Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքն այն երկիրն է, որտեղ, իմ կարծիքով, ժողովրդական մակարդակով Ցեղասպանությունը վաղուց ճանաչվել է․ Հրաչյա Փոլադյան

Ապրիլ 24,2021 13:33

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հարցազրույցը Անքաուա (Ankawa) էլեկտրոնային օրաթերթին

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Իրաքի և ձեր երկրի՝ Հայաստանի միջև հարաբերությունները, և որո՞նք են այն հեռանկարները, որոնց ձգտում եք հասնել այդ հարաբերությունների լույսի ներքո:

Հրաչյա Փոլադյան. Նշենք, որ Հայաստանի և Իրաքի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2000թ.-ին: Հայաստանը 1991թ. անկախություն հռչակումից հետո հետևողականորեն զարգացնում է իր հարաբերությունները արաբական երկրների հետ, այդ թվում նաև՝ Իրաքի։ Ձեր բարեկամ երկիրը կարևոր գործընկեր է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ առևտրատնտեսական առումով։

Իրաքը աշխարհագրորեն ամենամոտ արաբական երկիրն է Հայաստանին, և դա մեծ առավելություն է հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Իրաքի հյուսիսային սահմանակետից մինչև հայ-իրանական սահմանակետ 420 կմ է։ Իրաքը մի երկիր է, որը հայերիս համար նաև համատեղ մշակութային տարածք է։ Բաղդադի ամենահին՝ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին հայկական է՝ կառուցված 1639թ.-ին։ Երկու ժողովուրդների պատմությունը գուցեև սկսվում է բաբելոնյան ժամանակներից։

Այսօր համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում. առևտրաշրջանառությունը վերջին տարիներին մոտենում է 200 մլն դոլարի։ Վերջերս անցկացրել ենք արտգործնախարարությունների միջև քաղաքական-դիվանագիտական խորհրդակցություններ, Հայաստան է այցելել Իրաքի ՊՆ նախարարը, ստորագրվել են փաստաթղթեր։ Համատեղ գործում է Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովը, որը համակարգում է աշխատանքները։ Իմ նպատակն է հնարավորինս նպաստել այդ հարաբերությունների ակտիվացմանը և փոխշահավետ համագործակցությանը կրթության, զբոսաշրջության, ռազմատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում։

Հարց. Հայոց ցեղասպանության հիշատակի 106-րդ տարելիցի առթիվ, ի՞նչ մտքեր ունեք այդ կապակցությամբ, և որո՞նք են այն հիմքերը, որոնցով Հայաստանը ձգտում է լուսաբանել այս ողբերգությունը և դրա մասին տեղեկացնել միջազգային հանրությանը:

Հրաչյա Փոլադյան. Ամեն տարի Հայաստանում, Արցախում և աշխարհով մեկ սփռված հայ համայնքները ինչպես միշտ հիշատակում են Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված 1.5 մլն սրբադասված զոհերի հիշատակը։ Երևանում է Ծիծեռնակաբերդի բարձունքի հուշարձանը, ուր ապրիլի 24-ին այցելում են հարյուր հազարավոր հայեր։

Իմ մտքերի առումով նշեմ, որ դա պատմական արդարության հաղթանակի ակնկալիքն է միջազգային հանրությունից, ինչը, ցավոք սրտի, շատ հաճախ նույնպես քաղաքական ենթատեքստ ունի և տարատեսակ շահեր է հետապնդում։ Շատ երկրներ Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկում են ոչ թե որպես համամարդկային արժեքների անշահախնդիր առաջնահերթություն, այլ որպես խաղաքարտ՝ երրորդ երկրի հետ հարաբերություններ կառուցելու և զարգացնելու ընթացքում։

Միջազգային հանրության սուբյեկտ հանդիսացող տասնյակ երկրներ այսօր պաշտոնապես ճանաչել են Օսմանյան կայսրությունում 1915թ. իրագործված Հայոց ցեղասպանությունը՝ հիմնականում խորհրդարանական հայտարարություններով։ Այն ճանաչվել է նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց ցանկը երկար է։ Նշված ճանաչման ձևաչափը իրավական գործառույթներ չի ենթադրում և նպատակը հիմնականում ապագայում այլ ցեղասպանությունների կանխարգելում է։ Ցեղասպանությունն ընդունելով այդ երկրները մերժում են նոր ցեղասպանությունները, որոնք ցավոք դեռևս շարունակում են տեղի ունենալ աշխարհում, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, Իրաքի եզդիների հետ՝ 2014թ.-ին՝ Սինջարում։ Ի դեպ, 20-րդ դարասկզբին ցեղասպանության են ենթարկվել նաև Օսմանյան կայսրությունում ապրող այլ ժողովուրդներ. հույները, ասորիները, եզդիները, մոլոկան-ռուսները հարյուր հազարներով են սպանվել և տեղահան արվել։

Ինչպես հայտնի է, Ցեղասպանություն տերմինը 1944-ին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Հոլոքոստը վերապրած Լեմկինն այդ տերմինով ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն, և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել այն իրականացնողներին: Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում ցանկացած գործողություն, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով։

