Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան Կարեն Մկրտչյանը՝ նահատակված որդու մասին․ «Իր հերոսանալը ինձ համար դարձավ իր ունեցած արժանիքներից մեկը՝ բոլոր առավելությունների կողքին գրված մեծատառերով»․ «Հայկական ժամանակ»

Մայիս 22,2021 09:01

Մկրտչյանների ընտանիքը որդու՝ զինծառայող Արման Մկրտչյանի զոհվելու լուրը ստացել է հոկտեմբերի 3-ին, երբ նա արդեն երեք օր էր՝ զոհված էր: Արմանը ծառայում էր Հադրութի զորամասում և երեք ամիս էր, ինչ զորակոչվել էր ժամկետային զինծառայության:

Դերասան, նկարիչ Կարեն Մկրտչյանը նշում է, որ որդու զոհվելուց հետո ապրելու պատասխանատվությունն էլ ավելի է մեծացել. ամեն բան ավելի թանկ է դարձել՝ օդը, ջուրը, ի վերջո, կյանքը: Նա այժմ ոչ թե ապրում է ուղղակի, այլ այն երազանքների ու նպատակների իրագործման համար, որոնք տղայի համար մնացին անկատար:

Զոհված զինծառայողի հոր՝ դերասան, նկարիչ Կարեն Մկրտչյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

– Կարեն, Արցախյան վերջին պատերազմը բոլորիս համար ծանր հետևանքներ թողեց, սակայն ձեզ համար պատերազմի հարվածն ավելի ծանր էր. այս պատերազմում զոհվեց ձեր միջնեկ որդին՝ Արմանը: Բայց դուք կարողացաք ուժ գտնել և անգամ այսօր զբաղվում եք ձեր աշխատանքով՝ դերասանությամբ: Ինչպե՞ս կարողացաք կարճ ժամանակում գտնել այդ ուժը, որը շատ զոհվածների հարազատներ պարզապես չեն կարողանում:

– Ինձ օգնում են այն երազանքները, որ ունեցել եմ տղայիս հետ կապված: Հիմա ավելի ճիշտ է, որ ես այդ երազանքներով ապրեմ: Նաև այն երազանքներով, որ ուներ տղաս: Ես պիտի կարողանամ իրագործել, թեկուզ՝ առանց նրա: Ինչո՞ւ այդ երեխաները չապրեցին… չապրեցին, որպեսզի մենք ապրենք: 90-ականներին էլ, երբ մարդիկ անձնվիրաբար գնում էին, ինչո՞ւ էին գնում… որպեսզի իրենց ընտանիքները ապրեն: Ուղղակի այս դժբախտությունն ապրելու պատասխանատվությունն ավելի է մեծացրել: Համենայնդեպս այսպես եմ ես հասկանում. որ հիմա պարզապես էլ չես ապրում ուղղակի, ամեն բան ավելի թանկ է դարձել. օդը, ջուրը, ի վերջո, կյանքը: Սա պատասխանատվություն է, որից խուսափելը անբարոյականություն է:

Հարցն այն չէ, որ ես ուժեղ եմ, որ ես կարողանում եմ ապրել… չէ՛, ես չեմ հասկանում, թե ոնց եմ ապրում: Դրա մասին չէ խոսքը: Ես հասկանում եմ նաև որդի կորցրած մյուս ծնողներին, նրանց խելագարական խոսքերը, գործողությունները: Բայց ավելի ճիշտ է սթափվելը, որ վաղն էլ նույնը չկրկնվի: Մեր պատմությունը միշտ ցույց է տալիս, որ մենք անընդհատ մեռնում ենք, որ ապրենք: Բայց այդպես չպիտի լինի:

– Հիշատակեցիք 90-ական թվականները: Դուք մասնակցել եք Արցախյան առաջին պատերազմին: Արդյոք պատերազմով անցած լինելը նույնպե՞ս նպաստում է, որ սթափ դատեք:

– Պատերազմը իր հետ միշտ բերում է շատ մահեր, ու այդ մահերից մեկը այս անգամ քոնն էր… (Նկատի ունի իրեն -հեղ.): Բայց նաև ես ոչ մի կերպ չեմ հասկանում, որ երեխաս չկա: Կամ գուցե հասկանում եմ, պարզապես հոգեպես չեմ ընկալում դա:

– Ի՞նչ էիք պատգամել ձեր որդուն, երբ նրան ճանապարհում էիք բանակ:

– Զինկոմիսարիատում ասացի՝ Արման ջան, հիշիր, որ ես քեզ տանը սպասում եմ, ինձ դու ես պետք: Ինչ անես, խելացի կանես, որ անվնաս գաս, հասնես տուն… բայց սենց ստացվեց… Արմանին ծնված օրվանից միշտ տանում էի Եռաբլուր, բայց նրան երբեք չեմ դաստիարակել ագրեսիվ մարդ, չեմ ասել՝ գնալու ենք, վերցնենք, սա էլ է մերը, նա էլ է մերը, չէ՛, ասել եմ հակառակը, որ կռիվը, պատերազմը շատ վատ բան է: Ու որդիս դրա համար էլ շատ հանգիստ մարդ մեծացավ:

– Իսկ ինչո՞ւ չհամաձայնեցիք, որ ձեր որդուն հուղարկավորեն Եռաբլուրում:

– Ինձ համար, մեր ընտանիքի անդամների համար ընտանիքն ամենակարևորն է: Դա վերնագիրն է մեր: Անգամ գերեզմանը ընտանիքով ավելի ընկալելի է մեզ համար. երբ մենք էլ վաղը այդտեղ լինենք, լինենք ամբողջական, մի տեղ հավաքվենք: Կար նաև մեկ այլ հանգամանք. իմ տղան խոհարար էր, ինքը զինվորական լինելու էր այդ երկու տարին, մնացած ամբողջ կյանքում ինքը խոհարար Արմանն էր: Եթե զինվորական լիներ, ես կհամաձայնեի, որ Եռաբլուրում լիներ, բայց ավելի շատ ինքը իմ Արմանն է, քան հերոս Արմանը: Հերոսանալը չէ, որ արժևորեց ինձ համար Արմանին, իր հերոսանալը ինձ համար դարձավ իր ունեցած արժեքներից մեկը՝ բոլոր առավելությունների կողքին գրված մեծատառերով:

– Հանդիպումներ ունենո՞ւմ եք մյուս զոհվածների հարազատների հետ: Արդյոք փորձո՞ւմ եք նրանց նույնպես ոգեշնչել, որ ձեր օրինակով շարունակեն ապրել:

– Ես նման հանդիպումներ չեմ ունենում: Ինձ համար դժվար է, երբ լսում եմ կարծիքներ, խոսքեր, որոնք սրտովս չեն, բայց չես էլ կարող հակադարձել դրանց: Դա այն միջավայրն է, որ դու ոչ մեկին չես կարող ասել ինչ-որ բան: Դու հասկանում ես, որ ինքը սխալ է խոսում, հասկանում ես նաև՝ սխալ է խոսում, բայց ճիշտ է անում, որ սխալ է խոսում: Այդ պահին այդպես է մտածում: Դրա համար խուսափում եմ նման հանդիպումներից, որ հանկարծ չլինի՝ ասեմ մի բան, որ մարդուն վիրավորեմ: Կորուստ ունեցած մարդիկ շատ փխրուն են դառնում: Տղամարդ ծնողների հետ ինչ-որ տեղ հնարավոր է, մենք կարողանում ենք մի փոքր պինդ պահել մեզ, բայց մայրերի հետ…

 

Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31