Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունակ կլինե՞նք ՌԴ-ի ճնշումներն ու Հայաստանում 5-րդ շարասյան ոռնոցը շրջանցել եւ սկսել խոսել, ընդամենը խոսել Թուրքիայի հետ». Արման Բաբաջանյան

Հուլիս 07,2021 16:59

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունից հետո ներհայաստանյան տարբեր հարթակներում նորից են հնչում առաջարկներ ՀԱՊԿ-ից դուրս գալու: Aravot.am-ը այս թեմայով զրուցեց «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

-Պարոն Բաբաջանյան, այսօրվա իրավիճակը հաշվի առնելով՝ իշխանությունները կարո՞ղ են ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց դնել:

-Դնել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց, թե ոչ, կամ ինչպես դնել այդ հարցը, ինչ ճանապարհային քարտեզով կամ շեշտադրումով, դրանք քննարկման հարց են։ Մի բան պետք է ֆիքսել՝ ՀԱՊԿ-ը Ռուսաստան է, իսկ Ռուսաստան դեռեւս մնում է Հայաստանի անվտանգությունն ապահովող այլընտրանք չունեցող դաշնակիցը։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության իմաստը, «թիրախը» ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը կամ հարաբերություններն են, այլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը եւ հարաբերությունները, կամ դրանց չգոյությունը, որն էլ Մոսկվան համարում է իր ազդեցության ուղղությունը կամ սահմանը հարավային ուղղությամբ։

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հիմքը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկարգավորված հարաբերություններն են։ Շատ ողջունելի են մեզանում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները, բայց հիշենք՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը կարող է վիճարկվել եւ այնուհետեւ անդամակցության հարց, նպատակահարմարության հարցը գալ օրակարգ այն պահին, այն ժամանակ, երբ Հայաստանը հասկանա, որ իր սուբյեկտայնությունն եւ անկախությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մեջ չէ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի ու Իրանի հետ գործընկերային եւ բարեկամական հարաբերություններ հաստատելու մեջ չէ, նույնիսկ Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու մեջ չէ, այլ Թուրքիայի հետ խոսելու ընդունակության։ Խոսել, ընդամենը խոսել, ոչ թե բարեկամանալ, ոչ թե հարաբերություններ հաստատել կամ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնել, այլ խոսել Թուրքիայի հետ։

Եթե պատրաստ ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը դնել սեղանին, ուրեմն պետք է այդքան խիզախություն ունենանք մեկնարկել Թուրքիայի հետ խոսելու գործընթաց։ Սա է հարցերի հարցը։ Մեր անվտանգության հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները գալիս են Թուրքիայից։ Մինչեւ երկխոսության եւ դիվանագիտական փակ կամ բաց խողովակներով չկսկսենք խոսել, երկխոսել Թուրքիայի հետ եւ հիմնահատակ չչեզոքացնենք Թուրքիայից եկող սպառնալիքը՝ չենք կարող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցի նպատակահարմարության հարցը վիճարկել։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա վիճակը, մակարդակն է Հայաստանի քվազիանկախության պատճառը։ Ընդունակ կլինե՞նք Ռուսաստանի ճնշումներն ու Հայաստանում 5-րդ շարասյան ոռնոցը շրջանցել եւ սկսել խոսել, ընդամենը խոսել Թուրքիայի հետ, ուրեմն հեռանկարում անկախության շանս կունենանք, նաեւ ցանկացած միջազգային որեւէ կառույցին, ռազմաքաղաքական դաշինքին եւ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը քննարկել։

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության որեւէ հարց քննարկելու այլ տարբերակ, այլ ճանապարհ չկա, համենայնդեպս ես այլ ուղի չեմ տեսնում։ Մնացած բոլոր տարբերակները, նաեւ նրանք, որ հիմա բոլորը քննարկում, վերլուծում են Հայաստանի հարավային սահմանների շուրջ Զասի վերջին հայտարարությունից հետո, անհեռանկարային են եւ անապագա։ Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի ՀԱՊԿ-ի արձագանքից հետո Հայաստանի նոր խորհրդարանը թերեւս պետք է անդրադառնա այդ կազմակերպության շրջանակում կնքված համաձայնագրին, ըստ որի անդամ երկիրը երրորդ երկրի հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցություն ունենալ կարող է միայն մյուսների կոնսենսուսային համաձայնության դեպքում: Հայաստանը թերեւս պետք է սկսի երրորդ երկրների հետ գործակցությունը սահմանափակող այդ համաձայնագրի վերանայման գործընթաց: Այդ պայմանագիրը Հայաստանի խորհրդարանը գրեթե միաձայն վավերացրել էր 2012 թվականին:

