Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր ԱՄՆ դեսպանը Սյունիք մեկնել. «Անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Եվ դա միայն ԼՂ-ի անվտանգությունը չէ»

Ապրիլ 26,2021 22:00

«Ազատության» հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է. «Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»

Հրայր Թամրազյան. – Տիկին դեսպան, պատերազմի ժամանակ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները խոսում էին Փաշինյանի և արտգործնախարարի հետ, հանդես եկան մի քանի հայտարարություններով, կոչ արեցին երկու կողմերին հասնել հրադադարի շուրջ համաձայնությանը։ Չնայած այս ջանքերին, ԱՄՆ-ին չհաջողվեց կանգնեցնել պատերազմը, դա հաջողվեց անել Ռուսաստանին։ Արդյոք դրա պատճառն ա՞յն է, որ ԱՄՆ կորցրել է իր հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, թե՞ Ռուսաստանն է դարձել ավելի հզոր։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

Լին Թրեյսի. – Եթե հիշում եք, հրադադարի հասնելու մի քանի փորձեր եղել, որոնք արդյունք չեն տվել, ընդ որում առաջին փորձը Ռուսաստանի կողմից էր։ Եվ այնուհետեւ անշուշտ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փորձերն էին։ Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այնպես որ, մի քանի հարցեր կան, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել։

Հրայր Թամրազյան. – Ռուսներն ու նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերը կասեին, որ այս հակամարտությունն ավարտված է, ԵԱՀԿ Մինսկի խմբին այլևս ոչինչ չի մնում անել: Բայց ինչպես Դուք ասացիք, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ առկախված է, և պետք է լուծվի: Սա կարևորագույն մի խնդիր է, որ տաք է պահում այս հակամարտությունը: Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանը մենք չենք կարող պնդել, որ հակամարտությունը լուծված է: Ո՞րն է ձեր վերլուծությունը: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցում: Օրինակ, ռուսները եկել են այնտեղ, և նրանք այժմ խաղաղապահ զորքեր ունեն Լեռնային Ղարաբաղում և այնտեղ կմնան հինգ տարի ու հետո միգուցե երկարացնեն ժամկետը ևս հինգ տարով: Սա լա՞վ է տարածաշրջանի համար: Ի՞նչ եք կարծում։

Լին Թրեյսի. – Կարծում եմ, որ դա կրկին չափազանց բարդ սցենար է: Մի իրավիճակ, որ չեմ կարծում, որ որևէ մի երկիր կարող է լուծել, և այդ պատճառով էլ մենք ունենք Մինսկի խմբի համանախագահների հարթակը, և երբ նայում եք լուծման կարոտ հարցերի շրջանակին, իհարկե, անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Եվ դա միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չէ: Հենց անցյալ շաբաթ ես Սյունիքում էի: Սա իմ չորրորդ ուղևորությունն էր Սյունիք, առաջինը` պատերազմից հետո: Եվ ես, անշուշտ, տեսա հակամարտության այն հետևանքները, որոնք հասել են Սյունիքի հայերի տներ, երբ ճանապարհին մեծ թվով զինվորականների ներկայություն կա՝ հայ, ադրբեջանցի և ռուս զինծառայողների՝ սահմանի պատճառով, որ այժմ անցնում է հիմնական ճանապարհի վրայով: Ես հանդիպեցի տեղահանված անձանց հետ, ովքեր դեռ օգնության կարիք ունեն, և սա այն ոլորտն է, որտեղ Միացյալ Նահանգները շատ ներգրավված է եղել:

Մենք առաջիններից էինք, որ օգնություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներսում: Ինչպես ասացի, սա շարունակական իրավիճակ է: Եվ հետո կան տնտեսության հետ կապված հարցեր, և ես կրկին հնարավորություն ունեցա տեսնել մի շարք բիզնեսներ: Ոմանք իրականում որոշակի առումով խոստումնալից են, բայց ոմանք էլ օգնության կարիք ունեն: Եվ ինչպես ասացի, դա շատ բարդ է։ Կարծում եմ, հենց այս պատճառով է, որ Հայաստանի բարեկամներից շատ ինտենսիվ ջանքեր են պահանջվելու: Եվ ես կցանկանայի նշել, որ կան նաև այլ արևմտյան երկրներ. ԵՄ-ն շատ ներգրավված է և պատրաստվում է համատեղ ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և տարածաշրջանին կայունություն և խաղաղություն հաստատելու այս երկարաժամկետ հարցերում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930