Գորիս համայնքի նորընտիր ավագանու օրենքի ուժով հրավիրված նոյեմբերի 14-ի նիստը տարբերվեց սովորական նիստերից։ Այն բացելու իրավունքը վերապահվեց Գորիսի հոգեւոր հովիվ Տեր Տիգրան քահանա Հակոբյանին։
Տերունական աղոթքից ու օրհնության կարգից հետո հայտարարվում է 27 անդամից նիստին մասնակցում է 25-ը, եւ երդման համար հրավիրվում է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Կարդացեք նաև
Նորընտիր համայնքի ղեկավարը ամբիոնին է մոտենում Աստվածաշունչը՝ ձեռքին։ «Ես բերել եմ Աստվածաշունչը, քանի որ կարծում եմ պիտի Աստծո առաջ երդվեմ ու աշխատեմ Աստծո կամոք»,-ասաց Առուշ Առուշանյանը։
Նրա խոսքով` 9 տարի աշխատում է, բայց առաջին անգամ է երդվում։ «2 անգամ ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, 3-րդ անգամ համայնքի ղեկավար, բայց կյանքի բերումով առաջին անգամ է, որ երդվում եմ»,-ասաց Առուշ Առուշանյանը։
Առուշ Առուշանյանը շնորհակալ է կառավարությանը՝ համայնքային ծրագրերին աջակցելու համար։ «Առանձնահատուկ շնորհակալ եմ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ մարզում կառուցողական աշխատանքի, մարզը շենացնելու համար»,-իր խոսքն եզրափակեց Առուշ Առուշանյանը՝ մաղթելով, որ Աստծո օրհնությունը բոլորի վրա լինի։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահ է, որ ցանկացած պատասխանատու պաշտոնյայի համար կարեւոր է ժողովրդի վստահությունը։ «Հիմա մենք միանշանակ կարող ենք ասել, որ այն թիմը, որն այս պահից սկսած ստանձնում է Գորիս խոշորացված համայնքի կառավարումը, ղեկավարումը, միանշանակ ունի ժողովրդի ճնշող մեծամասնության վստահությունը, մյուս կողմից էլ՝ արդեն նախորդ փորձից ելնելով, կարող ենք ասել, որ Գորիս համայնքի զարգացմանը խոչընդոտող որեւէ բան գոնե առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք չենք տեսնի»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը:
Ազգային ժողովի պատգամավոր, ծննդով գորիսեցի Արմեն Խաչատրյանի խոսքով էլ գորիսեցին հենց այնպես չի ընտրել Առուշ Առուշանյանին։ «Գորիսեցին Առուշի մեջ տեսավ ինքն իրեն»,-նշեց ԱԺ պատգամավորը։
Նշենք, որ Գորիսի համայնքի 27 մանդատներից 25-ը բաժին է ընկել «Համերաշխություն» դաշինքին, որը կազմում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Գործարար» կուսակցություններն են։ 2 մանդատ տրվել է «Ապրելու քվե» դաշինքին։ Վերջինիս կազմում են «Ապրելու երկիր» ու «Հայկական քվե» կուսակցությունները։
Ավելացնենք, որ կառավարության որոշմամբ, Տեղ ու Տաթեւ համայնքները եւս վերամիավորվել են Գորիս համայնքի կազմում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ




























































