Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Վարդան Պողոսյան․ Եթե իմանայինք, որ այսպիսի չարաշահումներ էին լինելու, սահմանադրությունն այլ կերպ կգրեինք․ «Ազգ»

Հունիս 12,2021 10:31

Գերմանիայում, որտեղ ժամանակավորապես բնակվել եմ, խոսքն արժեք ունի։ Գրավոր խոսքն առավել զտված, բանավորը` այն արտաբերողի շեշտով վահանապատ, քաղաքացուն առիթ է տալիս խորհելու, թե զենքի արդիական` առավել արագ ոչնչացման մեր ժամանակներում, խոսքը, բառը դեռ ուժ ունեն։

Ավելի ճիշտ` դա է հենց այն զենքը, որի ճիշտ կիրառումը կարող է կանգնեցնել ամեն մի բախում։ Գերմանիան խորհրդարանական երկիր է, ժողովրդի ընտրյալները, բնական է, Բունդեսթագում խոսում են իրենց քվե տված մարդկանց համար եւ փոխարեն, հետեւաբար` շատ, կանցլերը զեկուցում է արած եւ անելիք գործի մասին, հետեւաբար` առավել քիչ է խոսում, իսկ երկրի գլուխը` նախագահը խոսում է այն ժամանակ, երբ չի կարող լռել, երբ բարոյական չէ «լռության ոսկին» մտքում պահելով բերան կոճկելը, երբ երկրի զարկերակը խփում է ուժգին։

Խորհրդարանական կառավարումն ընտրեց ՀՀ-ն 2015 թվականի սահմանադրությամբ, եւ մեր երկրում, երբ հարմար է, անհաջողությունների մասին խոսելիս, շատերը հղում են անում սահմանադրությանը, թե Հիմնական օրենքը թերի է։ Այն չի ամրագրել անշուշտ, որ մեր երկրի՝ գիրք հեղինակած վարչապետը, կարող է գեղարվեստական գրականություն ստեղծել իր ուզած բառապաշարով, բայց պատասխանատվության պիտի ենթարկվի, երբ մեզ մատուցած պաշտոնական լեզվում հայհոյանքն ամենախիտ, սիրելի շերտն է։ Իսկ նախագահի խոսքին կարոտ պիտի մնանք… Ստորեւ մեր զրույցը սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ։

– Երբ հեղինակում էիք սահմանադրությունը, մտածում էիք, որ դրանով լուսավոր մի հանգրվանի պիտի հասնի պետությունը։ Քանի որ Հիմնական օրենքը միտված պիտի լինի պետականության ամրապնդմանը։ Հիմա, երբ մեր պետության հիմքերը վտանգված՝ գրեթե գետնամած են, չե՞ք խորհելՙ եթե հիմա խմբագրելու լինեիք օրենքը, ինչպե՞ս կամրացնեիք այն, որ այսպես չոտնահարվեին մեր պետության հիմքերը, մարդու իրավունքները, մեր երկրի անվտանգությունն այսպես խարխուլ վիճակում չլիներ։ Դուք արձանագրեցիք, որ խոսքի իրավունքը չի գործածում հանրապետության գլուխը, իմաՙ նախագահը, միգուցե սա պայմանավորված է նաեւ նրանով, որ գործադիրի ղեկավարըՙվարչապետըՙ այժմՙպաշտոնակատարը այնքան է շահարկել խոսքը, այնքա’ն է խոսել, որ արժեզրկել է այն։ Ի՞նչ կփոխեիք, ինչպե՞ս կխմբագրեիք Հիմնական օրենքը, որ մեր պետությունը շարունակի իր գոյությունը։

– Բարդ հարց է։ Հնարավոր չէ միանգամից պատասխանել, թե ինչը կարելի էր այնպես անել, որ այսպիսի իրավիճակ չառաջանար։ Երբ ներկայացնում էի սահմանադրության նախագիծը 2015 թվականին ԱԺ- ում, ասացի, որ որեւէ սահմանադրություն կատարյալ չէ, կատարյալ գործ աշխարհում չկա։ Միշտ կարելի է կատարելագործել։ Հիմա էլ համոզված եմ, որ 2015 թվականի սահմանադրության մեջ չկան այնպիսի կոնստրուկտիվ դեֆեկտներ, որ հանգեցրել են այսօրվա իրավիճակին։ Բայց կան բազմաթիվ դրույթներ, որ եթե իմանայինք, որ այսպիսի չարաշահումներ էին լինելու, այլ կերպ կգրեինք։ 2015 թվականի սահմանադրության մեջ ունենք դրույթ, որ պառլամենտի մեկ հինգերորդն իրավունք ունի դիմել ՍԴ՝ այսպես կոչված սահմանադրական վեճերով։ Մտածում եմ՝ եթե գրած լինեինք՝ որեւէ խմբակցություն իրավունք ունի դիմելու, մենք միգուցե սահմանադրական դատարանի սահմանադրությամբ նախատեսված կազմով, կառուցվածքով ՍԴ կունենայինք։ Հիմա չունենք այդ ՍԴ, որովհետեւ «Լուսավոր Հայաստանի» պատճառով, մեղավորությամբ, չբավարարեցին ձայները, եւ այդ ժամանակ դիմում չեղավ ՍԴ, եւ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ՍԴ-ն որպես ինստիտուտ վերացնել, ոչնչացնել։ Ունենք ապօրինի ՍԴ։

