Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի քանդակագործի զայրույթը, դատախազության պատասխանն ու օգտատերերի մեծ զարմանքը

Հուլիս 19,2021 22:45

Գյումրու «Երիտասարդական» զբոսայգու տարածքում «Դոմուս»-ի պահեստի կառուցվող շենքի շուրջ քննարկումները չեն դադարում․ գյումրեցի մտավորականները չեն կարողանում զսպել իրենց զարմանքն ու զայրույթը քաղաքի կանաչ գոտին իրենցից խլելու, քաղաքի բանուկ հատվածն «անֆասոն, անճոռնի» դարձնելու համար։

Առավել մեծ ցավ ապրում է այնտեղ տեղադրված «Ավետաբեր» արձանի քանդակագործը՝ Սամվել Պետրոսյանը, որն այգու հիմնադիրներից է։ Արձանը տեղադրվել է 1981 թվականին, ճարտարապետը Ռաֆայել Եղոյանն է, որը քանդակագործի ներկայացմամբ՝ ևս կատեգորիկ դեմ է կանաչ գոտին պահեստի վերածելուն։

«Այգիները թոքերն են տվյալ քաղաքի։ Քաղաքաշինական առումով էլ սա լրիվ զրո մոտեցում է, սա հանցագործություն է, ոչ թե մոտեցում է։ Այն ժամանակ մենք ունեինք Բարեկամության այգին ու Գորկու այգին, բայց Դոնարա Ասքանազովնան Կարեն Սերոբիչի մակարդակով որոշեցին այս տարածքում հիմնել Երիտասարդական այգին՝ «Ավետաբեր» անվան տակ։

«Ավետաբեր»-ը երիտասարդության, ուժի, գեղեցկության արձանն է, տեղադրեցինք, որ ջահելության իղձերն ու երազանքներն իրականանան։ Հետո էլ այդ նույն երիտասարդությունը 2018 թվին հեղափոխություն արեց, երկիր հեղափոխեցին, բայց ես երբ եմ տեսել այդ հեռանկարը, ոչ թե քաղաքականապես, այլ ընդհանրապես»,-ասաց քանդակագործը։

Քանդակագործի պատմելով, 2020 թվականի մարտի 19-ին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը իրեն հրավիրել է քաղաքապետարան՝ հարցնելով, թե արձանն ի՞նչ է լինելու։ Քանդակագործն էլ, քաղաքի մյուս բնակիչների պես անտեղյակ լինելով, որ հողը վաճառել են, պնդել է, որ արձանը իր տեղում պիտի մնա, այգին էլ պիտի բարեկարգվի։

«Դեռ այս տարածքը փորած չէր, Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ բարեգործ էինք գտել, նա պիտի գար, հետո վիրուսը, պատերազմը մի քիչ մեր ծրագրերը փոխեցին, անհամար էր այդ ժամանակ ընկնեինք աշխատանքի պրոցեսի մեջ։ Մենք բարեգործին գտանք, բայց իրենք այստեղ սկսեցին շինարարություն՝ գիշեր-ցերեկ աշխատել ու այգու 50 տոկոսն ավիրեցին։ Ո՞վ է իրավունք տվել կանաչ գոտին ավիրել, էս ի՞նչ եք անում էս քաղաքի հետ»։

Քանդակագործը զայրանում է, որ իր հեղինակային արձանն անվանում են Զոյա, երբ իրական անունն «Ավետաբեր» է։ Նա նշում է, որ սա իր առաջին աղջիկն է՝ հոգևոր աղջիկը։

Ըստ քանդակագործի, քաղաքի գլխավոր ճարտարապետը հեռու է ամեն ինչից, արձանի անունը նշված է հանրագիտարանի մեջ, տարել, ցույց է տվել, նոր միայն պաշտոնյան տեսել է անունը։

Ըստ քրեական գործի, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը:

Քանդակագործն ասում է․ «Դա նորմալ է, հանգստի գոտի է, կարող էր այստեղ սրճարան լինել, սրճարանը հո էս ահեռլի կառոպկեն չէր, սա սաղ քաղաքին է խփում, մենակ իմ գործին չէ։ Խայտառակություն է, թող մի 100 մետր հեռու դնեին, ծայրամասերում դնեին պահեստները, որ մեքենաները գան ու մտնեն։ Հետո կարմիր գծի վրա է դրված, տեսեք կողքի շենքն ինչքան հեռու է կառուցած։ Բացարձակ անգրագիտություն է, վերջը քաղաքաշինական նորմեր գոյություն ունեն»։

