Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Չալոն (պատմվածք)

Մայիս 02,2021 16:33

Ալմաստ հաքուն կապույտ աչքեր ունի, դեղնասպիտակավուն մազեր, իսկ դեմքը ամբողջովին պատված է գծերով: Տխրելիս Ալմաստ հաքուի հոնքերը ավելի են կախվում աչքերի վրա, ու կապույտը դառնում է փոքրիկ անցքերից պստպստացող լույս: Սոնան տագնապած շարժում է գլուխն ու ձեռքերը թափահարում օդում:

-Հը՞,- ես բան չեմ հասկանում: Ալմաստ հաքուն Սոնայի տատն է ու չգիտես ինչու ինձ Գայանա է ասում, իսկ ես նրան՝ Ալմաստ հաքու: Ինքն է այդպես ցանկացել:

-Գայանա ջան, ինձ հաքու ասա, արյունս քաշեց, մենք հաստատ պարեկամ ենք յըլի դաղան:

Դաղան. այսինքն՝ Էնտեղ, ՝ Խոյի Սալմաստ գավառում, որտեղից սկիզբ է առել մեր նախնիների տոհմածառը: Հետո մերոնք եկել են Արտաշատ, Ալմաստ հաքուի հայրը գնացել է Եղեգնաձոր: Հետո Ալմաստ հաքուն ամուսնացել է ղարաբաղցու հետ…

-Չխասկցամ՝ ինչի՞ Սարոս ընձի պերեց տաղան, զինքը մնաց դաղան:Կարող ի՞ կռիվը չի պրծի…

Ալմաստ հաքուն երբեմն ինձ հետ խոյի բարբառով է խոսում, կամ որոշ բառեր է գործածում, որ միայն ինձ է հասկանալի:

-Էլի սկսեց,- նեղսրտում է Սոնան,- գիտես, Ղարաբաղում տատս միանգամից փոխում է կադվինը…ու դառնում է նախշուն բաջի:

-Նախշուն բաջին դու ես,- ես բազմոցի բարձը նետում եմ Սոնայի վրա, – բաջի թուրքի կանանց են ասում, Ալմաստ հաքուն ի՞նչ բաջի, դու որտե՞ղ ես տեսել խոյեցի բաջի:

Ես գնում եմ խոհանոց ու ձեռքով աննկատ կանչում Սոնային:

-Ինչ ես ուզում հասկացնել՝ թևերդ թափահարելով,- հարցնում եմ կիսաձայն:

-Տատս չգիտի, որ գյուղը էլ մերը չի, Արմենի զոհվելու մասին էլ չգիտի, հանկարծ բերանիցդ չթռցնես:

Ես շվարում եմ:

-Բա ի՞նչ եք անելու:

-Եսիմ.- Սոնան վերուվար է անում ուսերը,- կասես՝ գյուղացիները գյուղում են, բայց թուրքերը կրակում են, դրա համար էլ ծերերին ու երեխաներին հանել են գյուղից:

Մենք մտնում ենք սրահ, Ալմաստ հաքուն նայում է քննախույզ:

-Ինստրուկտաժ արիր, բերի՞ր,- հարցնում է Սոնային: Սոնան կչկչում է:

-Այ տատ, ի՞նչ ինսրտուկտաժ, Գայանային ինստրուկտաժ անել կլինի՞…

-Դե գնա, ալբալը մի հատ դոլմա սարքի, էրեխան քաղցած կլինի…

Սոնան այս անգամ հասկանում է. ալբալը, այսինքն՝ արագ: Իսկ Էրեխան ես եմ: Սոնան փնթփնթալով գնում է խոհանոց.

