Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ընտրությունները նախ եւ առաջ լինելու են ազգային արժանապատվության ու հայրենիքի փրկության ընտրություններ…

Մայիս 28,2021 12:30

Հայ ժողովուրդը կանգնած է ճակատագրական եւ պատասխանատու երկընտրանքի առջեւ: Ընտրության՝ մի կողմից ուժեղ պետության, կանխատեսելի ապագայի, ազգային արժանապատվության, ֆիզիկական ու սոցիալական անվտանգության, ազգային արժեքների պաշտպանության, համերաշխության, կայունության, զարգացած տնտեսության, գիտության, կրթության ու մշակույթի, ուժեղ հավատքի եւ մյուս կողմից՝ արժեզրկված ու թուլացած պետության կամ պետություն չունենալու, կազմաքանդված անվտանգային համակարգի, ազգի նվաստացման, փլուզվող տնտեսության, ցածրարժեք մշակույթի, բարոյազուրկ արժեհամակարգի, քաոսի, ատելության, ստի, կեղծիքի ու պառակտման միջեւ: Այս ընտրությունները առանձնահատուկ են իրենց բովանդակությամբ, նշանակությամբ, բնույթով եւ երկրում ստեղծված բարոյահոգեբանական իրավիճակով: Անկախ Հայաստանում առաջին անգամ հայ ժողովուրդը գնում է ընտրության պարտված, նվաստացած, մոլորված, բարոյապես ջարդված, պառակտված, գնում է անորոշության, չկայացած կուսակցական համակարգի, արժեզրկված պետականության, ատելության, քաոսի ու անիշխանության պայմաններում: Իսկ իշխանության մնալու մոլուցքը եւ ինքնապաշտպանության բնազդը իշխանություններին ստիպելու է դիմել ցանկացած քայլի վերարտադրվելու համար, այդ նպատակով օգտագործելով վարչական ողջ ռեսուրսն ու բնակչության մի զգալի հատվածի չտեղեկացված, թշվառ ու մոլորված վիճակը:

Այս ընտրությունները ըստ էության ոչ միայն իշխանության եւ քաղաքական ճգնաժամի հաղթահարման խնդիր են լուծում, այլ առաջին հերթին՝ ազգային արժանապատվության ու հայրենիքի փրկության: Մենք կցուցադրենք մեր բարոյական ողջ սնանկությունը եւ աշխարհը մեզ իրավացիորեն արհամարհանքով կվերաբերվի, եթե չկատարենք արժանապատիվ ընտրություն եւ ձայն տանք ազգին պարտության տարած, հայրենիք հանձնած, չարդարացված մարդկային հազարավոր կորուստներ պատճառած եւ երկիրը օրհասական վիճակի հասցրած ապազգային իշխանություններին: Իսկ դաժան իրականությունը նա է, որ հայ ժողովրդի մի զգալի մասը պատրաստվում է ձայն տալ ազգային աղետ ու արհավիրք բերած վարչապետին ու նրա ապաշնորհ թիմին: Ի դեպ, անգամ սպորտում խայտառակ պարտություն կրած մարզիկները երկար ժամանակ ռինգ չեն բարձրանում: «Վայ այն պետական գործչին, որը չի ձանձրանում գտնել պատերազմի հիմնավորում, որը պատերազմից հետո էլ դեռ կպահպանի իր նշանակությունը»,-ասել է Օտտո ֆոն Բիսմարկը:

Այս ընտրություններով մեզ հնարավորություն է տրված նաեւ փրկել պատերազմի արդյունքում կորցրած մեր ազգային նկարագիրն ու արժանապատվությունը, Հայաստանի միջազգային վարկը, որը 2018թ.-ից անկում ապրեց եւ ներկայումս հասցվել է հետխորհրդային տարիների նախադեպը չունեցող ցածր մակարդակի: Ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ հղի է պետականության ու հայրենիքի կորստի ռեալ սպառնալիքներով: Այս իրավիճակը այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ պետություն կառավարելն ամեն պատահական մարդու բան չէ: Ինչպես Անջեյ Մոդրժեւսկին է գրել. «Ոչ ոք չի կարող արդարորեն կառավարել ուրիշներին, եթե նա ի վիճակի չէ սանձահարել իր սեփական կրքերը, եթե նա անարդար է, վախկոտ եւ թույլ…»:

Իսկ Հուլիոս Կեսարն էլ գտնում էր, որ. «Խելագար է նա, ով, չկարողանալով ինքն իրեն կառավարել, ցանկանում է վերահսկել ուրիշներին»:

