Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն առանձնանում է հետաքրքիր կրթական ծրագրերով
«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը մշտապես հանդես է գալիս ինքնատիպ կրթական ծրագրերով։ Ունենք գործող շուրջ մեկ տասնյակի հասնող հետաքրքիր ծրագրեր` նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար։ Ամռան ամիսների համար առավել արդիական ծրագիր է թանգարանում գործող`«Կարմիր Արեւ» ամառային դպրոցը, որն արդեն 3 տարի է, ինչ գործում է»,-ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կրթական ծրագրերի համակարգող Ռիմա Գալստյանը։
Նրա տեղեկացմամբ, թանգարանը կազմակերպում է հետաքրքիր էքսկուրսիաներ դեպի այլ թանգարաններ, իսկ ամառային դպրոցում գործում է նաեւ լեզուների ուսուցում, բակային խաղեր, վարպետի այգում էդյուդներ, բացօթյա էքսկուրսիաներ Երեւան քաղաքի տեսարժան վայրերով, մի խոսքով` հագեցած ու զարգացնող ծրագիր, որի վկայությունն է ծրագրի մրցունակությունն ու այցելությունների քանակի բարձր մակարդակը։

Մեկ այլ հետաքրքիր ծրագիր է «Էտյուդը», որի ժամանակ այցելուները նկարում են վարպետի այգու գեղատեսիլ ծաղիկներն ու բնությունը, իսկ մասնակիցներին նկարել սովորեցնում է թանգարանի նկարչության ուսուցչուհին։ Այս ծրագիրը եւս հաջողություն է գրանցել այցելության ու որակի առումով։ Առաջին անգամ ծրագիրն իրականացվել է մայիսի 28-ին ու ստացել բազմաթիվ դրական արձագանքներ։ Այգում նախապես նկարակալների վրա դրվում են գուաշներ, նկարչական պարագաներ, վրձիններ, որպեսզի այցելուներն աշխատեն»,-նշում է մեր զրուցակիցը։
«Ինչ վերաբերում է «Հայրական սեր» ցուցահանդես-ծրագրին, սա էլ նվիրված է Ղազարոս Սարյանի 100-ամյակին։ Ղազարոս (Լազար) Սարյանը (1920-1998) Վարպետի կրտսեր որդին էր: Նա կոմպոզիտոր էր, մանկավարժ, երաժշտա-հասարակական գործիչ, 1960-1986 թթ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի Պետական մրցանակի դափնեկիր: Ցուցահանդեսն ընդգրկում է Մ. Սարյանի ստեղծած Ղազարոսի, ինչպես տանն էին ասում՝ Զարիկի մանկության տարիների գծանկարներն ու գեղանկարները, կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի եւ նրա ուսուցիչ Դմիտրի Շոստակովիչի դիմանկարները, պատերազմական տարիների գործերը, որոնցում տեսնում ենք գնդացրորդ, զենիթա-գնդացրային թիվ 7 զորագնդի սերժանտ Լազար Սարյանին իր ռազմաճակատային ընկերների հետ, կամ բայան նվագելիս: Ցուցադրության մեջ է նաեւ Լուսիկ Սարյանի դիմանկարը, որում պատկերված է նկարչի կինը՝ ձեռքին մի պտուղ, իսկ հայելում նրա ձեռքին արտացոլվում է այն նամակը, որը Սարյանները հինգ ամիս շարունակ սպասում էին Երկրորդ համաշխարհայինի առաջնագծում կռվող իրենց որդուց»,- նշեց Ռիմա Գալստյանը, հավելելով, որ թանգարանում բոլորին սիրով սպասում են։
Կարդացեք նաև
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.07.2021



















































