Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպատիվները հանդես են գալիս «Պատիվ ունեմ» անունով, Հայաստանը կեղեքածներն ու գնդակահարածները հանդես են գալիս «Հայաստան» անունով». Բաբաջանյանի ելույթը

Մայիս 18,2021 21:33

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» եւ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին ու որոշեցին  առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով:

Արման Բաբաջանյանն ասաց. «Մեր աչքի առաջ մեր նորանկախ պետության գոյության 30-րդ տարում իր գոյության ողջ ընթացքում բոլոր իշխանությունների կողմից հունցված անվտանգային համակարգը մեր աչքի առաջ փլվում է: Եվ մենք, փաստորեն, ականատես ենք դառնում այն կեղծիքի, այն ստի, որի մեջ մեզ պարտադրաբար պահել են: Մեկ շաբաթ է անցել այն օրից, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք եւ ոչ մի հոդաբաշխ, ոչ մի համարժեք արձագանք ՀՀ ռազմավարական  դաշնակից ՌԴ-ից ու ՀԱՊԿ-ից: Սա ուղղակի քննություն է ՀԱՊԿ-ի եւ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների համար: Ըստ էության, 44-օրյա պատերազմը ինչպես մերկացրեց մեր պետության չգոյությունը, 30 տարում կառուցել ենք մի բան, որը այդ 44 օրը ընդունակ եղավ կազմաքանդել, այն միջազգային իրավահարաբերությունները, որը թվում էր, թե կան,  այսօր ամբողջությամբ նոր լույսի ներքո բացահայտվում են, որ դրանք իրականում գոյություն չեն էլ ունեցել: Մենք տեսնում ենք զանազան արձագանքներ ՌԴ պատկան գերատեսչությունների ղեկավարների կողմից, մենք տեսնում ենք ակնկալիք, որ Հայաստանը աջակցության համար պիտի խնդրի, աղաչի, պաղատի, գրություններ ուղարկի, որը ոչ մի կերպ չի հասնում պատկան մարմիններին»:

Բաբաջանյանն ասաց, որ չի բացառվում էսկալացիա լինի եւ հայտարարված ընտրությունները տեղի չունենան, բայց պիտի պատրաստ լինեն ե՛ւ ընտրության, ե՛ւ պատերազմի հավասարապես. «Այդ պատերազմը, որը մեզ պարտադրում է արտաքին թշնամին ու այն պատերազմը, որը ներքին թշնամին է իր համար միջոց դարձրել ռեւանշի, մեր պետականության գոյության համար երկուսն էլ հավասար կարեւորություն եւ իմաստ ունեն»:

Բաբաջանյանն ընդգծեց, որ Հայաստանի բոլոր իշխանությունները վստահել են ռուսական տեխնոլոգիական գերակայությանը, չեն ցանկացել նեղացնել ռուսներին. «Հանցավորության հասնող հանգստությամբ ու անտեղյակությամբ բոլոր իշխանությունները իրենց գործը փութաջանորեն ու նվիրված անելու փոխարեն պարզապես ապավինել են ռուսներին ու ողջ ժողովրդին կանգնեցրել են փաստի առաջ՝ ծնկի բերելով թուրքերի ու ադրբեջանցիների ոտքերի մոտ»:

Դիմելով գործող իշխանություններին, որոնց ասում են «կապիտուլյանտ, հողատու, դավաճան»՝ Բաբաջանյանն  ասաց. «Մենք չենք հավատում, որ դուք ծախել եք Արցախը, բայց ձեր հանցավորության հասնող անկարողությունը, մտավոր ծուլությունն ու ամբարտավանությունը, մեծամտությունը մեզ բերել հասցրել է այս իրավիճակին»:

Խոսելով Մեղրիի միջանցքի ու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրածների մասին՝ պատգամավորը հայտարարեց. «Անպատիվները հանդես են գալիս «Պատիվ ունեմ» անունով, Հայաստանը կեղեքածներն ու գնդակահարածները հանդես են գալիս «Հայաստան» անունով դաշինքի անունից:Ինչ կապ ունի այսօր Սյունիքում տեղի ունեցողը, Մեղրիի կամ Զանգեզուրի միջանցքը մեր պետության ամենաճակատագրական իրադարձության՝ Հոկտեմբերի 27-ի հետ:  Այն, ինչ չկարողացան անել Հոկտեմբերի 27-ից հետո այն իրագործողները, փորձ է արվում անել այսօր: Այն, ինչ հնարավոր չդարձավ անել Մարտի 1-ից հետո, արվում է  այսօր: Մաֆիան անում է ամեն ինչ՝ թույլ չտալու համար պետության զարգացումը»:

Նա ասաց, որ դատական համակարգը իրենք ոչ թե վեթինգի, այլ լյուստրացիայի են ենթարկելու, որովհետեւ այս ընտրություններին իրենց հովանավորների մասնակցությունից շատ ոգեւորված են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31