-ՀԱՊԿ-ից դուրս գալու կողմնակիցներին հակադարձում են մի քանի թեզով: Կխնդրեի Ձեր պատասխանը: Օրինակ, ասում են՝ հիմա մեր երկրում չաշխատող պետական ինստիտուտներ են, ի՞նչ կարեւոր է՝ ՀԱՊԿ-ում ես, թե՞ դրանից դուրս։ Կամ ո՞ւմ ենք վախեցնում ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ մե՞զ, թե՞ ՀԱՊԿ-ին։ Չկա՞ մտավախություն, որ ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ մեզ շրջապատող 90 միլիոնանոց թշնամիներին ավելի կուրախացնենք:

-3 տասնամյակ Հայաստանի հայ հասարակությանը խաբել են, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի պաշտպանության համար է։ Ավելին՝ թափանցիկ ակնարկներով նրա «պաշտպանության» հովանոցը քարոզչական դաշտում տարածում էին նաեւ Արցախի վրա։ Արցախյան երկու պատերազմները՝ 2016-ի քառօրյա պատերազմը եւ 2020-ի 44-օրյա պատերազմը շատ արագ փլուզեցին այդ միֆը։

Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից սկսած՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ ավարտված այդ կառույցին վերապահվել են մեխանիզմներ, որոնք սահմանափակել են դիվերսիֆիկացված ռազմատեխնիկական հարաբերություններ վարելու Հայաստանի ինքնիշխան իրավունքը, անգամ կաշկանդվել է Արցախում Հայաստանի անվտանգության երաշխավորի դերակատարումը։ Խոշոր առումով Հայաստանն իր այդ գործառույթը չի կարողացել լիարժեք կատարել ՀԱՊԿ-ին պատերազմի մեջ չներքաշելու ու պուտինյան ՆԱՏՕ-ն չխայտառակելու՝ նրա սնանկությունը ի ցույց չդնելու պատճառներով։ Ու դրա դիմաց Հայաստանն ու հայ ժողովուրդը վճարել են իրենց զավակների թանկ կյանքով ու հենց անվտանգությամբ, մինչդեռ այդ մահվան օղակը Հայաստանի համար հյուսվել էր Հայաստանի անվտանգության ապահովվածության հեքիաթի ներքո: Հայաստանը դեռ շատ թանկ գին է վճարելու անցած երկուսուկես տասնամյակներում այս ռազմաքաղաքական սխալների համար։ Այն, ինչ կարող է ու պարտավոր է անել Հայաստանի ներկայիս իշխանությունները, եթե ունակ չեն կառավարելու այդ կառույցից դուրս գալու հավելյալ ռիսկերը, պարտավոր են Հայաստանի խնդիրները բերել միջազգային լեգիտիմ մանդատների, կառույցների ու հարաբերությունների ներքո, որովհետեւ դրանց լուծումը միջազգային իրավունքի դաշտում է։ Այդ խնդիրները թողնել թուրք-ռուս-ադրբեջանական եռանկյունու ու ՀԱՊԿ-երի հույսին, նշանակում է՝ Հայաստանի դանդաղ մահ, ինչը թույլ տալը հանցագործություն կլինի։

– ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կարո՞ղ է մտնել ՆԱՏՕ, երբ գիտենք, որ Թուրքիան դեմ է քվեարկելու Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

-Ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Հայաստանը բավական պասիվացրել է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանի համար ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկար նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում չեմ տեսնում։ 2018-ից հետո էլ որոշ «մտահոգներ» պնդում էին, թե Հայաստանի իշխանությունները դուրս են բերելու ռուսական ռազմաբազան, Հայաստանը դուրս է գալու ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից․․․ Ոչինչից Հայաստանը դուրս չեկավ․ իսկ ուր է «գերարդյունավետ» անվտանգային համակարգը, որ կառուցել են՝ սահմանափակելով երկրի ինքնիշխանություն, նվիրելով բոլոր ռազմավարական ակտիվները․․․

Այն ժամանակ, երբ Ադրբեջանը, չանդամակցելով որեւէ ռազմաքաղաքական դաշինքի, իր ինքնիշխանությունն ու ազատությունը օգտագործեց երկկողմ հարաբերությունների ձեւաչափով լուծելու իր անվտանգության խնդիրները, հաստատելու ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական հարաբերություններ այն երկրների հետ, որոնք կարող էին նրան օգնել «իր» տարածքների «դեօկուպացիայի» գործում, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հետեւողականորեն հաջորդաբար վաճառեցին նրա ռազմավարական ակտիվները, ինքնիշխանությունը, սահմանափակեցին ու Հայաստանի թողեցին մի բանի հույսին, որը գոյություն չունի։ Հայաստանը դեռ շատ թանկ գին է վճարելու անցած երկուսուկես տասնամյակներում այս ռազմաքաղաքական սխալների համար։

