Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ավելի շատ տոկոս ենք փակել, դրամաշնորհներ տվել ու ներքին զբոսաշրջիկ ունեցել

Հունիս 09,2021 14:30

Այս տարվա չորս ամիսներին կառավարությունն ավելի մեծ գումար է ուղղել տարբեր փոխառությունների տոկոսագումարներին: Եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում տոկոսների մարմանը պետբյուջեից վճարել է 67 միլիոն 809 հազար դրամ, այս տարի՝ 76 միլիոն 836 միլիոն դրամ: Ներքին տոկոսավճարներին այս տարվա չորս ամիսներին ուղղվել է 52 միլիոն 764 հազար, արտաքին տոկոսավճարներին՝ 27 միլիոն 202 հազար դրամ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Երեկ՝ հունիսի 7-ին կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2021 թվականի հունվար-ապրիլին: Այսպես՝ 2020 թվականին բյուջեի ծախսերը հունվար-ապրիլին կազմել են 508 միլիոն 179 հազար դրամ, այս տարվա հունվար-ապրիլին 16 տոկոսով ավելին՝ 589 միլիոն 577 հազար դրամ:

Աշխատավարձերը նույնպես ավել են վճարվել: Անցյալ տարվա նշյալ ժամանակահատվածում պետբյուջեից վճարվել է 47 միլիոն 190 հազար դրամ, այս տարվա հունվար-ապրիլին՝ 10,1 տոկոսով ավելին՝ 48 միլիոն 214 հազար դրամ:

Պետությունը սակայն այս տարի ավելի քիչ ծառայություններ ու ապրանքներ է ձեռքբերել ու ծախսեր կատարել: Եթե նախորդ տարի հունվար-ապրիլին այդ նպատակով 38 միլիոն 475 հազար դրամ է ծախսվել, ապա այս տարվա հունվար-ապրիլին՝ 37 միլիոն 636 հազար դրամ:

Սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ փաստաթղթից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-ապրիլին կառավարությունն ավելի շատ է սուբսիդիաներ հատկացրել քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: 2021 թվականին բյուջեից մարզային եւ այլ ծրագրերի համար սուբսիդավորվել է 36 միլիոն 795 հազար դրամ, անցյալ տարի՝ 32 միլիոն 995 դրամ: Դրամաշնորհները նույնպես այս տարի ավել են եղել: Եթե 2020 թվականի հունվար-ապրիլին տրամադրվել է 45 միլիոն 817 հազար դրամ, այս տարի դրամաշնորհները կազմել են 57 միլիոն 822 հազար դրամ: Սոցիալական նպաստները եւ կենսաթոշակները եւս 24 միլիոն 606 հազարով ավել են եղել: Անցյալ տարվա 4 ամիսների կտրվածքով կառավարությունը բյուջեից վճարել է 184 միլիոն 327 հազար դրամ նպաստ ու թոշակ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա միայն ապրիլի համեմատությամբ է 2,6 տոկոս աճ գրանցել: Մնացած նախորդ երեք ամիսներին 2020 թվականի համեմատությամբ, անկում է եղել: Այս տարվա հունվարին 8,4 տոկոսով է անկում եղել, փետրվարին՝ 7,3 տոկոսով, մարտին էլ՝ 4,5 տոկոսով է անկում գրանցվել:

Կոմիտեի հրապարակած փաստաթղթից նաեւ տեղեկանում ենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները ծավալները այս տարվա փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին են աճ արձանագրել, հունվարին անկում է գրանցել: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ անկումը կազմել է 28,8 տոկոս: Շինարարության ծավալները, սակայն, աճել են 20,3 տոկոսով: 17,7 տոկոսով էլ այս տարվա չորս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են տրանսպորտային բեռնափոխադրումները:

Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում, անցյալ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատությամբ աճ կա 4,8 տոկոսով՝ բացառությամբ ավտոմեքենաների առեւտրի: Այստեղ անկումը կազմել է 13 տոկոս: Ամենաշատ աճը մեծածախ առեւտրի ոլորտում է արձանագրվել՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ 9,7 տոկոս:

Զեկույցում նաեւ տվյալներ են ներկայացված զբոսաշրջությունից: Սակայն զբոսաշրջության ցուցանիշներն արտացոլում են հունվար-մարտ ամիսները: Այս տարվա նշյալ ժամանակահատվածում մեր երկիր է ժամանել 86 հազար 524 զբոսաշրջիկ, անցյալ տարվա հունվար-մարտին՝ 307 հազար 590 զբոսաշրջիկ: Անցյալ տարվա 4 ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 45,2 տոկոսը եղել են ԱՊՀ երկրներից, այս տարվա նույն ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից մեր երկիր է ժամանել ընդհանուր զբոսաշրջիկների 48,4 տոկոսը: ԵՄ երկրներից անցյալ տարվա հունվար-մարտին ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան՝ 17,3 տոկոս: Այս տարի զբոսաշրջիկների ընդհանուր թվի ընդամենը 9,6 տոկոսն է, որ եկել են Եվրամիության երկրներից: Այս տարի, սակայն, ներքին զբոսաշրջիկների թիվն է ավելի եղել: Եթե անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին մեր երկրում ներքին զբոսաշրջիկների թիվը եղել է 139 հազար 619, այս տարվա նույն ժամանակաշրջանում ներքին տուրիզմում զբոսաշրջիկների թիվը կազմել է 150 հազար 272 մարդ, որից 109 հազար 772-ը հենց հանգստի նպատակով են ճամփորդել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930