«Ռազմագերիների խնդիրը շատ արագ կարելի է լուծել, եթե երկրի ներսում մենք մեր խնդիրները լուծենք եւ արտաքին ճակատում ուժեղանանք»,- այսօր քարոզարշավի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա կարեւորում է, որ ռազմագերիների հարցը որեւէ պարագայում չշահարկվի մեր ներքաղաքական կյանքում:
Երեկ, հիշեցնենք, Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերի: Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ նրանց դիմաց ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են փոխանցել Ակնայի ականապատված տարածքների քարտեզները: Այսօր Նիկոլ Փաշինյանն այդ առիթով ուղղված քննադատություններին ի պատասխան հայտարարել է, որ ինքը ոչ թե քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին, այլ «քայլի դիմաց քայլ է արել»:
«ԱԳ նախարար չունենք, փոխնախարարները չեն ստանձնում պաշտոնակատարի դերակատարումը: Այս իմաստով շատ բարդ վիճակ է: Երեւի ամեն ինչ կարելի է շահարկել, բայց մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի»,- այս առիթով լրագրողների հարցերի ի պատասխան ասաց Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ եթե ընտրություններից հետո, այն օրակարգը, որը մենք են առաջարկում, եթե ընդունվի, գերիների խնդիրը շատ արագ կարելի է լուծել:
Սահմանազատման խնդիրների մասին հարցին ի պատասխան էլ Էդմոն Մարուքյանն ասաց, որ հարցը վաղ թե ուշ պետք է քննարկվի, բայց այն չի կարելի քննարկել մի իրավիճակում, երբ «ինքնաձիգը դրել են գլխիդ ու ասում են`դե արի քննարկենք»:
Կարդացեք նաև
«Ադրբեջանը մտել է մեր սուվերեն, միջազգայնորեն ճանաչված տարածք եւ ասում է`դուրս չեմ գալիս, մինչեւ այս թուղթը չստորագրեք, իսկ այդ թղթի ստորագրման արդյունքում էլ մենք պարտավորություններ ենք ստանձնում, որ հանձնաժողով ստեղծենք ու պարտավորվենք նրա որոշումները կատարել: Հանձնաժողովն ի՞նչ է որոշելու, ոչ ոք չգիտի»,- ասաց նա`հավելելով, որ սահմանների գծումը քաղաքացիական գերատեսչությունների գործ է, այն չի կարելի անել ռազմական ճանապարհով`«իրար վրա թնդանոթներ պահելով»:
Ուստի, ըստ Էդմոն Մարուքյանի, նախ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա մեր տարածքից, ապա քարտեզներով սահմանները գծվի` ըստ տվյալ երկրի համար կարեւոր եւ կենսական նշանակության առաջնայնությունների, համատեղ օգտագործման ջրամբարների եւ այլն, ապա տեղում աշխատանքային խմբերը կֆիքսեն սահմանները: Ու այն, որ Հայաստանը սահմանազատման մասին որեւէ թուղթ չի ստորագրել, որեւէ հանձնաժողով չի ստեղծվել, արդեն լավ է:
Էդմոն Մարուքյանի գնահատմամբ, վերջն տարիներին թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին քաղաքական հարաբերություններում քաոս է առաջացել ու այդ վիճակը պետք է կարգի բերվի: Նախ եւ առաջ, ըստ նրա, պետք է քննարկվի եւ կարգի բերվի ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի հետ ստորագրված փաստաթղթերը, որպեսզի հասկանանք`որոնք են գործում, որոնք`ոչ եւ ինչ պատճառով: Պետք է աշխատել նաեւ Արեւմուտքի երկրների հետ. «Երբ իրենք ասում են` մենք շատ հիասթափված ենք, խորապես մտահոգված ենք, մենք էլ ասում ենք` դե, ուրեմն, սանկցիաներ կիրառեք Ալիեւ ընտանիքի նկատմամբ, ցույց տվեք ձեր հիասթափությունը եւ մտահոգությունը. Հաստատ դա օգուտ կտա, քան այն, որ դուք հայտարարություններ եք անում: Ավելին, երկու օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին եմ ես Հայաստանում փախանցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կիրառելիք սանկցիաների մասին նամակ եւ ամբողջական ցանկը` հիմնավորումներով, թե ինչու է պետք այդ սանկցիաները կիրառել: Նա տարածաշրջանային այցով էր այստեղ: Հույս ունեմ դա նաեւ Պետդեպում քննարկման առարկա կդառնա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