Այն, ինչ կարող է ու պարտավոր է անել Հայաստանի ներկայիս իշխանությունները, եթե ունակ չեն կառավարելու այդ կառույցից դուրս գալու հավելյալ ռիսկերը, պարտավոր են Հայաստանի խնդիրները բերել միջազգային լեգիտիմ մանդատների, կառույցների ու հարաբերությունների ներքո, որովհետեւ դրանց լուծումը միջազգային իրավունքի դաշտում է։ Այդ խնդիրները ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունու ու ՀԱՊԿ-երի հույսին, նշանակում է՝ Հայաստանի դանդաղ մահ, ինչը թույլ տալը հանցագործություն կլինի։

-Այդ սցենարի դեպքում, ասենք, դուրս եկանք ՀԱՊԿ-ից, կա՞ հաշվարկ, թե ով ինչքան է կորցնելու, ինչքան է շահելու։ Մասնավորապես մենք ավելի շատ կորցնելո՞ւ ենք, թե՞ շահելու:

-Այդպիսի սցենար գոյություն չունի, բայց հիշենք՝ Հայաստանի հարավի հանդեպ ոտնձգությանն ընդառաջ Ադրբեջանը պլանավորել էր 15,000-անոց անձնակազմով զորավարժություններ՝ «հակաահաբեկչական գործողությունների» դիպաշարով, հավանաբար նվազագույն նպատակ ունենալով, որ ուժի ցուցադրությունը թույլ կտա ահաբեկել հայկական կողմին, որ նա համակերպվի վիճակին, ըստ այդմ՝ պահպանել զբաղեցրած դիրքերը, կամ խաղն ավելի մեծ է՝ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը», որը բոլորին՝ Թուրքիային, ՀԱՊԿ թյուրքալեզու երկրներին կներքաշի լայնամասշտաբ պատերազմի մեջ, կպայթեցնի ՀԱՊԿ-ը, քանի որ նրա անդամների մեծ մասն ավելի բարեկամ են իր հետ, քան թղթով Հայաստանի… Իսկ սա կլինի ոչ միայն այդ կառույցի, այլ հենց Ռուսաստանի վերջը: Ու հասնելով դրան, Ադրբեջանը կազատվի նաեւ իր տարածքում հայտնված ռուսական խաղաղապահից եւ արագ կլուծի նաեւ Արցախի պահպանված մասի կլանման հարցը, Զանգեզուրն էլ վրադիր: Որքան էլ Ադրբեջանի հաշվարկով դա պետք է գայթակղիչ պատկերացվեր Արեւմուտքի համար, այդուհանդերձ ռեակցիաները տխրեցնող են: ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Փարիզից ստացված ուղերձները Բաքվի համար մտահոգիչ են, նրանք չեն ողջունում Ադրբեջանի առաջարկած խաղը, որքան էլ Ռուսաստանի թուլացմամբ շահագրգռված լինեն, եւ բացահայտ պաշտպանեցին Հայաստանին։

Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հարցը ՄԱԿ տեղափոխելը Ադրբեջանի համար հնչել է որպես դրա տակից «դուրս չգալու» սպառնալիք․ այս անգամ Ադրբեջանը ՄԱԿ-ում չի ունենա այն, ինչ ունեցավ Արցախյան պատերազմի 44 օրյա պատերազմի 2 նիստերում՝ իր համար ոչ մի պրոբլեմ չստեղծող երկու անպտուղ քննարկում։ Այս անգամ իրավիճակը միանգամայն այլ է, ու Բաքուն կարծես թե հասկանում է, որ իր գործողությունները «միջազգային սահմանների անձեռնմխելիության» վրա կառուցող Ալիեւը պրոբլեմներ կունենա ու ՄԱԿ ԱԽ անդամները դա հստակ են դարձրել․․․ Այլապես Ֆրանսիան ՄԱԿ անունից ռազմական օգնություն չէր խոստանա Հայաստանին, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ էլ սպառիչ դիրքորոշում չէր հայտնի Հայաստանի օգտին։ ԱՄՆ էլ պետքարտուղարության դիրքորոշման մեջ «վիճելի տարածք» ձեւակերպման ներքո նահանջի ճանապարհ չէր ստեղծի Ադրբեջանի համար, որպեսզի Բաքուն ասեր, թե մտածել է, թե իրենն է եւ սխալվել ու մտել է: Սա նշանակում է, որ մեծ հավանականությամբ Ադրբեջանը տանուլ կտա, թե հարցը հայտնվի ՄԱԿ-ում՝ կամ սանձազերծած ավանտյուրայի կամ թեկուզ այն չսանձազերծելու, բայց դիմադրելու դեպքում:

