Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Իշխանությունների ապաշնորհ, ապիկար գործողությունների արդյունքում մեր ժողովուրդը այսօր չի կարողանում ուղիղ մեջքով քայլել, բայց համոզված եմ, որ երկիրը ուղղելու է մեջքը»

Մայիս 09,2021 19:52

ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն այսօր «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» անդամների հետ «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց մայիսյան Եռատոնը հնարավոր դարձրած հայրենիքի զինվորների հիշատակին, որից հետո շփվեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

«Մայիսը բոլորիս մտքերում հաղթանակների ամիս է: Մայիսին մենք հաղթեցինք Սարդարապատում, այնուհետեւ՝ հաղթանակ Հայրենական պատերազմում, որից հետո ազատագրվեց Արցախի թագուհի Շուշին: Բայց այսօր մենք չենք կարող խաբել եւ նշել Եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում: Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է: Այսօր հայ ժողովուրդը շատ տխուր է: Այսօր մենք ունենք կորսված Արցախի մի մեծ հատված, ունենք հազարավոր նահատակված հերոսներ, առյուծ տղաներ, որոնք իրենց կյանքով փորձեցին պաշտպանել մեր երկիրը:

Ցավոք սրտի, այս իշխանությունների ապաշնորհ, ապիկար գործողությունների արդյունքում մեր երկիրը եւ մեր ժողովուրդը այսօր չի կարողանում ուղիղ մեջքով քայլել: Բայց ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նոր հաղթանակներ, որ մեր ժողովուրդը ուղղելու է մեջքը: Եվ ուզում եմ, այնուամենայնիվ, շնորհավորել մեզ բոլորիս՝ մեր հաղթանակների առթիվ: Մեր ժողովուրդը հաղթող ժողովուրդ է, պայքարող ժողովուրդ է եւ մեր ժողովուրդը անպայման աշխատանքով, միասնությամբ կվերականգնի արժանապատվությունը»:

Արթուր Վանեցյանը նաեւ վստահություն հայտնեց, որ թե Շուշին, թե Հադրութը վերադարձնելու հնարավորություններ կան: «Համոզված եմ, որ այդ հնարավորությունները նաեւ ճիշտ աշխատանքի, քաղաքական ճանապարհով լուծման, բանակցությունների ճանապարհի մեջ են: Լուծումը հնարավոր է: Բայց այս իշխանություններն ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները: Դրանք պետք է հեռանան, պետք է իշխանության գան ազգային ուժեր, ունակ ուժեր, արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ազգային եւ պետական շահերը»:

Գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը խնդրեց լրագրողներին՝ այսօր քաղաքական եւ ներքաղաքական թեմաներով չխոսել, մնալ օրվա խորհրդի մեջ եւ հույս հայտնեց, որ մյուս տարի այսօրը մենք արդեն նշելու ենք այլ իրավիճակում, այլ հոգեվիճակում եւ այլ ձեռքբերումներով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31