 11-12 տարեկանից լսել եմ այնպիսի երաժիշտների, որոնք երաժշտություն էին ցուցադրում, որ թե տեխնիկա եւ իրենց՝ որպես երաժիշտ: Իսկական ջազ երաժիշտները նրանք են, որոնք ջազը նկուղներից բարձրացրին համաշխարհային բեմեր, որոնց թվում են՝ Էլլա Ֆիցջերալդը, Լուի Արմսթրոնգը, Օսկար Փիթերսոնը, Դյուկ Էլինգթոնը եւ շատերը, որոնք աշխարհով մեկ համերգներ էին տալիս:

Իմիջիայլոց ես Երեւանում Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում լսել եմ Բի Բի Քինգին, կարծեմ 1968-69 թվերն էին, երկաթյա վարագույները բացվել էին եւ ինչպիսի՜ խմբեր էին գալիս մեր երկիր… Մաեստրո Ազնավուրը եկավ համերգի իր քառյակով՝ նույն դահլիճում… Իսկական ջազի մթնոլորտ էր, որը ստեղծում է հոգեւոր հավասարակշռություն, նրբությամբ, փափկությամբ, շոյող ջազ երաժշտության մթնոլորտում են մարդիկ հաճույք ստանում… Փառք տիրոջը, որ ես եւս կարողանում եմ ծառայել իմ ժողովրդին եւ ազգին, շնորհակալ եմ, որ մարդիկ սիրում եւ գնահատում են իմ երաժշտությունը»:

Ճանաչված ջազային երաժիշտը նաեւ ընդգծեց. «Մի անբացատրելի բան կա երաժշտության մեջ՝ նոտաների ներդաշնակությունը մարդու աչքերից արցունք է բերում, փշաքաղեցնում… Դրա ֆորմուլան ոչ ոք չգիտի, ես էլ չգիտեմ, բայց գիտեմ մի բան, որ մաքուր երաժշտությունն է միշտ հուզում մարդուն, ինչպես Խաչատրյանի, Բախի երաժշտությունը…Երաժշտության ազդեցությամբ մարդը զգում է, որ Աստծո ստեղծած է, նույնն էլ բարձրակարգ, իսկական ջազի պարագայում է…»,-ընդգծեց ճանաչված ջազային երաժիշտը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930