-Ալբալը սուրճ կարամ սարքեմ, ալբալը ո՞նց դոլմա սարքեմ:

Ես նստում եմ Ալմաստ հաքուի կողքին: Նրանց գյուղում հիմա թուրքեր են վխտում: Թոռը՝ Արմենը, զոհվեց անօդաչուի հարվածից: Ես ուզում եմ չմտածել այդ մասին, որ դեմքս չմատնի մտքերս: Մամաս ասում է՝ մտքերդ գրվում են դեմքիդ: Իսկ հաքուն չպիտի իմանա: Ես բերանս ձգում եմ դեպի ականջներս:

– Բեյնը ինչ մտավ՝ վերցրեց -գնաց Ուկրաինա, ի՞նչ կա Ուկրաինայի քուչաները: Արի, քո գյուղին տիրություն արա թուրքերը չեն հանգստանում:…

Հաքուն կռիվ է տալիս Արմենի հետ: Իսկ Արմենը գյուղի գերեզմանատանն է, Արցախյան պատերազմում զոհված հորեղբոր կողքին:

-Մե պռոշտի էլ չարեց:

Մենք՝ խոյեցիներս, համբուրվելուն ասում ենք՝ պռոշտի: Ես ծիծաղում եմ բարձրաձայն, բայց վայրկյան անց հիշում եմ, որ

խոսքը Արմենի մասին է:

– Ամենից շատ Չալոյի համար եմ նիգյարան: Կապը կտրել էր, ավտոյի հետևից վազում էր: Ասի՝ ավտոն կանգնեցրեք, շանն էլ վերցնենք, կգնա, կընկնի թուրքերի ձեռը: Ինչ արի, չարի՝ Չալոյին չվերցրին: Ասին՝ ավտոյի մեջ տեղ չկա, գլխներիս է՞ նստելու, թուրքերն էլ մի կողմից էին կրակում : Ասին՝ կռիվը պրծնի, կգնանք, կբերենք…

Հաքուն լալիս է: Ձայն չկա, ուղղակի կապույտ աչքերից արցունքները պսպղալով կաթում են այտերին ու կորչում դեմքի գծերում:

– Սարոս գնաց, որ Չալոյին բերի, ասին՝ անցել է թուրքերի յանը: Հիմա դու պիտի ինձ օգնես: Քո ձեռքից կգա, բարձր տեղ ես աշխատում: Գինա՞ս զանգել Ալիևին, ասել՝ խնդրում եմ, մեր Չալոյին տվեք…Ասես՝ Ալմաստ հաքուն է խնդրում, 85 տարեկան…

-Գիլասն ինչ կապ ունի,- հարցնում է Սոնան:

-Գիլաս չէ, գինաս, այսինքն՝ կարո՞ղ ես,- բացատրում եմ ես

ու ծիծաղում եմ, որ լաց չլինեմ:

-Կզանգեմ, հաքու ջան, մի բան կանեմ:

-Ասա՝ մեր շունը ձեր ինչի՞ն է պետք, ետ տվեք, դուք իրա լեզուն չեք հասկանում, կարոտից կհիվանդանա, կխատնի:

-Կասեմ…

Հաքուի ոսկրոտ մատների մեջ շյուղերը շարժվում են ռիթմով ու կապույտ գծերով ժակետը երկարում է պահ առ պահ:

-Մաքուր բուրդ է, Արմենի համար եմ գործում, – ասում է հաքուն,- էն թվին, որ Արմենը Չալոյին բերեց, էդ գծիկի չափսին էր: էնքան հասկացող էր, մարդու նման հասկանում էր, չէր թողնի խոզերը վնաս տան ջուջաներին: Մի անգամ տկար էի, երեք օր մոտիցս տեղ չգնաց, մի անգամ էլ բախչան ոզնի էր մտել…

-Ալիևին ձեռին ես զանգելու , թե մամուլի խոսնակին,- ականջիս տակ փսփսում է Սոնան,- ձեռի հետ մեր գյուղն էլ վազվրատ արա էլի:

-Էս լաց ես լինում, թե ծիծաղում ես,- հարցնում է հաքուն:

-Ծիծաղում եմ,- պատասխանում ենք ես ու Սոնան միաձայն:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31