Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակո՞ց, փոխհրաձգությո՞ւն, թե՞ պայթյուն․ ի՞նչ է կատարվել Գորիսում

Հուլիս 14,2021 11:53

Ըստ «Առավոտի» տեղեկությունների, հուլիսի 14-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա Հարութ Վարդանյանը։ Վերջինս ստացած վնասվածքների մասին ոչինչ չի ասել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հարութ Վարդանյանը ռեանոմոբիլով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, անհետաձգելի վիրահատության որոշում է կայացվել:

Հինգ րոպեի տարբերությամբ, ժամը 01.35-ին նույն բժշկական կենտրոնից Գորիսի ոստիկանություն հաղորդում է ստացվել «Ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք /1.5-0.5 սմ/ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա Մելիք Բարսեղյանը։ Վերջինս նշել է, որ փողոցում քայլելիս ձեռքին եւ գոտկային շրջանին եղել է պայթյուն:

Արդեն տեղեկացրել ենք, որ կեսգիշերն անց Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների միջեւ վիճաբանություն է սկսվել։

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների, նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ապտակել է Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին, որն էլ հանել է ինքնաձիգը եւ անկանոն կրակոցներ արձակել։ Վիրավորողներից Մելիք Բարսեղյանը Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, իսկ Հարութ Վարդանյանը Կարեն Պողոսյանի ընկերը։

Գորիսեցիները պատմում են, որ նախկին եւ ներկա մարզպետների միջեւ միշտ հակասություններ են եղել ու չի բացառվում, որ այս միջադեպը կապ ունենա դրանց հետ։

Ի դեպ, ըստ Գորիսում շրջանառվող լուրերի, Կարեն Պողոսյանը «ակտիվ, աչքի ընկնող երիտասարդ է եւ գուցե ուզում է Գորիսում վերականգնել նախկին բարքերը։

Մայիս ամսին էլ Գորիսում լուրեր տարածվեցին, որ առեւանգել ու ծեծել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կրտսեր որդուն՝ Կարեն Պողոսյանին, քանի որ վերջինս իր հերթին ծեծել էր Տաթեւի վարչական նախկին ղեկավար Գոռ Մինասյանին։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր դեռեւս աշխատանքի չի գնացել, իսկ հեռախոսազանգերին Պողոսյանը չի պատասխանում։

Ավելացնենք, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչպես նաեւ Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները՝ shamshyan.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031