Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի հարթակները նպաստում են արվեստագետի ստեղծագործական աճին և գեղարվեստական մտքերի փոխանակմանը

Հունիս 25,2026 13:00 Share

Հայաստանի նկարիչների միությունում շարունակվում է հունիսի 18-ին բացված «Վարկանիշային 2026» ցուցահանդեսը, որը տարին մեկ անգամ անցկացվում է 2019 թվականից ի վեր։ Այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում միության անդամ չհանդիսացող արվեստագետներին, այդ թվում՝ ուսանողներին, ցուցադրել հանձնաժողովին նախապես ներկայացրած և նրա կողմից ընտրված իրենց ստեղծագործությունները։ Ահա թե ինչու է այս ցուցադրությունը հանդիսատեսի կողմից ի սկզբանե մեծ հետաքրքրություն առաջացրել՝ լինելով և մնալով սպասված։

Մի հատկանշական և հատկապես ուսանող արվեստագետներին ոգևորող փաստ ներկայացնենք, որն Aravot.am-ին հայտնեց մեր զրուցակիցը՝ արվեստագիտության թեկնածու, Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի նկարիչների միության անդամ Գայանե Պողոսյանը։

Գայանե Պողոսյան

– Հինգ ցուցահանդեսի անընդմեջ մասնակցելով՝ միության անդամ չհանդիսացող արվեստագետները կարող են համալրել Նկարիչների միության շարքերը։ Ինչպես հայտնի է, այս միջոցառմանը ցուցադրվում են կերպարվեստի տարբեր ճյուղեր՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստ։ Իսկապես, սա կարևոր նախաձեռնություն է և հատկապես մասնագիտական կայացման ճանապարհին իրենց առաջին քայլերն անող արվեստագետների համար,– ասաց արվեստաբանը և հավելեց, որ այս օրերին ընթացող միջոցառմանն էլ, ինչպես միշտ, իրենց մասնակցությունն են բերել նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի բազմաթիվ ուսանողներ՝ ցուցադրելով ինքնատիպ ու հետաքրքիր լուծումներով ստեղծագործություններ։

Մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել իրենց կարիերան նոր-նոր սկսած մեկ-երկու արվեստագետների։

– Մասնակիցներից է, օրինակ, ակադեմիայի շրջանավարտ, երիտասարդ նկարչուհի Հայկուհի Մակարյանը, որն իր բնություն պատկերող գեղանկարչական հորինվածքներով հանրությանն առաջին անգամ է ներկայանում միությունում։

Նկարչուհու խոսքով՝ վարկանիշային ցուցահանդեսին մասնակցությունը կարևոր մասնագիտական փորձառություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծագործական աշխատանքը ներկայացնել հանրային լայն շրջանակներին։ Նա նշում է, որ այսպիսի հարթակները նպաստում են արվեստագետի ստեղծագործական աճին և գեղարվեստական մտքերի փոխանակմանը։

Բավական ոգևորված է ցուցահանդեսին իր մասնակցությունից մեր մյուս երիտասարդ նկարչուհին՝ Աննա Մանուկյանը, որը հեղինակել է պատկերամիջոցներով առաջին հայացքից պարզ, բայց միաժամանակ խորիմաստ գաղափար կրող մի գործ, որում ներկայացված է երեխան՝ որպես ստեղծող ու պահպանող ուժ, որպես կյանքի նոր սկիզբ։

Իսկ, օրինակ, ակադեմիայի այս տարվա մեկ այլ շրջանավարտ Ադել Միքայելյանն արդեն հինգերորդ անգամ է մասնակցում՝ այս անգամ ներկայացնելով բավական ուշագրավ, գել-պրինտային տեխնիկայով կատարված «Պանտոմիմ» խորագրով իր գրաֆիկական շարքը։ Հեղինակը գելը, մինչ երկչափ հարթությանը փոխանցելը, փորձարկել է սեփական մարմնի՝ դեմքի և ձեռքերի մակերևույթին՝ համոզվելու, որ դրա ազդեցությունն այնքան ուժեղ է, որ կարող է մարդու արտաքինը փոխել մինչև անճանաչելիության աստիճան, և այլն,– ներկայացրեց մասնագետը։

Դիտարկմանը, թե այցելուները կարծես երկար ժամանակ են տրամադրում խեցեգործական աշխատանքները դիտելուն, Գայանե Պողոսյանը, համակարծիք լինելով, պատասխանեց.

– Բազմաթիվ աշխատանքների կողքին, այո, հիացնում են նաև խեցեգործական հորինվածքները, ինչպես, օրինակ, այս ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրվող Շուշան Քևնաքսզյանի՝ «Տիեզերք» խորագրով ջնարակապատ բազմաշերտ լուծումները։ Ցուցադրությանը մասնակցելը նրա համար բավական ոգևորիչ և հիշարժան իրադարձություն է՝ լի նոր տպավորություններով և ստեղծագործական ոգեշնչումներով։ Այս ցուցադրությունը հնարավորություն է տվել խեցեգործ-արվեստագետին ներկայացնելու ոչ միայն իր աշխատանքը, այլև շփվելու արվեստասեր մարդկանց հետ և ավելի մեծ վստահությամբ շարունակելու սեփական ստեղծագործական ուղին։

Իմիջիայլոց, զրույցի ընթացքում արվեստաբանը հատուկ շեշտեց, որ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այսօրինակ միջոցառումների կազմակերպումը շատ է կարևորում, քանի որ դրանք ուղղված են արվեստի բնագավառում երիտասարդներին սատարելուն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները ցուցահանդեսից տրամադրել է Գայանե Պողոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930