Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կրակը կարող է մեծ սպառնալիքի վերածվել». Իրանցի փորձագետ Փույա Հոսսեյնին` մերձավորարեւելյան եւ Անդրկովկասի զարգացումներում կապի մասին

Մայիս 12,2021 17:55

«Անդրկովկասը հակամարտության երկրորդ օջախն է, որը ակտիվացավ 44-օրյա պատերազմով: Հիմա հակամարտությունը սառեցված վիճակում է, բայց հիբրիդային պատերազմը, սպառնալիքներն ամենօրյա են»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Թեժացած Մերձավոր Արեւելք. վտանգներ Հարավային Կովկասի համար» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Նրա գնահատմամբ, Մերձավոր Արեւելքում հիմա ինչ կատարվում է` կարող է սերտ կապ ունենալ Անդրկովկասի հետ եւ «մի կրակը կարող է մեծ սպառնալիքի վերածվել»: Ուստի, բանախոսի կարծիքով, Հայաստանը պետք է իր անվտանգային հարցերն արագ կարգավորի, իր գործընկերների հետ նոր հարաբերություններ ստեղծի:

Վերջերս Իրանի եւ Հայաստանի տարբեր մակարդակների պաշտոնյաների միջեւ մի քանի հանդիպումներ են եղել, ինչը, փորձագետի գնահատմամբ, նշանակում է, որ Իրանը պատրաստ է ՀՀ-ին աջակցություն ցուցաբերել`Սյունիքի նկատմամբ հնարավոր սպառնալիքների դեպքում: Նա կարծում է, որ ամեն դեպքում, Իրանը չի ցանկանում Հայաստանով իր` դեպի Եվրոպա պատուհանը փակել եւ ցանկությունները պետք է գեներացվեն կոնկրետ փաստաթղթի ու գործողությունների:

Արաբագետ Արաքս Փաշայանի վերլուծությամբ էլ, Իսրայել-Պաղեստին վերջին սրացումը ունի ներքին եւ արտաքին համատեքստեր: Նախ`գործողությունները զարգանում են Գազայի հատվածում եւ Իսրայելի նպատակն է Համասի վերահսկողության ներքո գտնվող ռազմական թիրախները ոչնչացնել:

Զարգացումների`արտաքին համատեքստին վերաբերվող մասում, փորձագետը նկատում է, որ շատ գործընթացներ պայմանավորված են նաեւ ԱՄՆ-ի`մերձավորարեւելյան քաղաքականության փոփոխություններով. Ջո Բայդենի վարչակազմը փոխել է իր մոտեցումները եւ Թրամփի ակնհայտ պրոիսրայելական քաղաքականությունը Բայդենի կողմից խմբագրումների է ենթարկվում: Թրամփի օրոք եղավ «դարի գործարքը», որը փորձագետի գնահատմամբ, գործնական շոշափելի արդյունք չբերեց`չնայած ներդրված մեծ ռեսուրսներին: Նա հիշեցնում է նաեւ ԱՄՆ դեսպանատունը արեւելյան Երուսաղեմ տեղափոխելը, գումարած Վիեննայում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային բանակցությունների մեկնարկը, ինչն ակնհայտ է դարձնում, որ կան անվտանգային խնդիրներ. «Որոշ պետություններ վախենում են Իրանի ակտիվացումից եւ դա համարում են ազգային-անվտանգային սպառնալիք»:

Սրացման ներքին պատճառներից արաբագետը նշում է այն, որ արդեն որերորդ անգամ Իսրայելին չի հաջողվում կառավարություն ձեւավորել:

Հարցի արտաքին գործոնների համատեքստում, Արաքս Փաշայանը ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ Թուրքիայի գործոնը. վերջին տարիներին Էրդողանի քաղաքականությունը պրոպաղեստինյան է եւ Իսրայելի դեմ վերջին տարիներին Թուրքիան բավական կոշտ որակումներով է հանդես գալիս: Այս պարագայում էլ Թուրքիան Իսրայելի գործողությունները ահաբեկչական է որակում: Փորձագետը Թուրքիայի քաղաքականությունը պոպուլիստական է որակում, քանի որ հարմար առիթը չի օգտագործում Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար եւ պաղեստինյան հարցը շահարկում է`իսլամական աշխարհում իր հեղինակությունը բարձրացնելու համար. «Միջարաբական երկրներում էլ են փոխակերպումներ տեղի ունենում, Իրան-Արաբական երկրներ հարաբերություններում էլ. ակնհայտ է մի բան, որ տարածաշրջանի երկրները ազգային անվտանգության համար որոշակի վտանգներ են տեսնում եւ դա որոշակիորեն կապված է նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ»:

Ըստ բանախոսի, Թուրքիան ամեն ինչ անում է`չեզոքացնելու համար այն սպառնալիքները, որոնք կան արաբական աշխարհում, փորձում է շահարկել իսլամական աշխարհի ամենազգայուն խնդիրները`նույն պաղեստինյան հարցը`իր համար շահեկան դիրքեր ապահովելով արաբական իսլամական միջավայրում եւ փորձում է միջազգային հանրությանը վախերի մեջ պահել`Իրանի հնարավոր շիական էքսպանսիայի մասով`Իրան-ԱՄՆ մերձեցումը մարտահրավեր համարելով:

«Թուրքիան փորձում է մի քանի ուղղություններով իր համար բարենպաստ իրավիճակ ապահովել: Չնայած իր գործադրած ջանքերին, Թուրքիան այս փուլում շոշափելի արդյունքներ չի գրանցել արաբական աշխարհում: Գուցե Թուրքիային հաջողվի տնտեսական առումով դրական հարաբերություններ ստեղծել արաբական աշխարհի որոշ երկրների հետ, բայց քաղաքական առումով, ոչնչի չի հասնի»,- կարծում է արաբագետը:

Փույա Հոսսեյնի գնահատմամբ էլ 44-օրյա պատերազմի արդյունքում տարածաշրջանում խաղի կանոնները փոխվել են, Իսրայելի անվտանգությունը շատ խոցելի է դարձել եւ դա տարածաշրջանային երկրները եւ հակամարտության կողմերը պետք է ընդունեն իբրեւ փաստ:

Փորձագետները համակարծիք են`Իրանի ազդեցությունը վերջին շրջանում իրապես քիչ է, Պաղեստինի վրա Թուրքիայի ազդեցությունը մեծացել է եւ դա տեսանելի էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ 44-օրյայից հետո տարածաշրջանում Թուրքիայի առաջխաղացումը ակնհայտ է:

Ստեղծված իրավիճակում, Արաքս Փաշայանի գնահատմամբ, հետագա տարիներին, Թուրքիային հաջողվելու է տարածաշրջանում համախմբել համաթուրքական պլատֆորմը. «Առայժմ Թուրքիայի ամենահաջող դաշնակիցներն են Ադրբեջանը, Պակիստանը եւ Քաթարը: Թուրքիան հետեւողականորեն առաջ է տանում իր շահերը, դրանք կարծես միանշանակ չեն ընկալվում միջազգային հանրության կողմից, բայց առայժմ, այդ երկրին հաջողվում է բավական սահուն առաջ մղել իր նպատակները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31