Լրահոս
Օրվա լրահոսը

Չարի վերջը կամ՝ զգուշացեք ագահությունից, դրա վերջը պատիժն է

Հուլիս 15,2021 14:30

Մեր իրավապաշտպան կազմակերպություն է դիմել ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի թիվ 20 տան բնակչուհի Ալվարդ Ղարիբյանը եւ հայտնել, որ իր հարազատ եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը (բնակվող՝ ք. Երեւան, Ն. Չարբախ 7-րդ փողոցի, 7-րդ նրբ. թիվ 10 տանը), հոր՝ Սարիբեկ Ղարիբյանի մահից հետո, լինելով իր հետ միասին առաջին հերթի ժառանգ, ինչ-ինչ պայմաններում դարձել է միակ ժառանգորդը Երեւանում եւ Վարդենիսի Սոթք գյուղում գտնվող ամբողջ ժառանգական գույքի նկատմամբ։

Մեր կողմից կատարված իրավական վերլուծության արդյունքում պարզեցինք, որ դիմումատուի կողմից նշված փաստերը համապատասխանում են իրականությանը, կատարվել է անօրինական հանցավոր գործարք ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նոտարական տարածքի նոտար Գրիգոր Սարգսյանի հետ, նոտարի գործողությունները եւս եղել են անօրինական, նա կատարել է հանցավոր անփութություն, ինչը պատժելի արարք է նախատեսված ՀՀ քրեական օրենսդրությամբ։

Դիմումատուն իր այս պնդումները հիմնավորել է հետեւյալ իրողությամբ: Դիմումատուի հայրը՝ Սարիբեկ Ղարիբյանը, մահացել է 15.02.2008թ.: Հանդիսանալով առաջին հերթի ժառանգ, հոր մահից հետո 6 ամսվա ընթացքում, 08.08.2008 թ. իրեն հասանելիք ժառանգությունն ստանալու համար հայտարարություն է տվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նոտարական տարածքի նոտար Գրիգոր Սարգսյանին։ Հետագայում, տարիներ անց, պարզել է, որ ամբողջ ժառանգական գույքը՝ Երեւան, Ն. Չարբախ 7-րդ փողոցի 7-րդ նրբանցք, տուն 10 հասցեում գտնվող անշարժ գույքը ամբողջությամբ նույն նոտարական գրասենյակի նոտարի կողմից, որպես ըստ օրենքի ժառանգություն, ձեւակերպվել է եղբոր՝ Սամվել Ղարիբյանի անունով, 18.06.2013 թ. նրան տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (հիմք ՀՀ ԱԳԿԿ կողմից 11.06.2019 թ. տրված N ԱՏ-07/06/2019-1-0274 տեղեկանքը):

Դիմել ենք ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ ԱԳԿԿ կողմից ստացված N ԱՏ-12/06/2019-1-0486 եւ N ԱՏ-07/06/2019-1-0274 տեղեկանքների համաձայն ժառանգատուին սեփականության իրավունքով պատկանել է Երեւան, Ն. Չարբախ 7-րդ փող. 7-րդ նրբ. թիվ 10 տուն հասցեի անշարժ գույքը եւ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի 1-ին խճուղի 38 հասցեի անշարժ գույքը:

Ելնելով դիմումատու Ալվարդ Ղարիբյանի կողմից ներկայացված փաստաթղթերի բովանդակությունից, հետեւում է, որ Վարդենիսի նոտարական տարածքի նոտար Գրիգոր Սարգսյանի կողմից անփութության միջոցով կատարվել է անօրինական հանցավոր գործարք, ամբողջ ժառանգական գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել Սամվել Ղարիբյանին։ Հետագայում, այդ վկայագրի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ Սամվել Ղարիբյանի անվամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում։
Ողջամիտ կասկած կար, որ Սամվել Ղարիբյանի կողմից նույնպես կատարվել է անօրինական հանցավոր գործարք նոտարի հետ, քանի որ նույն նոտարը դիմումատուից մինչ այդ ընդունել է հայտարարություն ժառանգությունն ընդունելու վերաբերյալ, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կատարվել է կեղծիք, կեղծվել են փաստաթղթեր, որը հետագայում հանգեցրել է ծանր հետեւանքների, քաղաքացին զրկվել է իրեն հասանելիք ժառանգական գույքից։

Ելնելով վերոգրյալից եւ կատարված անօրինականությունից՝ մեր իրավապաշտպան կազմակերպության կողմից դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազին, ներկայացրեցինք հաղորդում հանցագործության մասին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հատկանիշներով, կատարել օբյեկտիվ նախաքննություն, պարզել գործի բոլոր հանգամանքները, կիրառել համաչափ պատիժ։

Օրերս ՀՀ Վարդենիսի ոստիկանության բաժնի հետաքննության բաժանմունքից մեզ տեղեկացրեցին, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի հատկանիշներով (փաստաթղթի կեղծում) հարուցվել է քրեական գործ, գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժին, վարվում է նախաքննություն։

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ
ԻՀՄԱ նախագահ, իրավապաշտպան

Հ.Գ. Հաշվի առնելով գործի բարոյահոգեբանական կողմը, նաեւ այն փաստը, որ գործով անցնողները հարազատ քույր եւ եղբայր են, բարեհոգության կանոնները պաշտպանելով, նախքան ՀՀ գլխավոր դատախազին դիմելը, գրավոր դիմեցինք մեր կազմակերպության կողմից Սամվել Ղարիբյանին, որպեսզի հարցը լուծվի արտադատարանական եղանակով եւ վերջապես օրենքը եւ բարոյական նորմերը ոտնահարող անձը հետ գա, հասկանա իր արածի անօրինականությունը եւ անմարդկայնությունը, ուղղվի, կամավոր հետ վերադարձնի քրոջ հասանելիքը, որին ինքը տիրացել է անօրինաբար։ Մենք առաջարկել էինք մեկամսյա ժամկետում պատասխանել, պահպանելով բարեհոգության նորմերը, հաշվի առնելով, որ քույր ու եղբայր են… Բայց, ինչպես ասում են՝ արգելվածը կամ գողացվածը ավելի քաղցր եւ գայթակղիչ բան է։ Բայց դրա վերջը այնքան էլ բարի չէ։ Ագահությունը լավ բանի չի կարող հանգեցնել։

Սույն գործով՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով զուգահեռաբար հայցադիմում ենք ներկայացրել նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Առաջիկա օրերին կներկայացնեմ դատարանում ընթացող հետաքրքրաշարժ նիստերի, փաստաբանի եւ դատավորի անհասկանալի վարքի եւ դրանց տրամաբանության մասին։

«Առավոտ» օրաթերթ
14.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031