Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ողբերգության պատճառը ինքնորոշման երեւույթի չըմբռնումն է․ «Հայացք Երևանից»

Մայիս 05,2024 10:05 Share

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Այս խոշորածավալ ողբերգությունը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտի տարիներին, եւ պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդը աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»:

Ինքնության, հայրենասիրության, օրինակարգության թեմայով ՀՀ իշխանությունների զուգահեռ շարունակվող էժանագին շահարկումների հենքին Փաշինյանի այս գնահատականները կարելի է դիտարկել որպես հայ ժողովրդի ռազմավարական խնդիրների նկատմամբ քաղաքական մոտեցման հազվագյուտ օրինակ։ Հայաստանում քչերն են խոսում իրենց հայրենիքում հայերի զանգվածային բնաջնջման եւ վերածնված հայկական պետության՝ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին։ Ի վերջո, դժվար է հերքել, որ 20-րդ դարասկզբի Ցեղասպանությունը հայկական պետականության վերածննդի գինն էր։

Հասարակական-քաղաքական նոր համակարգի ձեւավորումը գոյություն ունեցող համակարգի փլուզման համատեքստում հին կարգերի քայքայման եւ այս ոլորտում նոր սուբյեկտների առաջացման գործընթացն է։ Նախկին կայսրության ժողովուրդների ինքնորոշման միջոցով հնարավոր է նոր կարգեր հաստատել։ Սա ժողովուրդների քաղաքական գոյության վերափոխման մեխանիզմն է։ Միակ ժողովուրդը, ում հաջողվեց ինքնորոշվել Օսմանյան կայսրության ճգնաժամի եւ փլուզման ժամանակաշրջանում, մահմեդական օսմանցիներն էին, որոնք որդեգրեցին թուրքական ինքնությունը եւ գրավեցին կայսրության մնացած մասը:

Մնացած բոլոր ժողովուրդները պարզվեց, որ անկարող էին ինքնորոշվել եւ ենթարկվեցին ոչնչացման կամ հալածանքի։ Ինքնորոշման ֆենոմենը անհասանելի էր այս ժողովուրդների գիտակցությանը։ Նրանց համար միակ քաղաքական պրակտիկան մասնակցությունն էր այլ երկրների օրակարգերին։ Միայն մահմեդական օսմանցիներն էին նոր ազգի տեսքով վերածնվելու ուղի գտել, որովհետեւ նրանք պարտություն կրեցին արտաքին ուժերից. աշխարհը նրանց դեմ էր: Նրանք կարող էին միայն իրենց մեջ փնտրել ինքնապահպանման ռեսուրսներ։ Իհարկե, հետագայում բոլշեւիկյան Ռուսաստանի աջակցությունը հնարավորություն ստեղծեց այս ինքնորոշված ազգի կայացման համար։ Եվ դա նույնպես բնական էր՝ ինքնորոշված ժողովուրդներն առանց աջակցության չեն մնում։

Արեւմտյան երկրների ջանքերով հայկական պետություն ստեղծելու հնարավորությունը, որն ի հայտ եկավ այն ժամանակ, վերացավ։ Բայց այս հանգամանքը չէր կարող խանգարել հայկական պետության ձեւավորմանը՝ բոլշեւիկները խարխլեցին ծրագիրը, բայց չգնացին հայկական քաղաքական գործոնի իսպառ ոչնչացման։ Նրանք պահպանեցին հայկական վարչական միավորը իրենց պետության կազմում։ Այս հանգամանքը թույլ տվեց հայկական պետությանը վերածնվել։

Այսինքն՝ կարելի է պնդել, որ Ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետության վերածննդի գինն էր։ Սա նախկին Օսմանյան կայսրության տարածքում ամեն գնով հայկական պետության ստեղծումը կանխելու ծրագիր էր։ Թե ով է դրանով զբաղվել, երկրորդական նշանակություն ունի։ Սրա համար պատասխանատու են նրանք, ովքեր օգտվել են դրանից եւ յուրացրել երկիրը։ Եվ նրանք, ովքեր դարձան զոհ, պետք է գիտակցեն, որ ազգային ողբերգության պատճառը ինքնորոշման երեւույթի չըմբռնումն է։ Փաշինյանն այսօր պնդում է. «Միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը եւ պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու»:

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031