Մարզային մրցույթը վերաճեց միջմարզայինի
Չնայած մեր երկրում տեղի ունեցող վայրիվերումներին` մշակութային կյանքը նիրհից արթնացել է. թատրոններում պրեմիերաներ են, համերգասրահներում տարբեր ձեւաչափերով միջոցառումներ, պատկերասրահներում իրենց աշխատանքներն են ցուցադրում գեղանկարիչները, երաժշտարվեստի ոլորտում անցկացվում են հանրապետական մրցույթներ, «Արմմոնո» թատերական փառատոնն է մոտենում ավարտին, հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, 17-րդ անգամ մեկնարկեց կոմպոզիտորի անվան միջազգային երաժշտական մրցույթը՝ այս տարի «Դիրիժորություն» անվանակարգում եւ այլն։
Օրերս էլ գալա համերգով ավարտվեց «Արտ Սեթ» պրոդյուսերական կենտրոնի՝ մշակույթի տարբեր ոլորտներում անցկացված միջմարզային մրցույթ-փառատոնը։ Ըստ էության, այս միջոցառումը պրոդյուսերական կենտրոնի երկրորդ նախաձեռնությունն էր։ Առաջինը, որին անդրադարձել է «Առավոտը», անցկացվել էր 2019թ., միայն Արարատի մարզում։ Մասնակցել էր 6-35 տարեկան ավելի քան 150 պատանի արվեստագետ։ Այս անգամ, ինչպես նշեցինք, պրոդյուսերական կենտրոնը ընդլայնել է շրջանակը՝ ընդգրկելով նաեւ Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերը։



Հետաքրքրությանը՝ ներկայացնել մրցելույթները գնահատող հրավիրյալ արվեստագետներին, մեր զրուցակիցը նշեց, որ դա երկար ժամանակ կպահանջի, քանի որ բազմաթիվ էին անվանակարգերը, իսկ հետո բարձրաձայնեց մի քանի հնչեղ անուններ, այդ թվում՝ գեղանկարիչ, ՀՀ եւ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Սուրեն Խորենյան, բալետարվեստի երախտավոր Ժաննա Թամիզյան, «Արամ Խաչատրյան» լարային քառյակի երկրորդ ջութակ Հայկ Վարդանյան, օպերային թատրոնի նվագախմբի կլարնետահար Սամվել Հովհաննիսյան, օպերային երգիչ Հայկ Տիգրանյան, խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյան, քանոնահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյան եւ այլն։ Հավելեց նաեւ, որ դափնեկիրների գալա համերգը բացեց ճանաչված օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը Արշակի արիոզոյով՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայից։

Կարդացեք նաև
Ռեպլիկին՝ մրցույթն ավարտվեց եւ վե՞րջ, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ առաջիկայում դափնեկիրները հանդես կգան Արմավիրի, Վայոց ձորի մարզերում, Երեւանում ճանաչված մասնագետների ղեկավարությամբ, ինչպես 2009թ. կայացած մրցույթից հետո, կանցնեն վարպետության դասեր։ «Վարպետության դասերի վերաբերյալ նշեմ, որ մարզերի մանկավարժներից շատերը մեծ ցանկություն են հայտնել մասնակցություն ունենալ Երեւանում անցկացվող վարպետության դասերին»,- ասաց Սեդրակ Գրիգորյանը։ Հարցին՝ նման մասշտաբային միջոցառումը ակնկալում է նաեւ «մասշտաբային» գումար, մեր զրուցակիցը շրջանցելով հարցը, ինչից ենթադրեցինք, որ «դեղի համար» մեկ հովանավոր էլ չի գտնվել, պատասխանեց. «Սկսած կազմակերպչական աշխատանքներից՝ մեզ աջակցել է միայն Վեդիի երաժշտական դպրոցի տնօրեն Մանե Գրիգորյանը»։
Հարցին՝ կարծո՞ւմ եք, որ իշխանության փոփոխության հետ, թերեւս, կփոխվի նաեւ վերաբերմունքը մատաղ սերնդի զարգացմանը միտված նման միջոցառումների անցկացմանը եւ մեր մեծահարուստները միայն հունիսի 1-ով չեն սահմանափակի իրենց բարեգործական ակցիաները, պարոն Գրիգորյանն ասաց. «Այդժամ մեր պրոդյուսերական կենտրոնը կընդլայնի մրցույթ-փառատոնի աշխարհագրությունը, կվերաճենք միջազգայինի եւ կհամագործակցենք արտասահմանյան երկրների մարզերի կրթամշակութային հաստատությունների հետ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.06.2021





















