-Ռուսաստանի առաջարկած անվտանգության համակարգը մեզ չի գոհացնում, դրա այլընտրանքը Արեւմուտքն է: Արեւմուտքում սպասո՞ւմ են մեզ, եւ պատրա՞ստ են արդյոք ավելին առաջարկել:

-Մեզ նախ անհրաժեշտ է խոսել Ռուսաստանի հետ, հասկանալ այդ երկրի Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ հարաբերությունների մոտիվն ու իմաստը։ Մեզ պետք սկսել հանրային լայն դիսկուրս այս հարցերի շուրջ: «Ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի»: Անցյալից եկած այս հայկական դիցաբանության հեքիաթին անդրադառնալիս պետք է խոսել ոչ միայն անցյալից, այլ հենց ներկա-ապագայից: Կարծում եմ ճիշտ եւ օգտակար կլինի անդրադառնաք այն բանին, թե ինչ կլինի ու չի լինի, եթե ՀՀ-ն որդեգրի քաղաքակիրթ երկրների հետ ընտանիք կազմելու ուղղությունը: Իսկ հարցերը հիմնականում նույնն են: Կհարձակվի՞ Թուրքիան առանց ռուս սահմանապահների: Կմտնի՞ Ադրբեջանը ՀԱՊԿ, երբ մենք դուրս գանք, եւ արդեն այդ համատեքստում ՀԱՊԿ-ի հետ միասին փորձի գրավել Արցախը: Ի՞նչ աստիճանի կըմբոստանան ՀՀ ԱԺ-ում հայտնված 5-րդ շարասյան պարագլուխները քաղաքական վեկտորի փոփոխությունից: Ինչպե՞ս կարելի է անարյուն ազատվել 102-րդ ռազմաբազայից: Կարո՞ղ ենք կամ պե՞տք է ՀՀ տարածքի ռազմական սահմանային վերահսկողությունը փոխարինել այլ երկրի զինվորներով: Ոմանք գիտեն այս հարցերի պատասխանը, ես դեռ վերջնական պատասխան չունեմ։

-Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակը կա, որտեղ Արեւմուտքը շատ ավելի բացահայտ կերպով էր ցուցադրում իր աջակցությունը` քաղաքական, տնտեսական ու որոշակի չափով` նաեւ ռազմական: Բայց, երբ այդ երկրները ռազմական հակամարտության մեջ մտան Ռուսաստանի հետ, Արեւմուտքը լքեց Վրաստանն ու Ուկրաինան: Ինչպե՞ս վստահ լինենք, որ սպառնալիքի դեպքում Արեւմուտքը մեզ կպաշտպանի, եթե դա հակազդեցություն առաջացնի Ռուսաստանի կողմից:

-Իմ համոզմամբ, Ռուսաստանն ինքը պետք է հասկանա, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանների շուրջ առաջացած խնդիրները մեր օգտին չլուծելու դեպքում տուժողը միայն մենք չենք լինելու: Ու այնպես չէ, որ հարցը լուծելու այլ տարբերակներ Հայաստանը չի ունենա, բայց եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը շարունակելու են հայտարարել, թե չեն «լսել» Հայաստանի միջազգային սահմանի խախտման մասին, դեռ իրենց պաշտոնապես չենք «խնդրել» «աղաչել», հարցը պետք է տեղափոխվի կամ ԵԱՀԿ կամ ՄԱԿ ԱԽ, ինչպես Ֆրանսիան է առաջարկել։ Պետք է երկու կազմակերպության տարբերակը լրջագույնս քննարկվի բոլոր առավելություններով ու թերություններով։

-ԱՄՆ-ն, ինչպես եւ ՌԴ-ն ունեն իրենց շահերն ու հետաքրքրությունները: Վերջերս որոշում կայացվեց Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող օգնության մասին ու Հայաստանին հատկացվեց մոտ 24 միլիոն դոլար, Ադրբեջանին`120 միլիոն: Սա ցուցիչ չէ՞, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ Հայաստանի հարեւանների հետ իր քաղաքականությունը պայմանավորել զուտ Հայաստանի շահերով:

-Իսկ ով է ասել, որ ԱՄՆ-ը իր քաղաքականությունը պետք է պայմանավորի Հայաստանի շահերով։ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ն, Հնդկաստանը, Իրանը իրենք քաղաքականությունը պայմանավորում են բացառապես իրենց շահերով եւ մեր պարտականությունն է հարգել այդ շահերը եւ հասկանալ՝ որն է մեր շահը եւ անելիքը։ Սա շատ ավելի հիմնարար հարց է։ Հայաստանը լրջագույն տնային աշխատանք կատարելու անհրաժեշտության առաջ է կանգնած՝ ձեւակերպելու համար Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթ հարցերը եւ դրանց լուծման հասնելու քարտեզը։

Զրուցեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031