2015-ին քննարկվող տարբերակներից մեկն այն էր, որ երբ ընտրություններ են նշանակվում, կառավարությունը չգործի, այլ լինի մի վերազգային, վերկուսակցական կառավարություն, որ կիրականացնի առաջիկա ընտրությունները։ Դա աշխատանքային մի տարբերակ էր, որ ինքս նույնիսկ չներկայացրի սահմանադրական հանձնաժողովի պլենար նիստին, հիմա դրա համար ափսոսում եմ։ Եթե ժամանակին արած լինեինք եւ եթե համաձայնություն լիներ սահմանադրական հանձնաժողովում, այսօր չէինք ունենա այն իրավիճակը, երբ հրաժարական տված վարչապետը շարունակում է իրականացնել իր լիազորությունները եւ անխնա օգտագործում է վարչական ռեսուրսը՝ ընտրություններում հաղթելու համար։

– Ի դեպ, երբ ԱԺ-ն 2 անգամ մերժել է վարչապետին, չկա՞ օրենսդրական մի կետ, որով կարելի է նրան հռչակել իրավասություններից զրկված պաշտոնյա, որ չի կարող որեւէ բան գծել, ստորագրել, Փարիզ հրավիրվել։

– Կա 2 տարբերակ. կա՛մ՝ հրաժարական տված կառավարությունը ժամանակավորապես շարունակում է իր լիազորությունների իրականացումը, մինչեւ նոր կառավարության կազմավորումը, դա այն է, ինչ ունենք գործող սահմանադրությունում, ընդ որում՝ այդ դրույթը չի փոփոխվել, նույնն է, ինչ 2005 թվականի սահմանադրության խմբագրությամբ։ Կա՛մ՝ այն տարբերակը, որն արդեն նշեցի, որը ցավոք սրտի, ժամանակին չգտա, թե այդքան կարեւոր է ներկայացնելու համար, եւ դա մնաց իմ թղթերում, արխիվային նախագծերում։ Գաղափարը վերցրել էի իտալական սահմանադրական իրավունքի պատմությունից, այնտեղ էլ էր նախագծի տեսքով մնացել, չէր ընդունվել, բայց դա լավ գաղափար էր։ Եթե մտածեինք, որ այդպիսի իրավիճակ կարող է առաջանալ, բնական է, կգնայինք այդ ճանապարհով։

Այսօր սահմանադրությունը հնարավորություն տալիս է, որ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակեն իրենց լիազորությունները։ Իհարկե նրանց վրա պարտականություն չի դնում, եւ նա, ով հրաժարվում է, իրավունք ունի հրաժարվելու։ Այդ պարագայում նա որեւէ ձեւով ո՛չ վարչապետի պաշտոնակատար է, ո՛չ էլ նախարարի պաշտոնակատար է, ինչպես ասենք, Արա Այվազյանի պարագայում։ Վերադառնալով նախորդ հարցին նշեմ՝ մի քիչ շտապեցինք դատավորների անձեռնմխելիության ծավալները նվազեցնելու տեսանկյունից. եթե իմանայինք, որ քննչական մարմինները այդպիսի անխնա ձեւով, արհամարհելով օրենքը, պարզապես գործեր կսարքեն դատավորների նկատմամբ, որ ազատվեն նրանցից, վստահ եմ, որ սահմանադրական հանձնաժողովը կթողներ այն ավելի մեծ ծավալով անձեռնմխելիությունը, ինչը կար 2005 թվականի սահմանադրության մեջ։

Կրկնում եմ՝ սահմանադրությունը չի կարող կատարյալ լինել, եւ պրակտիկայում փորձարկվելուց հետո հասկանում ես այն խնդիրները, որ առաջանում են, եւ դրանք կարելի է շտկել։ Բայց մեր այսօրվա իրավիճակը սահմանադրությամբ պայմանավորված չէ։ Որեւէ սահմանադրություն, այն պարագայում, երբ պառլամենտում կա երկու երրորդ մեծամասնություն ունեցող ուժ, անզոր է այդ ուժի դեմ, եթե այդ ուժը տրամադրված է սահմանադրության տառին եւ ոգուն հակառակ, ժողովրդավարական չէ, իրավական պետության դեմ է, պոպուլիզմով է զբաղվում։ Ցավոք սրտի, մեր երկիրը, մեր ժողովուրդը քաղում է 2018-ի ճակատագրական սխալի պտուղները։

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930