1915թ. մայիսի 24-ին Անտանտի պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից հրապարակվեց համատեղ պաշտոնական հռչակագիրը, որով նրանք Հայոց ցեղասպանությունը որակում էին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և հայտարարում, որ Թուրքական կառավարությունը պատասխանատու է իրականացված հանցագործության համար:

Ելնելով Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ կատարվող այդ նոր հանցագործություններից` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնային կառավարությունները վերոնշյալով հրապարակայնորեն հայտարարում են Բարձր Դռանը, որ նրանք այդ հանցագործությունների համար պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև՝ նրա այն տեղական ներկայացուցիչների վրա, որոնք առնչված կլինեն տվյալ կոտորածին»:

Ավելին, նշեմ, որ հենց թուրքերը ժամանակին ընդունել են ցեղասպանության փաստը. 1919թ. Ստամբուլում ձևավորվեց ռազմական դատարան` պատժելու համար հայերի նկատմամբ իրականացված հանցագործության պատասխանատուներին: Այդ ժամանակ թուրքական իշխանությունները գրում էին. «…Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը. նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար` ամոթով»: 1919թ. հուլիսին դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց երիտթուրքերի ղեկավարներին` նրանց մեղավոր ճանաչելով հայերի բնաջնջման քաղաքականության իրականացման համար: Չնայած այդ դատավճիռն այդպես էլ չիրագործվեց` իրավական առումով թուրքական դատարանը ևս հաստատեց հանցագործության առկայությունը և միջազգային հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկեց ցեղասպանության կազմակերպիչներին:

Ցեղասպանության մասին կոնվենցիան չի ձևակերպել նոր հանցագործություն, այլ միջազգային իրավունքին արդեն հայտնի մարդկության դեմ ուղղված հանցագործությանը տվել է կոնկրետ տերմին և բնորոշում:

Կոնվենցիայի միջոցով ցեղասպանության հանցակազմը, որը մինչ այդ ներառում էր մարդկության դեմ ուղղված հանցագործություն հասկացությունը, առանձնացվեց և հատուկ իրավական տերմին ստացավ: Կոնվենցիայի նախաբանում հստակ նշված է, որ այն կնքվում է «ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը»: Սրանից հետևում է, որ տերմինը կիրառելի է նաև մինչև Կոնվենցիայի կնքումը կատարված հանցագործությունների համար:

Հայոց ցեղասպանությունն իր առկա փաստագրական բոլոր հիմքերով և ծավալով համապատասխանում է վերոհիշյալ ձևակերպումներին։

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Իրաքի ակադեմիական շրջանակների վերաբերմունքը ցեղասպանության հիշողությանը, հատկապես՝ այս ողբերգության կարևոր կողմերը լուսաբանելիս:

Հրաչյա Փոլադյան. Առանց անուններ նշելու, վստահաբար կարող եմ ասել, որ գիտնականների, մտավորականների և հասարակական գործիչների բավական մեծ շրջանակ գոյություն ունի Իրաքում, որոնք քաջատեղյակ են Հայոց ցեղասպանության իրողությանը և փաստերին։ Նրանք ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս տարբեր գիտական աշխատություններով, հոդվածներով և հարցազրույցներով։ Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա կարող եմ ասել, որ Իրաքն այն երկիրն է, որտեղ իմ կարծիքով ժողովրդական մակարդակով այն վաղուց ճանաչվել է, քանի որ այսօրվա իրաքցիներից շատերի նախնիներն են փրկել Ցեղասպանությունից ողջ մնացած հայերին, ինչի համար մենք մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում։

Հարց. Վերջերս Էրբիլ քաղաքում բացվեց ՀՀ հյուպատոսությունը։ Ինչպե՞ս եք գնահատում նման քայլը երկու երկրների միջև բաց երկխոսության խթանման համատեքստում:

Հրաչյա Փոլադյան. Հայաստանը, կարևորելով բարեկամ Իրաքի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը, այս տարեսկզբին բացեց Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ այդկերպ ընդլայնելով իր դիվանագիտական ներկայությունը ձեր երկրում։ Վստահ եմ՝ սա դրական կերպով կանդրադառնա երկկողմ հարաբերություններն առավել բարձր մակարդակի բարձրացնելու առումով։ Նշեմ նաև, որ միևնույն ժամանակ բացվել է Հայկական մշակութային կենտրոնը։ Դա արվեց մեկ նպատակով. մշակութային կապերի զարգացմանը նպաստելու համար, քանի որ ժողովուրդների շփման լեզուն, կարծում եմ, մշակույթն է։ Փակագծեր չբացելով, նշեմ նաև, որ մոտ ապագայում շարունակվելու է ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնման գործընթացը Իրաքում։

Ինչ վերաբերում է բաց երկխոսության խթանմանը, կարծում եմ՝ մեր երկու բարեկամ երկրներն իրենց դիվանագիտական հարաբերությունների 20 տարիների ընթացքում եղել են բաց և ազնիվ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930