Այս իշխանությունները կազմաքանդեցին նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական համակարգը, արդյունքում աշխարհում Հայաստանին լուրջ չեն վերաբերվում, իսկ Հայաստանը դադարել է լինել որպես աշխարհաքաղաքական գործոն, հային էլ դրսում շատերը ընկալում են որպես դավաճանի, պարտվողի, ստախոսի ու անամոթի: Ասում են՝ շատ վեր բարձրանալու համար պետք է մի հատ լավ խորը փոսն ընկնել, իսկ հիմա այդ խորը փոսի մեջ ենք եւ որպեսզի փոսից դուրս գանք, գոնե այս անգամ պետք է եզրակացության հանգենք մեր սխալներից եւ ձերբազատվենք մեր արատներից ու բարդույթներից՝ նյութապաշտությունից, փառասիրությունից, օտարամոլությունից, ստրկամտությունից, հայրենիքի ու պետության նկատմամբ անտարբերությունից: Պետք է դառնանք օրինապաշտ ու կազմակերպված ազգ, հարգանքով վերաբերվենք ազգային ու պետական արժեքներին եւ ինստիտուտներին, անհաշտ պայքար տանենք հայրենադավության ու ազգուրացության դեմ: Ցավալիորեն, սակայն, այս ընտրությունները լինելու են ոչ թե վարչապետի թեկնածուներից լավի ու լավագույնի միջեւ, այլ՝ եղած տարբերակներից լավագույնի եւ ամենավատագույնի՝ հայ ժողովրդին՝ պատմության մեջ ամենամեծագույն արկածախնդրության տարած անձի միջեւ: Իրականում պետություն կառավարելը դա լուրջ գործ է, դա բացառապես իմաստուն մարդկանց գործ է` ովքեր խիզախ են, ունեն բարոյական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, վճռականություն, փորձառություն, վաստակ, հեղինակություն, ազնվագույն ծագում, ազգային աշխարհայացք, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ, ծառայություններ՝ պետությանն ու ժողովրդին եւ կազմակերպչական ունակություններ, սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են եւ պարկեշտ:

Պատահական չէ, որ գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Կառլ Վեբերը նշել է, որ. «Ամենադժվարին արվեստը, դա կառավարելու արվեստն է»: 19-րդ դարում Ֆրանսիայի վարչապետ Շառլ Մորիս դե Տալեիրանն էլ գտնում էր, որ. «Պետական գործերի կառավարման արվեստը անխուսափելին կանխատեսելն ու այն իրականացնելն է»: Ժողովուրդը հնազանդություն կարող է հայտնել միայն ուժեղներին, նրանց, ովքեր ոչ թե քարշ կգան իրենց հետեւից, այլ կառաջնորդեն առջեւից: Ինչպես Նապոլեոնն է ասել. «Խոյերի բանակը առյուծի գլխավորությամբ միշտ հաղթելու է խոյի գլխավորած առյուծների բանակին»: Փորձը ցույց է տալիս, որ չի կարելի երկիրը կառավարել փողոցից եկածների եւ թայֆաների միջոցով, տնավարի կամ հանցագործ աշխարհի օրենքներով: Իսկ պետության համար չկա ավելի մեծ ողբերգություն, քան իշխանությունը տգետների ու ապաշնորհների ձեռքը տալը: «Մարդկային ճակատագրում չկա ավելի դաժան դժբախտություն, քան այն, երբ երկրի ղեկավարներն իրենց հպատակների մեջ առաջինը չեն: Եվ այդ ժամանակ ամեն ինչ դառնում է խաբուսիկ, այլասերված, սարսափեցնող»,- գրել է գերմանացի փիլիսոփա եւ գրող Ֆրիդրիխ Նիցշեն: Նման դեպքերում, որպես կանոն, միջակներն ու գաճաճները գալով իշխանության՝ ասպարեզից հեռացնում են հսկաներին ու հեղինակություններին, գլխատում ազգի ընտրանուն, որ իրենք մեծ երեւան:

Պետությունը կարող է արդյունավետ կառավարվել եւ զարգանալ բացառապես բարձր արժեքներ եւ որակներ կրող ու կազմակերպչական ունակություններ ունեցող մարդկանց կողմից եւ պետական ինստիտուտների ու պաշտոնյաների նկատմամբ պատկառանքի ու հարգանքի առկայության դեպքում միայն: «Այնտեղ, որտեղ մեծ իմաստուններն ունեն իշխանություն, մարդիկ չեն նկատում նրանց գոյությունը: Այնտեղ, որտեղ իշխում են ոչ մեծ իմաստուններ, ժողովուրդը մեծարում է նրանց: Այնտեղ, որտեղ իշխում են ավելի պակաս իմաստուններ, այնտեղ ժողովուրդը վախենում է նրանցից, իսկ այնտեղ, որտեղ շատ ավելի պակաս իմաստուններ են ղեկավարում, ժողովուրդը արհամարհում է նրանց»,-ասել է մ.թ. առաջ 6-րդ դարի չին փիլիսոփա Լաո Ցզին:

Անհրաժեշտ է արմատապես փոփոխության ենթարկել երկրի քաղաքական համակարգը, փոփոխություններ կատարել կուսակցությունների մասին օրենքում ու Ընտրական օրենսգրքում այն հաշվով, որպեսզի կուսակցությունները հայտնվելով քաղաքական դաշտում, դառնան հասարակական զարգացման կարեւոր գործոն՝ քաղաքական էլիտայի դաստիարակության դպրոցներ, ձեւավորվեն գաղափարական սկզբունքներով եւ երկրի քաղաքական համակարգ չթափանցեն պատահական ու անարժան մարդիկ: Պետք է արձանագրել, որ ըստ էության համամասնական ընտրական համակարգը իրեն չի արդարացնում չկայացած կուսակցական համակարգի պայմաններում: Արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչ որակի խորհրդարաններ ենք ունենում, իսկ ներկա խորհրդարանում որոշների հայտնվելը պարզապես զավեշտ է, ծաղր ու անարգանք տաղանդավոր հայ ժողովրդի ու հայոց պետականության նկատմամբ: Ստացվում է, որ ներկուսակցական դեմոկրատիայի գրեթե բացակայության եւ չկայացած քաղաքական դաշտի պայմաններում տարիներ շարունակ Հայաստանում ԱԺ պատգամավորության թեկնածուների նախընտրական ցուցակներ եւ խորհրդարան է ձեւավորվում մի քանի մարդու՝ կուսակցությունների առաջնորդների քմահաճույքով, իսկ պատգամավորները հաշվետու են լինում ոչ թե իրենց ընտրողներին, այլ կուսակցապետերին: Մենք չենք կարող լավ երկիր ունենալ, քանի դեռ լավը, ուժեղը, արժանապատիվն ու խելացին չի գնահատվում ըստ արժանվույն, քանի դեռ հասարակական դիրք ունենալու համար դեռեւս շատ դեպքերում կարեւոր է «յուրային» լինելը եւ անգնահատելի արժեք են ծառայամտությունը, տգիտությունը, անամոթությունը, լկտիությունն ու քծնանքը:

Արդյունավետ գործող քաղաքական համակարգ ունենալու համար շատ բան կախված է հենց քաղաքացուց եւ կարեւոր է, որ մենք լինենք հեռատես եւ պետականությանն ու քաղաքական գործընթացներին վերաբերվենք ավելի լուրջ, սթափ ու կշռադատված, ինչը ենթադրում է, որ առաջիկա ընտրություններում տեղի կունենա համայն հայության առաջադեմ ու նվիրյալ հատվածի համախմբում ազգային եւ ուժեղ պետության ստեղծման գաղափարների եւ այդ գաղափարները կրող ուժերի շուրջ: Հայաստանը թուլացած է, իսկ հասարակությունը բարոյապես հիվանդ ու ջարդված:

Մեր երկիրն այլեւս չունի ռեսուրս եւ իմունիտետ դիմակայելու նոր ցնցումների, անարդարությանն ու պոպուլիզմին, ստին ու կեղծիքին: Որպեսզի երբեւէ նորից չհայտնվենք այս ողորմելի ու նվաստացուցիչ իրավիճակում եւ երբեւէ իշխանության չգան արկածախնդիրներ ու ապաշնորհներ, մենք պետք է իրատես լինենք, կարողանանք քաղաքական ազգ ու քաղաքացի դառնանք, պետական մտածողություն ունենանք, պետք է կարողանանք ընտրություն կատարել ոչ թե զգացմունքային եւ նեղ անձնական ու խմբային շահերով պայմանավորված, այլ պետական ու ազգային շահերի դաշտում միմիայն եւ ընտրենք ոչ թե տգետին ու պարտվողին, այլ ուժեղին ու հաղթողին: Եվ եթե անգամ մեզանից շատերին լքի բանականությունն ու խոհեմությունը, ապա կարծում եմ՝ գոնե գոյատեւման ու հայրենիք ունենալու բնազդը չի լքի:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31