Նա նաև նշում է, որ Սևանի ճանապարհին գտնվող արձանը, որը կոչվում է «Արձագանք», ինչպես նաև Դավիթ Բեջանյանի ճանապարհաշինարներին նվիրված արձանը վերականգնելու համար Նիկոլ Փաշինյանը 400 միլիոն դրամ է տրամադրել։

«Էնտեղ վերականգնում են, էստեղ ավիրում, ինչպե՞ս հասկանանք»,-հարցնում է քանդակագործը։

Ինչպես նշել ենք, «Առավոտ»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ էր հարուցվել, որից տեղեկանում ենք՝ 3.000ք/մ մակերեսով տարածքը կանաչ գոտի է, այն չեն կարող սեփականության իրավունքով փոխանցել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց։ Այդուհանդերձ Գյումրու քաղաքապետարանը 2018թ. մարտի 19-ին ուղղակի վաճառքի միջոցով 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին: Երկու օր անց էլ ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում գրանցվել է այդ հողամասի նկատմամբ ավագանու տվյալ անդամի սեփականության իրավունքը:

Ավագանու անդամն էլ մեկ տարի անց գերշահույթ է ստացել՝ 2019թ. մայիսի 5-ին հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարելով «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո Գյումրիի համայնքապետարանի կողմից այդ ընկերությանը տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն:

Ըստ քրգործի, հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը: Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն։

Մենք նաև անդրադարձել ենք, որ չնայած հարուցված քրեական գործին՝ հետևողականություն չի ցուցաբերվում շինաշխատանքները կասեցնելու։ Իսկ շինաշխատանքներն այնպիսի թափով են ընթանում, որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք չեն էլ կասեցվելու ու պահեստը քաղաքի բանուկ հատվածում այդուհանդերձ լինելու է։

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է նաև մեր այս հրապարկմանը, ավելի ճիշտ՝ քննադատությանը՝ պարզաբանելով հետևյալը

«Քրեական գործի հարուցումը, այն էլ պաշտոնեական հանցագործունեության հատկանիշներով, չի կարող ինքնին մասնավոր ընկերության կողմից շինարարական աշխատանքների դադարեցման հիմք հանդիսանալ:

Հուլիսի 8-ին քրեական գործը հարուցվելուց հետո կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ: Գործով էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու, այդ թվում նաև շինթույլտվության և շինարարության իրականացման օրինականության պարզման նպատակով, վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել մասնագիտական ստուգում նշանակելու, Գյումրու համայնքապետարանից հիշյալ տարածքի օտարման, շինթույլտվություն տալու հիմք հանդիսացած փաստաթղթերն առգրավելու մասին:

ՍՊ ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելու կամ ընթացող շինարարական աշխատանքների ընթացքը կասեցնելու հարցը քննարկելու համար նախաքննական մարմնի կողմից դեռևս 16.07.2021թ.-ին գրություն է հասցեագրվել Գյումրի համայնքի ղեկավարին: Ըստ վերոնշյալ գործողությունների արդյունքում ձեռքբերվող համապատասխան փաստակազմի, ապացույցների, հիմքերի, իրավական գնահատականներ տալու պայմաններում միայն քրեական գործի շրջանակներում կարող են պարտադիր կերպով դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկվել շինարարությունը կասեցնելու ուղղությամբ»:

Դատախազության պաշտոնական այս պատասխանը զարմացրել է այս հարցով մտահոգ գյումրեցի մտավորականներին։

Նրանց մեկը՝ Կարեն Պետրոսյանը, որի գլխավորած բուհը «Դոմուս»-ի պահեստին գրեթե հարակից է, գրել է․ «Օգնեք հասկանանք, հիմա վերջը դատախազը կարող է կասեցնել, թե՞ ոչ, քաղաքապետարանը հավես ունի, թե՞ չունի պատասխանելու, մնացած պաշտոնատար անձինք բունկերից ծպտուն հանելու են, թե՞ ոչ։

Հ.Գ. Ով այնպիսի սուտ կասի, որ իրավիճակը չի պատկերացնում, ստատուսիս կեսը կտամ իրան։

Aravot.am շնորհակալություն ձեր կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար, միայն թե այդպես էլ չհասկացանք հաղորդագրության իմաստը..»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031